ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ

99

(4 հուլիսի 2014 թ.)

Հարգարժան պարոն Միլիտոնյան, Գրողների միության հարգելի անդամներ, տիկնայք և պարոնայք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ:

Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում: Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում:

Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ և ամենակարևորը՝ քաղաքացի:

Ամեն դարաշրջան ծնում է իր հերոսներին և նվիրյալներին: Ամենևին էլ պատահական չէ, որ անցյալ դարի 30-ական թվականների սկզբի դժվարին շրջանում Միության ստեղծման ակունքներում էին հայրենի գրականության այնպիսի երախտավորներ, ինչպես՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ:

Նրանց ստեղծած գրական ավանդույթները շարունակվել և զարգացել են հետագա մի շարք տաղանդավոր սերունդների կողմից ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո: Շնորհակալ եմ, որ դուք արժանապատվորեն շարունակում եք այդ հարուստ ավանդույթները:

Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով: Ձեր առջև դրված խնդիրները և՛ հին են, և՛ նոր: Հին են, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին: Նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր: Ձեր խնդիրն է գեղարվեստականորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը: Համոզված եմ, որ Հայաստանի գրողների միությունը իր ստեղծագործական ներուժով՝ ի դեմս բանա­ստեղծների ու արձակագիրների, գրաքննադատների և գրականագետների, ձեռնամուխ կլինի այս բարձր առաքելության իրականացմանը:

Վստահ եմ, որ չնայած նոր տեխնոլոգիաների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աննախադեպ զարգացմանը, տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի ամենասպասված ու հավատարիմ ուղեկիցը, կնպաստի նրա մտավոր ու հոգևոր աշխարհի հարստացմանը, մեր երկրի ու պետության արժանավոր քաղաքացու դաստիարակմանը:

Հարգելի՛ գրողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր հոբելյանի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Շնորհակալություն: