ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը ՀԳՄ 80-ամյակի առթիվ

photo

 

Հարգելի բարեկամներ,

ի դեմս ձեզ՝ շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության բոլոր անդամներին՝ ստեղծագործական հարուստ ավանդույթներ ունեցող այս ընտանիքի 80-ամյակի առթիվ:
Գրողների միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է ոչ միայն հայ գրականության, այլեւ ընդհանրապես մեր մշակութային կյանքում: Որեւէ ժողովրդի գնահատելիս առաջնային նշանակություն են ստանում նրա ստեղծած մշակույթի եւ արվեստի գործերը, որոնք նրա ներաշխարհն եւ հոգեկերտվածքը բնութագրող մնայուն հարգադրոշմն են: Որպես հասարակության ինքնատիպ մտածելակերպ ունեցող շերտ՝ անգամ արժեհամակարգերի ձեւախեղման, արժեքների վերագնահատման գործընթացների ժամանակ գրողներն իրենց ասելիքի մեջ առավելապես կարողացել են հավատարիմ մնալ ճշմարիտ խոսքին ու սթափ մտածողությանը, ոգեշնչող գործեր ստեղծելով հանդերձ՝ չտրվել անտեղի ոգեւորության, հասարակական ակտիվության զարկերակը զգալով հանդերձ՝ չվազել սին փառքի հետեւից:
Ի պատիվ Հայաստանի գրողների միության, պետք է ասել, որ տարբեր սերունդների միավորող այս արարող միջավայրում տարիներ շարունակ ծնվել ու շարունակում են ծնվել միտք ու գրականություն, պատմություններ մարդու, կյանքի եւ ժամանակի մասին՝ ընթերցողին հասնելով տարբեր ժանրերով ու հնչերանգով, բայց միեւնույն՝ հոգեպես ու բարոյապես հարստացնելու, դաստիարակելու եւ սնուցելու առաքելությամբ: Հետեւաբար, գրողների միության հոբելյանը ոչ միայն գրողների, այլ նաեւ ընթերցողների տոնն է:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն:
Թող ոգեշնչումը երբեք չլքի ձեզ՝ ծնունդ տալով նոր ստեղծագործական հաջողությունների: