Մամլո ասուլիս

groxneri_miutyun

Հունիսի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի մամլո ասուլիսը` նվիրված ՀՀ գրողների միության 80-ամյակին: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ՀԳՄ-ի 80-ամյակի առիթով ԳՄ-ում մի շարք միջոցառումներ են նախատեսվել: Մասնավորապես` հուլիսի 2-ին Միության շենքում կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ` առաջին հերթին Միության անդամ գրող-գեղանկարիչների ցուցահանդես: Լինելու է նաև գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանի` ժամանակակից և դասական գրողների դիմանկարների ցուցահանդես, կներկայացվի նաև ԳՄ-ի նախկին նախագահների լուսանկարների շարքը: Կլոր սրահում տեղի կունենան մի շարք գրական հանդեսների և գրքերի շնորհանդեսներ: Նա նշեց, որ վերջին ամիսներին հրատարակվել են ժամանակակից գրողների երկեր թարգմանաբար` Բելառուսում, Սլովենիայում, իսկ Սերբիայում` ամսագիր, որտեղ ներգրավված էին ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները: Լույս է տեսել սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի գիրքը Հայաստանի մասին: Հուլիսի 2-ից նորովի կգործի ՀԳՄ-ի թարմացված կայքը:

Հուլիսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կկայանա հոբելյանական երեկո` նվիրված՝ ՀԳՄ 80-ամյակին, որը, ակնկալվում է՝ կլինի ոչ միայն անցյալի արժևորման ու գնահատանքի առիթ, այլև նոր ստեղծագործական լիցք կհաղորդի Միության հետագա աշխատանքներին:

ՀԳՄ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին` անդրադառնալով Գրողների միության ներքին կյանքին և գիրք-ընթերցող հարաբերություններին: