ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

www.anunner

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Անկախությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, Աստծու շնորհի նման էր, որովհետև ոչ ոք, նույնիսկ Ազատության հրապարակում տարիներով հանրահավաքների մասնակցողներս, հակակայսերական կոչեր անողներս, չէինք պատկերացնում, որ ԽՍՀՄ կայսրությունն այդպես միանգամից, այդպես անակնկալ կփլուզվի: Այնուհետև` մութ, ցուրտ, քաղց, պատերազմ, օգնության լոբի ու նավթ Դժվար սկսվեց, հեշտ չի ընթանում, բայց կա՛, մե՛րն է, դարեր անց, վերջապե՛ս, և չե՛նք կորցնելու: Դժգոհություններ ունենք, ինչ-որ բան այնպես չգնաց, դանդաղ է զարգանում, երբեմն կանգ է առնում` տեղապտույտ տալիս, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, բնական է` ուզում ենք արագ լինի, շուտ տեսնենք մեր ու մեր նախնիների երազած երկիրը, սակայն պարզվում է` դժվարին աշխատանք է, մեծ ճիգեր են պահանջվելու, ողջամտություն, զգուշություն նաև, որովհետև անվտանգությունն ամենակարևոր առաջնահերթությունն է, այս վերջինն ինչու եմ շեշտում` որովհետև ոմանք տարաշխարհիկ կերակրամանների շահերին ավելի են ծառայում, քան սեփական հայրենիքի իրական շահերին: Ուստի՝ ողջամտություն, աշխատանք, համբերություն, նվիրվածություն, անկեղծ սեր, և մեր զավակներն ու թոռները հաստատ իրականացված կտեսնեն Երկիր Նաիրիի երազանքը: