Հնարավորություն ՝ առնչվելու պարսկական մշակույթին

Հնարավորություն ՝ առնչվելու
պարսկական մշակույթին
Հունիսի 2-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Իմաստախոսությունների գիրք», «Հիսուն իրավունք ըստ Ալի Էբն Հոսեյնիի» և Մոլավիի «Մասնավիի պատումներ» (4-րդ) գրքերի շնորհանդեսը:
Իրանցի գրող Ռեյշահրիի «Իմաստախոսությունների գիրք» (թարգմ.՝ Վրեժ Փարսադանյան) աշխատությունում անդրադարձ է կատարվում մարդու մահվանը, հոգու համբարձմանը, աշխարհի վախճանին, ահեղ դատաստանի օրվան, հարության անխուսափելիությանը և այլ երևույթների: «Հիսուն իրավունք ըստ Ալի Էբն Հոսեյնիի» (թարգմ.՝ Ժորժ Աբրահամյան) գիրքը իրավունքի մասին է իսլամի տեսակետից: Մոլավիի «Մասնավիի պատումներ» (4-րդ) գիրքը (թարգմ.՝ Էմմա Բեգիջանյան) իսլամական իմաստասիրության ոլորտում չափածո կարևոր ստեղծագործություններից է, որտեղ իսլամական միստիցիզմն ու փիլիսոփայությունը բանաստեղծության զգացական ձևաչափով ներկայացվում են համամարդկային մշակույթին: Գրքերը հրատարակվել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ գրական կապերը: Փաստելով, որ երեք գրքերը ամբողջացնում են մի իմաստասիրության գրականության խորապատկերը, նա մասնավորապես անդրադարձավ Մոլավիի «Մասնավիի պատումներ» հատորին. «Մոլավիի ամեն մի խոսքը, ամեն մի պակերը իր մեջ հսկայական իմաստություն է կրում, որ, կարծում եմ, յուրաքանչյուր մարդու է անհրաժեշտ իմանալ դա»:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Մաջիթ Մեշքին համառոտ ներկայացրեց գրքերը և դրանց թարգմանիչներին:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյսին գրքերի հրատարակումը համարելով գեղեցիկ աշխատանք, որն իրականացվել է ՀԳՄ-ի, մշակութային կենտրոնի, թարգմանիչների հետ համատեղ, ընդգծեց. «Պարտական ենք այն գրողներին, ովքեր կարողացել են մեծերի մտքերը, գաղափարները, մտորումները գրի առնել և փոխանցել հետագա սերունդներին՝ հասարակություններին ուղղորդելով դեպի երջանկություն, բարեբախտություն»:
ԻԻՀ առաջնորդի հաջջի ուխտագնացության հարցերով ներկայացուցիչ Հոջջաթ օլ Էսլամ Վալ Մոսլեմին Ղազի Ասքարը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակություն կունենա, և փոխադարձաբար կթարգմանվեն երկու երկրների ստեղծագործությունները, համատեղ աշխատանքներ կկատարվեն մշակույթի բնագավառում:
Ըստ «Իմաստախոսությունների գրքի» խմբագիր Նվեր Սարգսյանի՝ «Այս գիրքը ոչ թե իրարից հեռանալու, այլ մոտեցնելու յուրատեսակ փորձ է և ընդհանուր բարեկամության ձեռք, որ մեկնվում է կրոնների միջև»:
Թարգմանիչ Վրեժ Փարսադանյանի հավաստմամբ՝ գրքի 7 գլուխներից ամեն մեկն ունի յուրահատուկ արժեք, նպաստում է երկու կրոնների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանն ու քրիստոնեության և իսլամիզմի ճիշտ ընկալմանը:
Մոլավիի «Մասնավիի պատումներ» 4-րդ գրքի խմբագիր Հովիկ Վարդումյանը արժևորեց թարգմանչի՝ Էմմա Բեգիջանյանի աշխատանքը, ով կարողացել է հավատարիմ մնալ հեղինակի տեքստին, բառապաշարին, ոգուն:
Թարգմանական գործի մեծ պատասխանատվության մասին խոսեց թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը:
«Հիսուն իրավունք ըստ Ալի Էբն Հոսեյնիի» գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը այս գրքերը կարևորեց հատկապես իրանագետների համար:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ