ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

search

Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ
Մեզանից քանիսը նրան նայեց հարազատ որդու պես, քանիսը բռնեց տրտմտացող նրա ձեռքից ու քանի՜-քանիսը` միայն հենց էնպես, կողքից… Ճիշտ այն հարևանի պես, որ մեկ-մեկ հանդիպելիս կոնֆետ է տալիս, գլուխը շոյում ու արագ անցնում: Որովհետև էդպես ավելի հեշտ է: Առանց պատասխանատվության: Որովհետև կարծում է, որ ինքը չէ, որ պիտի զբաղվի նրանով, սովորեցնի, ուղղի նրա սխալները: Մեկ է, ինչ էլ լինի` նա կմեծանա: Ու մի օր էլ տեսնում է ջահել-ջիվանին` 25 տարեկան: Ու նույն հարևանցիությամբ, սառնասրտորեն ու չեզոքությամբ սկսում քննախուզել նրան…
Ես ուզում եմ, որ բոլորս սիրենք նրան` իր սխալներով հանդերձ: Հավատանք նրան, որովհետև նրա ձեռքբերումներն ու հաղթանակները քիչ չեն… Որովհետև նրան հավատալով՝ մենք հավատում ենք ինքներս մեզ, մեր վաղվա օրվան, մեր որդիների, թոռների ու ծոռների երազած երկրին…
Եկեք մի պահ կանգ առնենք ու, առանց նախապայմանների, առանց համեմատությունների, անկեղծորեն հարցնենք ինքներս մեզ, որքան էլ որ դա դժվար լինի. վերցնելուց բացի, ի՞նչ տվեցինք նրան, արդյոք դա մեր ուժերի ներածին չափո՞վ էր, արդյոք հենց այդքա՞նը կարող էինք տալ կամ հենց այդքա՞նը կտայինք մեր զավակին` նոր կյանք մտնող…
Իմ թվաբանությունն այսպիսին է. «Նվիրումդ բաժանիր Անկախության վրա: Եթե այն ավելի մեծ է, Հայրենիքն ստացվում է 1 ամբողջականից ավելի մեծ…»: