ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ

IMG_5395

ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵ
Խոր ցավով ու կսկիծով իմացանք լիտվացի անվանի բանաստեղծուհի, թարգմանչուհի, հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի մահվան մասին: Մարիտե Կոնտրիմայտեն, կարելի է ասել, Հայաստանի մշակութային դեսպանն էր Լիտվայում: Ընդգրկուն էր նրա գործունեության ծիրը, որը վկայում է հայ և լիտվացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հոգենկարագրի ու մտախառնվածքի ընդհանրությունը: Ապագայի լավագույն երազանքները Մարիտեին բերեցին Հայաստան: 1971 թ. Լիտվայի գրողների միությունից նրան առաջարկել են ուսումնասիրել ԽՍՀՄ տարածքում ապրող ազգերի լեզուներից մեկը: Մարիտեն առանց երկմտելու ընտրել է հայերենը ու եկել Հայաստան: Այնուհետ նրա ընդվզումն ու պայքարը հայի համար էր, հայերենի և Հայաստանի: Հայոց լեզվի, նաև գրաբարի հմուտ իմացությունը Մարիտեին ոգեշնչել է այնքան, որ նա լիտվերեն է թարգմանել Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Ե. Չարենցի, Ս. Խանզադյանի, Հ. Մաթևոսյանի, Գ. Էմինի, Պ. Սևակի, Դ. Հովհաննեսի, Հ. Գրիգորյանի, Վ. Գրիգորյանի, Էդ. Միլիտոնյանի և այլոց ստեղծագործությունները: Մարիտե Կոնտրիմայտեն 1992 թ. հիմնել է «Լիտվա-Հայաստան» ընկերությունը, որի շնորհիվ կազմակերպում և իրականացնում էր բարեգործական օգնություն Արցախին: Ըստ էության նա դարձավ հայ ժողովրդի պաշտպանն ու ջատագովը: Հայերի համար ամենաճակատագրական օրերին ևս նա մեր կողքին էր: Որպես Լիտվայի խորհրդարանի անդամ Մ. Կոնտրիմայտեն մեծ դերակատարություն է ունեցել Խորհրդարանի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Գրական-թարգմանչական գործունեության համար նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին: Երախտապարտ Գյումրին և գյումրեցիները համամարդկային խնդիրներով ու հայի ճակատագրով ապրող Մարիտե Կոնտրիմայտեին 2015 թ. շնորհել են «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում և «Գյումրու երախտավոր» տիտղոսը՝ 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո Գյումրի քաղաքի և նրա բնակիչների հանդեպ դրսևորած սրտացավ վերաբերմունքի, ցուցաբերած բարոյական և նյութական մեծ օգնության ու աջակցության համար: Մենք գլուխ ենք խոնարհում մեծ մարդու, մեծ մտավորականի և մեծ հայագետի հիշատակի առջև:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ
ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ