«Մեկնարկը Տավուշի մարզում»

books1

Ավանդույթ է Մանկապատանեկան գրականության շաբաթվա մեկնարկը հանրապետության մարզերում կազմակերպելը, որը ոչ միայն ընդարձակում է տոնի աշխարհագրությունը, այլև հոգևոր նոր լիցքեր է հաղորդում հեռավոր շրջանների մշակութային իրականությանը: 2014 թ. Մանկապատանեկան գրականության շաբաթի մեկնարկը Տավուշի մարզում էր: Գրողների պատվիրակությունը` Երվանդ Պետրոսյան, Սաթենիկ Ղազարյան, Լյուդվիգ Կարապետյան, Լիպարիտ Սարգսյան, Ռուզան Ասատրյան, Անուշ Վարդանյան, «Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյան, Կորյուն Առաքելյան, Վառլեն Ալեքսանյան, Սամվել Կոսյան, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, առաջինը հանգրվանեց Դիլիջանում: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ընդունելով գրողներին, նրանց ծանոթացրեց քաղաքի տնտեսական և մշակութային կյանքին, զարգացման հեռանկարներին: Գրողների համար հաճելի անակնկալ էր, որ Դիլիջանում բացակայում է արտագաղթը: Այնուհետև գրողները հանդիպեցին տեղի ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ: Հետաքրքիր ու բովանդակալից երկխոսությունը գրողների ու ընթերցողների միջև սկսված էր: Հանդիպումը ջերմ էր, մթնոլորտը՝ հոգևոր ու բանաստեղծական: Հաջորդ հանգրվանն Իջևանն էր: Գրողների պատվիրակությանն ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով բարձր գնահատելով Մանկապատանեկան գրականության բացումը Տավուշի մարզում կազմակերպելու ՀԳՄ նախաձեռնությունը, կարևորեց մշակույթի ու գրականության դերը սահմանամերձ շրջանի մարդկանց հոգևոր կյանքը հարստացնելու, նրանց մարտական ոգին առավել հզորացնելու գործում: Էդ. Միլիտոնյանը առաջարկեց Տավուշի մարզում Վախթանգ Անանյանի անվան մրցանակ սահմանել, ինչին մարզպետ Ղուլարյանը սիրով համաձայնեց: Առաջարկվեց նաև որպեսզի թշնամու հետ ամենաերկար սահմանը ունեցող մարզի ժողովուրդը, ովքեր իրենց գոյությամբ արդեն իսկ այդ սահմանների պաշտպանն են, ավելի շատ առիթներ ունենան ապրելու լիարժեք հոգևոր միջավայրում: Այնուհետև հանդիպումը Իջևանի թիվ 1 դպրոցում էր: Այստեղ Երևանից ժամանած գրողների պատվիրակությանը միացան նաև ՀԳՄ Տավուշի բաժանմունքի անդամներ Սամվել Բեգլարյանը, Զավեն Պետրոսյանը, Ալիսա Հասանյանը, Թելման Մայիլյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գրողներին, մեկ անգամ ևս կարևորեց Մանկապատանեկան գրականության շաբաթվա նշանակությունը, միջոցառում, որ կոչված է գրող-ընթերցող հանդիպումների ժամադրավայր լինել: Գրողները ներկաների համար կարդացին իրենց ստեղծագործություններից: Բանաստեղծական ընթերցումներով հանդես եկան նաև աշակերտները: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Բոլորն էլ համակարծիք էին, որ նման հանդիպումները, ցավոք, սակավաթիվ են, հազվադեպ, մինչդեռ անմիջական հանդիպումը սիրված ստեղծագործությունների հեղինակների հետ վերածվում է անմոռանալի տոնի, տոն, որը շարունակվում է հետագա ամբողջ կյանքում: