ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ծննդյան 85-ամյակի առթիվ

images

ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ծննդյան 85-ամյակի առթիվ

ՆՐԱ ՀԱՄԱՐ 85-Ը ԸՆԴԱՄԵՆԸ ԹԻՎ Է
Խորագրի ենթատեքստը վերաբերում է լայն ճանաչում ունեցող գրականագետ, ակադեմիկոս Արամ Գրիգորյանին, ում ապրած տարիները, մինչև այսօր, ի վիճակի չեն եղել որևէ չափով ազդելու նրա աշխատանքային եռանդի, համակրելի բնավորության, ֆիզիկական արտաքինի, գիտական որոնումների և հայտնաբերումների թարմության ու արդիականության վրա:
Նա բարձր կուլտուրայի տեր անձնավորություն է, ճշմարիտ հայ և քաղաքացի: Լայն հեղինակություն է վայելում ոչ միայն հայ գրողների ու գրականագետների, այլև ռուս և հարևան վրացի գործընկերների շրջանում: Խոստովանեմ նաև, որ իմ և նրա տևական ընկերությունը վերաճել է հարազատության:
Միասին աշխատում ենք Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեսության բաժնում, որի վարիչն ինքն է: Տեսությունը նրա կրեդոն է` հավատամքը: Այն կարծիքին է, որ առանց տեսության հնարավոր չէ ստեղծել բարձր մակարդակի գրականագիտություն, որը չի պատմում, այլ վերլուծում, բացահայտում է գրական երկի ինչպես ձևային հատկանիշները, այդպես էլ վերջինիս բովանդակության խորքային գիտակցության ենթաշերտերը: Արամ Գրիգորյանը մեզանում առաջինն էր, որ դիմեց խորհրդային գաղափարախոսության կողմից թյուրիմացորեն մերժված ստրուկտուրալ` կառուցվածքային մեթոդի վերլուծությանը, հաստատեց այն անշրջանցելի օրինաչափությունը, որ գրական ստեղծագործության մեջ կոնկրետ կառուցվածքային միավորը գործում է ոչ միայն ինքն իր մեջ և ավարտում ասելիքը, այլև անդառնալիորեն հարաբերվում է նաև մյուս միավորների հետ, որն էլ արտացոլում է գրական ստեղծագործության կենդանի օրգանիզմ լինելը:
Անընդհատ նորացող, առաջ շարժվող ժամանակը չափազանց բծախնդիր է: Գրողից, գրականագետից պահանջում է այն, ինչ նոր է ու նորովի, ինչ թելադրում է ինքը` անտեսանելի ժամանակը:
Գիտության, իմացության մեջ կրկնությունը վերջիններիս մայրը չէ, ոչ էլ հայրը: Ժամանակի արգասավոր ընթացքից ուշանալը մտքի ծերության ու ծուլության հետևանք է, ինչը իր գրականագիտական գործերում շեշտում է Արամ Գրիգորյանը:
Եվ վերջապես` նրա միակ թերությունն այն է, որ թերություն չունի:
Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ո՞վ կմտածեր, որ Արամ Գրիգորյանը 85 տարեկան է: Տարիները մարդու վրայով ու միջով անցնում են, հետք են թողնում, մեկի հոգում` դաժան հետքեր, մյուսի հոգում` ցավի, բերկրության: Կան մարդիկ, որոնք ցուցադրում են` ինչ պատահել է կյանքում, ինչ նստվածք է տվել իրենց հոգում և ուրիշներին մասնակից դարձնում իրենց կյանքի զիգզագներին: Բայց ահա մի մարդ` Արամ Գրիգորյան, ով, կարծես, բացարձակապես չի ցանկանում ուրիշներին մասնակից դարձնել իր հոգու շարժին, հատկապես՝ ցավերին, ողբերին, և միայն ժպիտով է կապ հաստատում մեզ հետ: Սա, կարծում եմ, ազնվական հոգու լավագույն արտահայտությունն է, և կարևորը մնում է այն, թե ինչ ես ստեղծել և ինչ ես արել քո կյանքում ուրիշների համար: Իսկ Արամ Գրիգորյանը գրականագիտության մեջ, գրական համայնքում, որպես Գրողների միության քարտուղար, շատ մեծ աշխատանք է արել գրական կապերի ամրապնդման ու գրական կյանքի հզորացման համար: Բազմաթիվ հայ գրողների թարգմանական գրքերը Մոսկվայում հրատարակվել են նրա ջերմեռանդ աջակցությամբ: Ընդհանրապես, Արամ Գրիգորյանի հետ շփվելը գյուտ է, որը թվում է շատ պարզ, ընկալելի, սակայն այդ գյուտը մարդկային հոգու լավագույն նշանն է և ուրախություն է պարգևում: Նրա գրականագիտության մասին բազմաթիվ են կարծիքները, մեկնաբանությունները, հատկապես` Ռուսաստանում: Նա բազմիցս արտահայտվել է, գրել է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին միշտ դիպուկ և միշտ խորագնա:
Մի բան էլ եմ ուզում անպայման ասել: Նրա տոհմիկ հոգու մեջ զնգում, արձագանքում են Վահան Տերյանի, Բուլաթ Օկուջավայի, Արփինե Նալբանդյանի, Դմիտրի Նալբանդյանի հարազատական փոխկանչերը: Եվ հավատում ես մեր ժողովրդի ավանդական ոգու հզորությանը, երբ մի տոհմի մեջ այսքան մեծ անուններ են հոլովվում: Արամ Գրիգորյանն այսօր այդ անունների հավաքական ներկայացուցիչն է: Մեծագույն սիրով շնորհավորում ենք և ցանկանում՝ երկար վայելենք նրա պարզ ժպիտը, զվարթախոսությունը և գրողի ու գրականության հանդեպ ասպետական սերը:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՎԱՍՏԱԿԱԾ ՃԱՆԱՉՈՒՄ
Մարդկային արտաքին ու ներքին վայելչությունը նրան սիրելի է դարձնում իր շրջապատում` ձևավորելով կարծիք այն միջավայրի մասին, որտեղ նա ապրում ու հարաբերվում է հասարակության հետ: Արամ Գրիգորյանը մեր գրողական ընտանիքի այն անդամներից է, ում անցած գրական-գրականագիտական ճանապարհը միայն հարգանք, համակրանք և վաստակած ճանաչում է բերել` արժևորելով բարեկիրթ ու դաստիարակված մտավորականի հատկանիշները:
1930 թվականին Թբիլիսիում ծնված, 1953-ին Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտած Արամ Գրիգորյանը, ով վաղուց ճանաչված, սիրված ու գնահատված գրականագետ է, ակադեմիկոս, ողջ կյանքի ընթացքում անցել է նպատակամղված մի ճանապարհ, որ գրականության ու գիտության իրար լրացնող, համադրող նշանակությունների, գիտամշակութային կապերի, ուսումնասիրությունների աշխարհով է անցել: Հայ-ռուսական գրական-գեղարվեստական առնչությունների, շփումների, բարեկամական մերձեցումների նվիրյալներից է եղել նա: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 1958 թ. սկսած՝ նախ որպես կրտսեր, հետո ավագ գիտաշխատող, այնուհետև գրականության տեսության բաժնի վարիչ դարձած Արամ Գրիգորյանը «Եղիշե Չարենցի պոեզիան» թեմայով թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո, պաշտպանում է «Գեղարվեստական ոճի պրոբլեմները» թեզը՝ դառնալով բանասիրական գիտությունների դոկտոր:
Պատասխանատվության մեծ զգացումով, իր արած գործի արժեքն զգացող գրականագետն անցնում է վերընթացի ճանապարհով, ինչի փայլուն վկայությունն է «Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածքը» մենագրությունը:
Այսօր արդեն պատկառելի գիտա-մշակութային վաստակ ունեցող ակադեմիկոս Արամ Գրիգորյանն իրավունք ունի հպարտանալու իր ապրած 85-ամյա կյանքի ձեռքբերումներով: Բայց նա իր համեստ ու արժանապատիվ պահվածքով հայ մտավորականի այն տեսակն է, ով անխոնջ ու լուռ աշխատում է՝ իր ներաշխարհում զգալով ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և գնահատելու կարևորությունը:
Մեր գրական ու մշակութային կյանքի հետ սերտորեն կապված այն մտավորականները, որոնք ստեղծագործական իրենց ներունակությունը ներդնում են ազգային մշակույթի զարգացման գործին, հետևողականորեն դրսևորում են իրենց անձնական ու հասարակական դերի կարևորությունը համամարդկային հոգեմտածողության բարեշրջման գործընթացներում: Մտավորականների այս տեսակից է նաև Արամ Գրիգորյանը:
Նրան ցանկանանք երկար կյանք և արևշատություն, նոր հանդիպում արդեն հարյուրամյակին:
Արևշատ ԱՎԱԳՅԱՆ