«ՀԳՄ վարչությունը շնորհավորում է Ռ.Հովսեփյանին -75»

ԱՆՏԱՌԻ ՏՂԱՄԱՐԴ ԾԱՌԸ
(«Գրական թերթ», 1999)
(15 տարվա վաղեմության այս հոդվածը գալիս – հանդիպում է
գրողի այս օրվա հոբելյանին)
Ռուբեն Հովսեփյանը «Անտառային դասեր» վերնագրով մի հիանալի պատմվածք ունի, որը համեստորեն անվանել է ակնարկ: Այս դեպքում, սակայն, կարևորը ժանրային սահմանումը չէ, այլ պատմվածքի (կամ ակնարկի) հերոսներից մեկի այն միտքը, թե «անտառին տղամարդ ծառեր են պետք»:
Գրականությանը նույնպես, ավելացնենք հիմա, որովհետև հասցեն, ըստ իս, միանգամայն ճշգրիտ է,- Ռուբեն Հովսեփյան գրողն ու մտավորականը, ով և, ինչպես պարզվում է, դարձել է 60 տարեկան՝ ավանդաբար զարմացնելով թե՛ մեզ, թե՛ իրեն:
Ժամանակը միշտ էլ լրացուցիչ իմաստ է տալիս գրողի ճանապարհին, ինչպես շրջանակ, որի մեջ ամբողջանում է գեղանկարչի կտավը: Ռուբեն Հովսեփյանի ճանապարհը ի սկզբանե սքանչելիորեն անաղմուկ էր, բայց ներկայությունը, դարձյալ ի սկզբանե, հաստատ ու հիմնավոր: Նրա սերունդը մեր նոր գրականության հարստությունն է, արդեն լեգենդ դարձող վաթսունականների և հետագա տասնամյակների կենսագիրը, ժամանակներ, որոնց մեջ ապրած մարդուն ճանաչում ու հասկանում ենք հենց այդ սերնդի գրքերը բացելով:
Ռուբենն ամբողջովին այդ սերնդինն է, բայց նախ և առաջ իրենը ու նաև մերը: Գրականության մեջ նա ապրել է մի երկար ու հրաշալի օր և հասել այն գեղեցիկ սահմանագծին, երբ ազնիվ ու խորը մտքի, արվեստի ու տաղանդի տեր մարդը հայտնագործում է իր նվիրական որդան կարմիրը:
Ռուբենի որդան կարմիրը գրողի իր անհատականությունն է: Սա նշանակում է, որ այն, ինչ որոնում է գրողը ամբողջ կյանքում, հենց իր մեջ է: Պարզապես տարածություն ու կենսագրություն է պետք, որ նկատենք ու իմաստավորենք ակնհայտը, պետք է, որ գիրն ու ճակատագիրը աստիճանաբար միավորվեն ու համոզեն մեզ իրենց ամուր ներդաշնակությամբ:
Ռուբեն Հովսեփյան գրողը գրքից գիրք հյուսել է սիրո, հիշողության, հավատարմության ու խղճի պատմություն, որը նաև դժվար ապրող հայի պատմություն է: Նրա հերոսները իրենց հողի, հիշատակների ու երազանքների շարունակությունն են, որ ժառանգաբար գտել են իրենց միակ ու ամենատաք երկիրը և չեն դավաճանում նրան, թեև այդ երկրում հաճախ լինում են սաստիկ ցրտեր:
Սա գրականությունն է – առնական, քնարական, անշտապ, երբեմն դառը ու միշտ լուսավոր, բնակեցված հրաշալի մանուկներով ու ծերունիներով, որոնք կյանքի ազնիվ ճշմարտությունների սկիզբն են ու բյուրեղացումը, հենց բյուրեղացումը, որովհետև «վախճան» բառը գրելը անպայման վրիպում կլիներ:
Ռուբեն Հովսեփյանի դեպքում պիտի արձանագրենք, որ նա և իր գրականությունը չբաժանվեցին: Նրա մարդկային ու հասարակական վարքագիծը չօտարվեց այն արժեքներից, որոնցով սնվել, որոնք պաշտպանել, որոնց հետամուտ է եղել նրա արձակը:
Անշուշտ, սա հիանալի հանրագումար է: Անշուշտ, սա՛ է որդան կարմիրը՝ գեղարվեստը և ապրելու գիտությունը, ամբարված ժառանգությունը և դրա հետ հարազատանալու ձգտումը, որպես զավակի պարտավորություն, հոր պատասխանատվություն ու մտավորականի հավատամք:
Այստեղ, հավանաբար, կարելի է վերջակետ դնել: Բայց ես պիտի վերադառնամ Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործական վաստակին, որովհետև գրողի նրա նկարագիրը թերի կմնա, եթե չասենք, որ նա մեկն է այն քչերից, որոնց տաղանդը հանդիպեց հայ կինոյի փորձաքարին ու հաղթահարեց այն: Իսկ գրողի համար դժվար, հազվագյուտ բան է հեղինակային ներկայություն ունենալ կինոյում, որովհետև կինոն մեծ մասամբ սպառողաբար է մոտենում գրականությանը և կատարելապես ենթարկում ռեժիսորական «ես»-ին: Ռուբենի բախտը, անշուշտ, բերեց, որովհետև նրա սցենարները՝ «Հնձանը», «Ապրիլը», իսկ հետո «Խնձորի այգին» ու «Կարոտը» ճշմարիտ ռեժիսորներ գտան: Բայց նույնքան ճշմարիտ է, որ ռեժիսորները՝ Բագրատ Հովհաննիսյան, Վիգեն Չալդրանյան, Գրիգոր Մելիք-Ավագյան, փնտրեցին Ռուբեն Հովսեփյանին, որովհետև նրա մեջ տեսան իսկականը: Ավաղ, Մալյանի հետ սկսած նրա աշխատանքը մնաց կիսատ, բայց բարեբախտաբար շարունակվեց Դովլաթյանի հետ:
Այսպիսով, Ռուբեն Հովսեփյանը երկու գեղարվեստական տարածքների «լիիրավ սեփականությունն» է,- նրան սիրում է գրականությունը, նրան սիրում է կինոն: Բայց ցավն այն է, որ մենք կարծես դադարել ենք արվեստագետին իր արվեստի մեջ փնտրելուց և ավելի շատ որոնում ենք նրան հասարակական կամ քաղաքական կյանքում: Սակայն Ռուբեն Հովսեփյանին ոչ ոք գրականությունից չի խլել: Եվ մենք կարող ենք տեսնել նրան այնտեղ, որպես հին անտառի տղամարդ ծառ:
Շնորհավոր 75:

Հ.Գ. «Եվ այսպես, երկար – հրաշալի օր էր` հազար թելերով կապված անցած օրերի հետ, երեսը դեպի եկող օրերը…» Ռ. Հովսեփյան. «Որդան կարմիր»:

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԽՈՍՔԻ ԾԱՆՐ ՄԵՏԱՂ
Երբևէ չեմ տեսել, որ Ռուբեն Հովսեփյանը շտապի, այդպես անշտապ, խոհուն երթով նա դարձավ 75 տարեկան£
Հավատում եմ, դեռ երկար ժամանակ է գումարվելու նրա կյանքի ժամացույցին, քանզի նրա էությունը մագնիսական զուսպ ուժով ձգում է արդարադատ սրտեր, խոսքի ծանր մետաղ, ապագան առօրյայի վերածող կամք£ Քիչ է մնում ասեմ, որ մոգական մի բան կա նրա խիստ իրական պատմություններում, և պատահական չէ, որ հենց նա հրաշալի թարգմանեց Մարկեսի երկու վեպերը£ Ռուբենը հայերենի շերտերից երկրաբանի մասնագիտական հմտությամբ պեղում է անհրաժեշտ բառը, թող որ մոռացված, հողի և փոշու մեջ պսպղացող£
Հողի արարչական գաղտնիքը խոսում է նրա հետ լռությամբ, և կարծես առավել հմայող է չասվածը, խորքայինը£ Այս piar-ական ժամանակները խուսափում են նրանից, նա էլ՝ իր հոբելյանից, հանկարծ թե մեջտեղում չերևա, հավուր պատշաճի խոսքեր չասի ու չասվեն£
Դեռ ամաչում է փայլուն բեմերից, կարևոր երևալուց, աշխարհի օրավուր թանձրացող ամպերի տակ անդարդ թվալուց ( բա Քեսաբը կթողնի՞, էն Ուկրաինան էլ մյուս կողմից)£
Ռուբեն Հովսեփյանի նմանները կամուրջ են դասական և ապրող գրողների միջև, դասականներից մի թանկ բան է բերում ողջերին, իսկ ապրող գրողներից մի գտնված բան է տանում ապագայի խոսքաշեններին£
Ապագան առօրյայի վերածող կամքով թող որքան գրի, այդքան էլ մեզ հետ լինի£

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Ինքն իրեն տանում-բերում է, ինքն իր տարիքի հետ մեծանում է: Աչքն իր վրա է պահում, որ չգնա խփվի մոդեռնին ու ջահելի հետ չխանդավառվի, գրողին հետևը գցած չի բերում, որ չտեսնես ու չվախենաս, թե այդ սրտամեռը էլի մի օյին սարքելու է: Անցած-գնացածը ենթադրել տալիս է, բայց մայր աթոռ Շեքսպիրի ու համատարած Թումանյանի, չարքաշ մարդասեր Չեխովի ու մոլեգին Չարենցի ժամանակներից ոճեր չի մուրում, հավատարիմ նրանց գրականության ռեժիմին` շղթայի օղակ է դառնում: Եթե ինձ պատահել է, քեզ էլ պատահած կլինի` ասում է ընթերցողիս: Ահա` գույնը գույնի է խառնում, մթնոլորտ է սարքում, մարդ է գոյացնում:
Կյանքի մարդ պիտի լինի, որ դառնա գրականության մարդ ու բարևդ առնի: Գրականությունը մթնոլորտի մեջ է, մանրամասներն են բերում: Ինքը «Մեր պապերը» պատմվածքի ցնդած Վարդանի մասին եղածն է պատմում. «…ճշմարտությունն այն էր, որ Վարդան պապը որոշել էր մի երկար, երկար լար գտնել, մի ծայրը կապել Ալագյազից, մյուսը` Մասիսից ու աչքերը փակ վրայով գնար գար, գնար գար»: Այդպես կարող էր ցնդել միայն խնուսցի Վարդանը, որ «քսանչորս ծալ ծալվող քարտեզի վրա» գիտեր միայն Խնուսի տեղը. լար դառնալ չէր կարող, որովհետև Ռ. Հովսեփյանը անդավաճան է արժանահավատ ու կառուցիկ պատմվածքի ռեժիմին, միանգամից լար դառնալու համար մթնոլորտ է պետք, մանրամասներ են պետք, իսկ Լևոն պապի` «տուտուց մասխարայի» «հենց այնպես» պատմությունը բավարար չէ:
Այդպես նավթալին չես ցանում պատմողի վրա, և Չարենցի ժամանակն էլ մնում է անցյալ…
Ինքը ապրում է իր ժամանակի մեջ, պատի տակ ծվարած պապերի, հոր հետ: Լևոն պապի ու Գեորգի հոր ջահելությունը, Համո Սահյանին, Թիֆլիսը, իրենց բակի ընկուզենին հիշում է, ջահելին` չէ: Այս կողմ չի գալիս կամ համարյա չի գալիս: Այս կողմերում ո՛չ գորգ, ո՛չ Նենե, ո՛չ հիշատակ: Ջահելի խոսքի վրա գլուխը տմբացնում է, բայց նրա հանգով չի ապրում: Կենսագրությունն իրենից պոկ չի գալիս, իր մեջ շարունակվում են պապն ու հայրը: Ուրիշ որտե՞ղ էին ապրելու: Երևի թե այստեղից է սկսվում հայրենասիրությունը…
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Այսինքն թե` ճշմարտությունն այն է, որ ինքն էլ խնուսցի Վարդան պապի նման տնանկ է, միայն թե իր կարոտները Արաքսի այս ափին են, հիշողության հովտում, որտեղից ձայներ է լսում: Երկար լար է գտել, մի լարը կապել է այսօրվա Երևանի իր սենյակի լուսամուտից, մյուսը` երեկվա Հոկտենբերյանի բամբակազտիչ գործարանի տանիքին հյուսված արագիլի «զամբյուղանման» բնից, գնում-գալիս է:
Գրականությունը դեկորացիա չէ, որ ներկայացումից հետո հավաքես, ու վերջ` բեմը դատարկ է: Չէ՛, այնուամենայնիվ, նստվածք տալիս է: Ռ. Հովսեփյանը հայ մարդու ներսը պեղում, կարոտ է հայտնաբերում, որ իր ստեղծագործության բովանդակությունն է: Ծանծաղ տեքստերի հեղինակ չէ, իր ընտրանքի-դասական գործերի գրեթե բոլոր նախադասությունները ուղեկցվում են գրողական դիտողականությամբ: Քրքրում է հայիդ ներսը, վերադարձնում քեզ հայությանն այլևս որպես հայրենաբաղձ: Հայաստանը, ուրեմն, կորուսյալ երկիր է, Խնուսն էլ հետը: Այլևս քո կարոտի գերին ես, պարտք ես ինքդ քեզ…
Ռուբեն Հովսեփյանի հավատարմությունը գրին շան հավատարմություն է:
Ծնունդդ շնորհավոր:

Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

ՀԱՆԳՐՎԱՆԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ռուբեն Հովսեփյանի ողջ ստեղծագործությունը՝ իբրև XX դարի երկրորդ կեսի և XXI դարասկզբի գեղարվեստական փաստ ու ներկայություն, հանգրվանային իրողություն է ազգային գրականության մեջ: Իր սերնդակիցների նման՝ Ռուբեն Հովսեփյանն էլ «վաթսունականցի» է՝ գեղարվեստական և գեղագիտական էքսպերիմենտների, գոյաբանական խնդիրների հանդեպ նոր վերաբերմունքի, անհատ-աշխարհ շարունակվող բանավեճի գրականության հզոր ներկայացուցիչ, որն իբրև ինքնարտահայտման ձև ու կերպ ընտրելով ավանդական-հոգեբանական արձակի շատ հիմնասկզբունքներ՝ ուրույն նորարարության հասավ մասնավորաբար պատմվածքի ու վիպակի ժանրային տիրույթների ընդլայնման, հերոսների հոգեբանական նկարագրերում պարադոքսալի ու անսպասելիի, ինքնատիպ-հետաքրքիր միֆոլոգիական «վճիռների» ձևավորման շնորհիվ: Տակավին 1965-ին լույս տեսած «Որոնումներ» ժողովածուով Ռուբեն Հովսեփյանը պարտադրեց տեսնել իր գրողական յուրատիպությունը՝ պատմելաձևի հանդարտ, բակունցյան «հնչերանգին» մոտ ու հարազատ սկզբունքը, ուր պատկերավորման միջոցները դառնում էին հարուստ՝ համեմատություններն ու փոխաբերությունները դարձնելով նախադասության կառույցի հիմնական «երանգները», որոնց համադրվում էր արդեն միանգամայն նոր «դիրքերից» դիտարկված էպիկական կերպարը՝ անպայմանորեն ազգային շեշտված նկարագրով, պատմության ու ներկայի շառավիղների մեջ ինքնության նշանները պահող-պահպանող, երկրի ու իր առեղծվածներն ու առասպելները որոնող-հաստատող… Սա գրողական հավատամք դարձավ Ռուբեն Հովսեփյանի համար, հրաման ու պատգամ, ուստի հետագա բոլոր գրքերում և մասնավորաբար «Որդան կարմիր», «Հայոց թաղը» վիպակներում, «Մեր պապերը» «Ամենատաք երկիրը» պատմվածքներում, «Ծիրանի ծառերի տակ» վեպում, «Հնձան» կինոսցենարում նա մղվեց դեպի իր հաստատած միտումների ու սկզբունքների խորացումները, «երկրի ճակատագիր-անհատի ճակատագիր» սեփական բանաձևի վավերական-գեղարվեստական արտածումները:
Եզակի է Ռուբեն Հովսեփյանի գրականությունը լեզվական կառույցների անաղարտությամբ ու կառուցիկությամբ, բառի ճշգրիտ-ներքնաշերտային հարստություններով, միաժամանակ՝ յուրօրինակ ասկետականությամբ: Հենց այս ամենի շնորհիվ էլ իր ծննդյան 75-ամյակը նշող ականավոր գրողը միշտ մնում է ժամանակակից նոր, միշտ պարտադրում է տեսնել իր ու գրականության ժամանակների առաջագնա ընթացքը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ