ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս
ՌԱԶՄԻԿ
ԴԱՎՈՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի
առթիվ

Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում: Գնահատելի է Ձեր մեծ ավանդը արդի հայ քնարերգության զարգացման և հարստացման գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Հատված «Ծովինար՝ հայոց հնագույն նախապատմական էպոսը» գրքից
Դառնանք՝ նախ հիշենք Նոյ Նահապետին,
Ում Աստված ընտրեց մարդկային ցեղից,
Նրա որդիներ Սեմին, Հաբեթին՝
Աստըծով փրկված մութ ջրհեղեղից:

Նզովքով հիշենք միջնեկին՝ Քամին,
Քանի որ Նոյը նրան նզովեց.-
Հոր մերկությունը իր եղբայրներին
Պատմելով՝ նրա հարգանքը զոհեց:

Մենք էլ նզովենք Տիտանյան Բելին՝
Իր հորն անարգող էն Քամի ցեղից.-
Եվ օրհնանք ասենք Հայկ Նահապետին՝
Կրտսեր Հաբեթի-Թորգոմա ցեղից:

Հորիզոնները պատառող-անցնող
Նետին հետևենք, լարված աղեղին,
Եվ օրհնանք ասենք անսուտ հիացքով
Նրա ոգեղեն Հայկազյան ցեղին:

Հետևենք նրան և գնանք առաջ.
Նախ հասնենք Արամ աշխարհակալին.-
Չէ՞ որ հներին հասնելու համար
Դեռ պիտի հասնենք Տիգրան արքային…

……………………..
Խորհրդավոր են ժամանակների
Վերելք-անկումներ-ելևէջները,
Ու թեև Աստծո սուրբ պատգամներից
Երթը մարդկության սերնդեսերունդ
Շեղել է Նեռը,
Ու թեև երթը շեղել է Նեռը՝
Դեն շպրտելով
Մեզ վերապահված անարատ կյանքի
Պատգամի բեռը,
Բայց լո՜ւյսը, լո՜ւյսը ճառագում է դեռ
Մեզանից առաջ, մեզնից շա՜տ առաջ
Ընթացողների.-
Այն աստվածային լույսը վերստին
Կուրացընում է աչքերը Նեռի՝
Առաջնորդելով մեզ դեպի ինքը.-
Վկա են դրան
Մեր Սանասար պապ-Արարատ Լեռը,
Մեծ Հայր-Մհերը, Ծովինար կույսը,
Եվ նրանց ծածկող կապույտ երկինքը,
Եվ նրանցից դեռ անվերջ ճառագող
Անարատ լո՜ւյսը…
Բյուրեղյա լո՜ւյսը…

……………………..
Դուք, ինչպես կուզեք, պատգամն ընդունեք,
Բայց նախ և առաջ,
Ամենից առաջ
Հիշեք Աստըծուն և իմ խնդրանքը՝
Իրար մի՛ թույնեք
Եվ մի՛ հետևեք կյանքը թույնողին.-
Հետևեք Աստծո արարած հողին՝
(Չէ՞ որ հող էինք)
Եղեք անարատ և անախտակիր,
Ինքնամաքրումով զուլալվե՛ք կրկին,
Նյարդերը խուժող
Անդուր խոհերի ճամփեքը փակեք.
Տիրոջ պարգևած խելամտության
Ծիրանին հագեք.-

Աղտը սողալով
Լցվում է ամեն սողանցք-խուղերով,
Աստծո պես ժայթքեք՝
Աղտը այրելու հրաբուխներով.-
Եվ դարձյալ, մաքուր և աստվածաբույր,
Դուք՝ նույն ճյուղերը նույն տոհմածառի,
Նույն բնից ելած,
Բողբոջե՛ք,
Ծաղկե՛ք
Եվ պտղավորվե՛ք՝
Ձեր աչքերը նույն բնից ճառագող
Լույսին սևեռած:

……………………..
Ասում է՝ երբ որ երեք եղբայրներ՝
Զրվանը, Տիտանն ու Հապետոսթեն
Աստծո երկիրը բաժանում էին իրենց սեփական
Ցոփ տիրույթների,
Դեռ այն հեռավոր անիծյալ դարում
Իշխանությունը հաստատվեց Նեռի,
Եվ աշխարհավեր պատերազմները չէին դադարում.-

Գերակայության, շահի, մոլուցքի
Փոթորիկներ էր երկրի երեսին.-
Ամեն բռնակալ, ամեն պիղծ հոգի
Պաշտամունքային արձաններով էր
պատվում իր «ես»-ին:

Պետությունները կործանվում էին այդ հոլովույթով,
Կործանողներին կործանողները կործանվում էին,
Այն էլ՝ շատ շուտով,
Իրենց իսկ հիմնած կարգ ու դրույթով:

Ասում է՝ այդպես մի քանի անգամ
Հայերը իրենց
Պետություններն ու գահը կորցրին,
Բայց հավատարիմ մնացին Աստծուն
Եվ իրենց ցեղի խոհուն մեծերին:

Կորցընելով ու վերագտնելով,
Այդպես բավական ժամանակ անցավ,
Մինչև որ հայոց պետության գլխին
Արքա Տիգրանը գահին բարձրացավ:

……………………..
Ինչպես ահռելի փոթորիկներից
Եվ տեղատարափ անձրևներից վերջ
Ելնում արեգակ
Եվ տարածվում է քաղցր ու լուսավոր
մի խաղաղություն
Կապույտ երկնքի և թաց հողի մեջ,
Այդպես, ասում է, Տիգրան արքայի իշխանությունը
Տարածվեց Հայոց աշխարհի վրա.-

Այդպես, ասում է, երբ Տիգրան արքան
Իր արքայական ծիրանին հագավ և նստեց գահին,
Մեր հյուծված երկրում
Լեռնացավ
Վսեմ
Հասակը նրա,
Եվ զարմանք բերեց իրեն
շրջակա համայն աշխարհին:

Նախ՝ որքանն իրեն ժառանգել էին, նա կարգի բերեց,
Նա հագեցըրեց քաղցածին, մերկին հագցրեց զգեստ,
Ապա հայացքը կորցըրած երկիր-հողին բևեռեց.-
Գոտեպնդվելով իր նախնիների ձույլ իմաստությամբ,
Հայրական հոգով նա խելքի բերեց
Ծույլին խստությամբ.-

Դարձյալ հայրական անքեն ու բարի
իր հոգածությամբ
Բանի կարիքը անբանին
մեկնեց նաև կարծրությամբ.-

Նրա ձեռքի տակ թույլն ու տկարը
տղամարդ դարձան,
Ասպազեն հագան,
Բանակ կազմեցին,
Ոտքի բարձրացան.-
Ինչպես որ գարնան գալու հետ մեկտեղ
Ամենուր սառած ջրերը հալվեն, խոսեն բարձրաձայն,
Այդպես հայության ցրված բեկորներն իրար միացան.
Գետակներ էին՝ սառույցների տակ՝
Համրացած, լալկված,
Այդժամ լայնահուն և ահեղագոչ մեծ գետեր դարձան,
Խմբվեցին շուրջը հայկական գահի,
Գոտին պնդեցին Տիգրան արքայի,
Հայոց պետության շուրջը գնդվեցին՝
Այդպես իրենք էլ գոտեպնդվեցին:-
Եվ այդպես եղավ, որ այդպես եղավ.-
Արքա Տիգրանը մեր բռնազավթված հողերի վրա
Բռնակալների նենգամիտ գլխին
Թափվեց հեղեղավ.
Մի անգամ ևս Աստըծո ձեռքով մայր Ծովինարի
Զարմերը արի
Նյութեղենացած,
Անցած դարերի անարդարությանն
ընդդեմ լեռնացած,
Սուրբ արդարության կանչով գժվեցին,
Եվ նրա՛նք,
Նրա՛նք,
Նրանք՝ բռնակալ նվաճողները, մայր Ծովինարի
Կատաղի ելած ջրերի հոսքով հեռու քշվեցին.-

Պատմողն ասում է՝
Արդարությունը երբեք չջարդվող
Անկոտրում սյուն է:

Նրա հիմքն Աստված դրել է կյանքի
Խորը ընդերքում.-
Նրա գլուխը հեռու երկնքում
Լույս է ճառագում
Ողջ տիեզերքում:

Եթե դարերով
Քո բազո՜ւմ-բազո՜ւմ ջիղ ու նյարդերով
Կապված ես եղել դու հիմքին նրա,
Այդ լույսն ի վերջո տարածվելու է
Նաև քեզ վրա:

ԽՈՍՔ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԼՈՒՅՍԻ
Սերո ԽԱՆԶԱԴՅԱՆ

Ճիշտն ասած, սիրտ չէի անում խոսք գրել Ռազմիկ Դավոյանի այս պոեմի առթիվ, չնայած պոեմի մի զգալի մասը կարդացել էի մամուլում, քանի որ իսկական բանաստեղծական քերթությունը, իմ կարծիքով, նման բանի կարիքը չունի: Սակայն մտածեցի, որ մեծ գրողի մասին էլ կարելի է գրել` ստացած հաճույքս գոնե մի երկու ելևէջով արտահայտելու և բանաստեղծական կախարդանքից ինչ-որ չափով ազատվելու համար:
Դավոյանի այս պոեմը կարդալուց հետո ասես թե շոշափեցի հարության խորհրդով կենդանացած Գրիգոր Նարեկացու մագաղաթե մատները, որոնցից մինչև հիմա էլ լույս է կաթում մեր պոեզիայի վրա: Իմ մտքում կենդանացան հինգերորդ դարի գրաբար խոսող շարականների թրթիռները, լսեցի Սիամանթոյի մռունչը: Գնացի Աբու-Լալա Մահարու քարավանի հետքերով և Չարենցի հետ սկսեցի բարձրանալ «Դեպի լյառն Մասիս»: Ես այս պոեմի մեջ կատարումը տեսա բանաստեղծական նոր գույների, մանավանդ` նոր խոսքերի հարստությամբ:
Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ»-ում հանգիստ չկա, կա կյանքի բուռն բաբախը: Հին ռեքվիեմը, որի դասական հեղինակը տասնվեցերորդ դարում ապրած Պիեռ դե լա Ռյուն է, սկսվում է այս խոսքով. «Մշտնջենական հանգիստ տուր նրան»… Հանգիստ` ննջեցյալներին:
Ռազմիկ Դավոյանի պոեմը շեշտակի բնույթ ունի` քարանձավաբնակ մարդուց մինչև հրթիռ ստեղծող ուղեղը: Այս «Ռեքվիեմ»-ը ժանրի սկզբնապատյանի մեջ չի մնացել, պատռել է եկեղեցական դոգմատիզմի զրահը, դարձել մարդկայնորեն մտերիմ, թաթախվել թախծի քնարերգությամբ, որ, իմ կարծիքով, պոեզիայի աղն է, երբեմն-երբեմն ստացել նաև ողբերգական երանգներ, որ դարձյալ մտերիմ-մարդկային է:
Ռազմիկ Դավոյանն իր ռեքվիեմով հաստատում է հավատը մարդ-արարածի նկատմամբ, ձգտում առավել լույսի:
Լույսը, որով կարող ենք մենք / Խավարի չորացած շուրթերը ցնցուղել:
Խորապես մարդկային է այս «Ռեքվիեմ»-ը, առանց թաղման արարողության ու հոգեհանգստի: Սա կյանքի, լույսի հաստատումն է` պղնձաձույլ երգով:
Եվ մենք, մեր ուսերին / Գլուխների տեղակ շանթարգելներ առած, / Դուրս ենք գալիս` բոլոր / Անկապ փողոցները կապկպելու իրար, / Որ ստանանք մի մեծ, ամբողջական աշխարհ:
Աշխարհը դեռ ծանրաբեռնված է մեղքերով, բանականություն գտած մարդը քարանձավի մթից դուրս փախչելով, ձգտում է մաքրվել այդ մեղքերից, մեր փոքրիկ-փոքրիկ երկրագունդը, որ հյուլե է ահռելի տիեզերքի մեջ, դարձնել կապույտ մի հրաշք` խղճի մաքրությամբ լուսավոր: Աշխարհը տակավին կատարյալ չէ, մարդը ևս կատարյալ չէ. «Դեռ հեռու է մինչև Մարդը իր ճամփան»:
Դավոյանի այս երկունքը լոկ մի խումբ մարդկանց, մի ցեղի, ժողովրդի չի վերաբերում: Պոեմում տեղ են գտել և՛ Հայաստան աշխարհի կիսված պատարագի ղողանջները, և՛ ըմբոստությունը դրսի աշխարհից եկած վայրագության դեմ: Մարդկությունն ու մարդկայնությունը այստեղ հանդես են եկել միագումար` իրենց խոր հակասությունների անդունդները փակելու տենչով: Այս գործը չի վերաբերում մի կոնկրետ ժամանակի կամ ժամանակի մի որոշ հատվածի: Քսաներորդ դարի ծնունդ է, սակայն բարձրացիր «Գիլգամեշի» սրբազան մայրիների անտառը և կատարյալի այս նոր ձգտումը համահնչյուն կլինի այն մոռացված օրերի մարդու ձգտմանը: Հանապազօրյա հաց ձեռք բերելու ձևերն են փոփոխվում, իսկ էությունը մնում է նույնը` մղում դեպի առավել լույսը, առավել կատարյալը: Հոգեբանական աշխարհի խորունկ բացահայտումը կա այս քերթվածի մեջ, և արտաքին «էֆեկտը» չես նկատում: Նորարարություն չէ ձևի առումով, նորություն է` մարդու ներաշխարհի ոլորտները թափանցելու կարողությամբ, մարդկային հույզերի, բռնկումների, հուսահատության և ընդվզումների բացահայտմամբ, որը և է իսկական արվեստ:
Ինչպես ժողովուրդը կասեր, Դավոյանի այս քերթություն-արտի մեջ աստված է նստած: Սքանչանալին այն է, որ մեջը աստված նստած այս արտը մշակել, ոսկևորել է գրեթե պատանի այս տաղանդը:
Բանաստեղծական պատկերն ինքնին արդեն մի երկնային հորինվածք է: Երբ մի լավ պատկերի ես հանդիպում, թվում է, թե հասար ծայրին և հազիվ թե ավելի լավին հանդիպես: Եվ ահա անսպասելի դեմ ես առնում բոլորովին նոր սքանչելիքի.
Եվ երկնքից լույսի շանթարձակման լեռներ / Կախվեցին ցած` / Գիշերվա մեջ պայթող ստինքների նման:
Լուսածագի վարար պատկեր` չտրորված հուների մեջ:
Տապ է: / Անասելի, անծայր մի տապ, / Հեռու քարանձավից / Խեղդվող օրվա խռխռոցն է գալիս:
Մաշկի վրա զգացած տապ է սա, որից խեղդվում է նույնիսկ օրը, և բանաստեղծն այս տապի միջով մեզ հասցնում է մեր նախապապերի ապրած ժամանակը: Մտքումդ հավիտյանս կդաջվի այս մեղմ բանաստեղծական պատկերը:
Երկինքը մաքուր է, սպիտակ անսահման,/ Անսահման ձյուների անեզրական մի դաշտ, / Եվ կարմիր թավիշ հագած մանկան նման / Խաղում է արևը ձյուների մեջ:
«Ռեքվիեմ»-ը մի չար ձեռքով մարդու վզին փաթաթված անեծքից սրբվելու, ազատվելու, դեպի կատարյալը տանող ոգու ճանապարհ է: Այն թանկ ու ժամանակակից է դառնում (բոլոր ժամանակների համար) բռնությունը, բռնի մահը դատապարտելու խիզախությամբ նաև:
Մեր ժպիտները / Կախվեցին գունատ մեր շրթունքներից / Կոտրված, թոշնած ծաղիկների պես` / Մահ կա աշխարհում. / Սրեր ցույց տվին. / Տեգեր, նիզակներ, / Ապա ականներ ցույց տվին հատ-հատ,/ Արկերի լեռներ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ապա հրթիռներ` Մահ կա աշխարհում:
Խնկելի է վաստակածի, իր մեծ կյանքի ծայրին հասածի մահը և գեղեցիկ: Մահ չէ դա, այլ նորից ձուլումն բնության կենդանությանը` հողին:
Կա մի մահ, որ լուռ, անստվերագիր / Պառկում է անդարձ / Ճերմակ մազերի ալքերով հոսող / Դաշտերի վրա…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Անխաբ հողի պես:
Բանաստեղծը գեղեցկացնում է բնատուր այս վախճանը, մերժում նրանց, ովքեր բռնությամբ են մահ բերում: Իսկ բռնի մահը խեղում է մահվան գեղեցկությունը, երազն է խեղում` արյունոտելով կարոտի լույսը: Սա է բանաստեղծի կոչումը:
Բանաստեղծի փիլիսոփայությունը վերացական չէ, անկատարելությունից է տառապում մարդը: Եվ մարդու ստեղծած ու հազարամյակներ պանծացրած աստծուն այսպես է դիմում բանաստեղծը. «Քո եփած ճաշը ինքդ կեր, Աստված»:
Բանաստեղծի իղձն է մարդ-արարածին մոտեցնել բնության «բնույթին». դեպի պարզություն, լինել անչար, անոխ, դառնալ բնության պես «մանուկ», խաղաղ:
Խունկ էր ծխում առավոտը,/ Ձիթենին օրվա խաղաղությունն էր երգում / Իր թանձր շուրթերով…
Պետք է ամեն տեղ, ամենուրեք փշրել ստրկության լուծն ու շղթաները, որ ի ծնե չուներ մարդը:
… Բացել շղթաների դռներն անբացելի,/ Բացել գեղեցկության անդունդն անանցելի…
Այս է բանաստեղծի պահանջը` քանդել շղթաները, անդունդները լցնել: Իր այս սքանչելի գործի մեջ մեր բանաստեղծը շահել է, և այդ անկարելին կարելի դարձնելուց հետո մի վեհ հանդարտությամբ է անդորրում քեզ:
Որտեղ պայթում են բողբոջները, /Ծաղիկներ են բացվում, / Հյուսվում է սիրո պուտ-պուտ գեղեցկության / Հեքիաթն անմեկնելի:
Դավոյանը անդրադառնում է նաև հայ ժողովրդի հարատևմանը և այդ խնդիրը լուծում յուրովի ճշմարիտ ու բանաստեղծորեն:
Դուք մեր տոհմածառը թողեք կանգուն/ Հիշողության կապույտ բլուրների վրա: / Թողեք… / Նա ինքը ձեզ ապրել կուսուցանի: / Թողեք, / Որ ձեզ համար իր անթիվ շրթունքներով/ բույրեր ցանի: / Մի՛ ջարդեք մեր ոգին:
Նա հավատում է հազարապատիկ խոցված ժողովրդի «գոյատևության զորությանը մեծ»: Մերժում է խեղճությունը, գոյատևման մեծ զորություն ունեցող ժողովրդին միայն խեղճության մեջ վերագտնողներին, որոնք տաղտուկ հանգերով ողբում են նրա «ոտքին կպած, ետքից քարշ եկող տխրությունը խեղճ»: Բանաստեղծը ոգեկոչման զորեղ երկունք է ապրում` հրաշալի գույների խաղերի մեջ:
Ով իմ սուրբ աշխարհ, / Իմ սուրբ հայրենիք. / Ահա իմ սիրտը քո ձեռքին սովոր / Թռչունի նման / Խաղում է ոսկե մատներիդ վրա, / Եվ քո ափի մեջ / Երգի ոգեղեն հասկեր է կտցում:
Ասված է հոգու մաքրությամբ, ծնրադրության սրբազան խորհրդով` մայր աշխարհի առջև: Նման տողեր կամենում ես հիսուն անգամ կարդալ` հոգուդ բոլոր անկյուններից ցնծալու համար, բանաստեղծական այս մաքուր ու կապտաջինջ աշխարհի «քաղաքացու» իրավունք ունենալու համար: Եվ հասկանալի է բանաստեղծի որդիական աղերսը.
«Եվ ծունկի եկած արևիդ առաջ, աղաչում եմ ես` / Ախ, իմ անունը թող տառապանքի ծաղիկ չլինի»:
Ուզում ես միանալ բանաստեղծին` հանուն ճշմարտության, արդարի հաղթանակի:
Այս սքանչելի ստեղծագործությունը մի անգամ ևս մեզ մղում է դեպի կենդանին, հողը, մարդկայինը: Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական ձայնը սրտիդ է հասնում և մնում է առաջին սիրո թրթիռի պես: Զգում ես հողի խորհուրդը անմահ, որ ամեն գարնան նորոգվում է.
«Մեր արյունը հող է` արևի մեջ հալված», «աստվածների դեմքին մեր պատկերի ուժը ցնծացնելու»…
Եվ գիշերվա մութը / Կտրտելով շերտ-շերտ նարնջի պես` / Խնջույք պիտի սարքենք` / Ծիծաղելով արևի շեփորներով:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Կբուրվառենք տենչերն ամենօրյա սիրո / Եվ հաղթության:
Իբրև մտքիս ամփոփում, ասեմ, որ այս քերթությունը կարդալով ես իմ հոգու մեջ նոր մի հոգի գտա, որ կար երևի, սակայն տեղյակ չէի նրա գոյությանը, ես տեսա իմ թուլություններն ու ճանաչեցի իմ, իբրև մարդու, բարեմասնությունները: Նման բան կարդալուց հետո ուզում ես գոչել.
Կեցցե՛ պոեզիան:
Ուզում եմ Ռազմիկ Դավոյանին ասել իր իսկ ասածը, իսկապես պոեմը գտնվել է «ինչպես մանուկ ծնվի` ժայռի կողը ճեղքող կակաչի պես»:

ԴԵ՛, ԵՏ ՏՎԵՔ ԻՆՁ…
Այս բանը պիտի ձեզ ասեի՝
Շուրջը աղմուկ է անասելի,
Փակել է ամեն դուռ ու ճեղքեր,
Չկա փախուստ ու չկան երգեր:

Երբ լռություն էր վարդամշուշ,
Եվ երազանքի երկինք էր բիլ,
Կար մի ավելի զորավոր ուժ
Եվ հույս ու հավատ ժայթքող երկիր:

Դե՛, ետ տվեք այդ երկիրը ինձ,
Գարշ աղմուկների դուռը փակեք.-
Կյանք եք ստացել Աստծո ձեռքից,
Ձեր ստացածի գինը հարգեք.-
Սեր եք ստացել Աստծո ձեռքից՝
Կյանքի և սիրո գինը հարգեք:
05. 14 թ.

ԽԵՆԹԱՑՆՈՂ ԽԼՈՒԹՅՈՒՆ
Տեղատարափ վայրենի՝
Ապակիներ ձեն-ձենող,
Ու փոթորիկ ամեհի՝
Տանիքները թռցընող:

Մեր քար սրտի քարերի
Խլությունից խենթացած՝
Օվկիանոսը ամեհի
Թռչում է վեր, նետվում ցած:
2014 թ.

ՆԱ ՄԻՇՏ ԱՐԹՈՒՆ Է
Անձրևը մաղում է,

Կաթում-կաթկթում է,
Ինչպես իմ սրտի մեջ
Անձրևի նվագի տակ
Թախիծը մաղում,
Կաթում-կաթկթում է.-

Ու եթե քնում է անձրևը,
Թախիծը չի քնում երբեք,
Նա միշտ արթուն է…
04. 14 թ.

ՍՈՒՐԲ ԵՐԴՈՒՄՈՎ
Շառագունում է արևելքը՝
Շքեղ հանդեսի ավետումով
Ազդարարում է արևի ելքը.-

Այդպես է ծնվում նաև երգը՝
Գիշերվա ցողը հոգիներից
Հավաքելու իր սուրբ երդումով:
04.14 թ.

ԱՅՆՏԵՂ…
Շողն արևից է շատրվանում,
Ջուրը՝ հողից.-

Նա, ով իր միջից երգ է հանում,
Սեր է հանում՝
Արևը, ջուրը և գունավառ
Ողջ տիեզերքն՝ իր հրաշքներով,
Նրա ներսում են շատրվանում:
04. 14 թ.

ԻՐԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
Բացեցի աչքերս արևի դեմ,
Տեսա աշխարհը արևաթագ,
Բռնեցի մորս ստինքն-արև,
Ծծեցի կաթը արևից թանկ.-

Եվ հավատացի երջանկության
Գոյությանը սուրբ, աստվածատուր.
Դրախտ էր կյանքը, հաճույքը՝ ծով,
Բռնեցի լուսե թաթիկներով
Ակնթարթները մարգարտացոլ
Եվ երազները երջանկաթույր…

Այդքանը միայն… Հետո չարքը
Բարդեց ինձ վրա հոգս ու վտանգ.-
Մնացած կյանքս ու երազանքս
Ես ապրեցի իմ կոպերի տակ:

Հիմա նայենք մեր անցած կյանքին
Արթուն սրտով ու աչքերը փակ.
Ինչ ունեցել ենք թանկ ու անգին՝
Թաղված են մեր փակ կոպերի տակ:
05. 15 թ.

ՈՐ ԼԻՆԻ…
…Որ լինի մի տեղ ապահով,
Հույսին ու կյանքին հենարան լինի,
Հոգուն ու ոտքի տակ լինի հող՝
Ճամփա և ճեմարան լինի.-

Սա է մարդու իղձը ամենաթանկ.-

Օվկիանոսն ու ծովերն էլ ունեն հատակ,
Միայն անհատակ է երկինքն անտակ,
Լոկ մեր խեղճ երկիրը, մարդուն առած,
Մոլոր պտտվում է Անտակի տակ:
04. 14 թ.

ՄԻ ԼՈՒՅՍ ԼՃԱԿ
Ես երազանքի բար եմ եղել,
Երազի երգ ու բառ եմ եղել,
Եվ երազելով ապրում եմ, կա՛մ,
Հարկավոր չէ ինձ այդքան նեղել.-

Մռայլ, ահագնած ամպերն անգամ,
Որ պատրաստվում են շանթ ու որոտ,
Հետո անձրևի հեղեղ հեղել,
Իրենց գրկի մեջ մի լույս լճակ՝
Դեպի արևը սլանալու՝
Ինձ երազելու տեղ են թողել:
05. 14 թ.

ՀԵՏՈ Ի՞ՆՉ ՄՆԱՑ…
Մենք հանդիպեցինք Աստըծո կամքով.
Դու՝ Ծովինարի դուստրդ ջրեղեն,
Ծովի, երկնքի քո ողջ հրայրքով,
Ես՝ բոց Վահագնի որդիս հրեղեն:

Ու ես ցանկացա մղումով անծիր
Բռնկել ծովդ բոցեղեն սիրով,
Սակայն դու, ավա՜ղ, ինձ ընդունեցիր
Հուրը հանգցընող ջրեղեն սրով:

Հետո ի՞նչ մնաց մեզ այդ ամենից.-
Ինձ՝ կոկորդ սեղմող տրտմությունների
Մի մեծ ամբարտակ.-
Քեզ, իմ սիրելի, անվերջ եռացող,
Երբեք չժայթքած հրաբուխներդ՝
Քո ջրերի տակ:
06. 13 թ.

ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ԵՐԿԻՐ ԻՄ
Հայաստա՛ն, երկիր իմ,
Դեպի Մասիսներդ տարածված
մաշված քո ձեռքերի
խորդուբորդ ափերիդ գծերի մեջ
այսօր փորձում եմ ես գուշակել քո բախտը.-
և ահա համարձակվում եմ
իմ գուշակածը բարձրաձայնել`
Ցավերդ խորն են շատ,
կան բազում տառապանքներ անբնական,
անցողիկ տխրություններ, ցավեր,
որ «պարգևել» են քեզ
ինչպես քո որդիները հարազատ,
այնպես էլ
օտար ոսոխները քո գիշակեր…

Ճիշտ է, դու հոգնած ես
և ցավերից ուժատ,
բայց քո խիղճը, խիղճը,
որ չաղարտվեց բնավ երկար դարերի մեջ,
պիտի դուրս բերի քեզ մի հորիզոն,
որտեղ թափանցելու հնար չեն ունենա
ո՛չ քո «թափոնները»` որդի կոչված,
ո՛չ օտար բորենիք, ո՛չ սեփական բիզոն…

Ահա պարզ երևում է
քո խղճի ճառագումն այդ տիեզերական.-
Նա՛ է որոշելու,
Նա՛ է որոշելու մեր տառապած ազգի,
Քո,
Մեր,
Նրանց…
Ողջ մարդկության ուղին և ապագան:

ԱՍԻՆ` ՑՆՈՐՔ Է ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ
Ասի` իմ ներսում կան արեգակներ.-
Բայց տեսա` մարդիկ որքան էլ ցանկան,
Չեն կարողանում այդ լույսը հագնել,
Ասին` ցնորք է բանաստեղծական:

Եղբա՛յր, դու էլ ես արևի որդին,
Եվ եթե հոգուդ աչքը չես փակել,
Հանգցրու լույսը և նայիր մութին,
Եվ կտեսնես, որ լույսը չի հանգել:

ՄՆԱ ԱՅՍՏԵՂ, ՀԻՄԱ ԿԳԱՄ
Խելահեղ վազքի մեջ սրընթաց,
Երիվարի պես, առանց լկամ,
Արշավում էի խոլ ու ցնդած,
Ու ճամփիս տեսա լոկ մի անգամ
Աստըծո ձեռքով իմ դեմ տնկած
Այն հեքիաթային ծառը` հսկան,
Ասացի նրան խոսքըս պրկած`
– Դու մնա այստեղ, հիմա կգամ:

Ու վազում էի, սուրում հևքով,
Եվ ճանապարհիս` դաշտեր կանաչ,
Մարգագետիններ` ծով ծաղկունքով`
Արեգակի մեջ լուսաճաճանչ,
Ինձ գգվում էին աչք ու ունքով,
Համբուրում էին ոտքերս անգամ,
Բայց ասացի ես դարձյալ հևքով`
-Մնացեք այստեղ, հիմա կգամ:
-Մնացեք այստեղ, հիմա կգամ,-
Համոզված էի հոգով, մտքով
Եվ երդվում էի հավերժական
Արևով, հողով, բիլ երկնքով:
Նույն խոսքերը ես մորըս ասացի
Եվ այն փսլնքոտ խաժ աղջկան,
Եվ թռա դարձյալ ու սուրացի,
Հաշվի չառնելով արցունքն անգամ:

Ո՞ւր էի վազում` ես չգիտեմ.
Սիրո՞ ետևից, փառքի՞, հացի՞.-
Այդ ինչպե՞ս և ո՞վ, ասացեք ինձ,
Դրանք վերածեց առեղծվածի…

…Հիմա ձեզ հետ եմ, սիրելինե՛ր,
Երգերս եմ կարդում վերջին անգամ,
Համբուրում եմ ձեզ ձեր կուրծքն ի վեր`
Մնացեք այստեղ, հիմա կգամ:

ԶԲՈՍԱՆՔ ԲԵԴՖՈՐԴՈՒՄ, ՄԵԾ ՈՒԶ ԳԵՏԻ ԵՐԿՈՒ ԾԱՂԿԱԶԱՐԴ ԱՓԵՐՈՎ
Երբ հազվագյուտ մի բան (մենք Արև ենք ասում),
Այստեղ ցույց է տալիս հանկարծ դեմքն իր անտիկ,
Ազատվելով մռայլ ամպ ու զամպի ձեռից,
Ցո՞ւրտ է, քամի՞, թե ի՞նչ, մերկանում են մարդիկ,
Դուրս են թափվում իրենց խոնավ պատյաններից:

Սակայն ծաղկազարդ է երկիրն ամբողջովին.-
Ուրեմն՝ կան մարդիկ, ովքեր իրենց հոգում
Բազմերանգ ու գունեղ ծաղիկների համար
Մի կենսատու, պայծառ արև են բորբոքում:

Ոսկեփայլ գանգուրներով այս մանուկը, ահա,
Կարմիր կակաչների ծաղկաթմբի կողքին.-
Հասակը ավելին չէ ծաղկի ցողուններից,
Կարծես թե ձուլվել է կակաչների զորքին:

Նա ինչ-որ բառեր է անկասկած շշնջում
Սպիտակ ու կարմիր վառվռուն կակաչներին.-
Թավշե թերթիկներով ծաղիկները շրշում,
Փսփսում են նրա թավշե ականջներին:

Հիմա գնա, նայիր զմայլանքով լցված,
Դեղին, կապույտ, մավի կակաչների խմբին՝
Արևային ազնիվ ջրաներկով գծված,
Մինչև հասնես սեփ-սև կակաչների թմբին:

Ճերմակ կարապների գետաթաղից մինչև
Սև-սև կարապների ջրաթաղը գնա.-
Արքայական երկու այդ խմբերի միջև
Գունագեղ ու վայրի բադերն են ինքնահմա:

Զույգ ափերին գետի
Հարյուրամյա լացող ուռիներ են կախված.-
Քո դեմ ոչ թե ծառ է, այլ դու
Ասես մոտենում ես ինչ-որ կանաչ բերդի,
Հսկա բներն ասես ամրոցներ են վառված:

Զույգ ափերին փռված կանաչ բացատներին
Մանրաթերթիկ, քնքուշ երիցուկի
Ճերմակ սավաններ է հողը արտավիժել,
Որոնց վրա խաղում, աղմկում են զվարթ
Ոսկե գանգուրներով կապուտաչյա ճժեր:

…Ծեր ու հոգնած մի մարդ ամպի նման հազաց,
Կախվեց ոսկեգանգուր այն տղայի վրա,
Ասես թե քննում էր ճանապարհն իր անցած,
Ասես՝ նա իր ապրած ժամանակն էր քննում.-
– Սա՞ է ճանապարհը,- նախ այդ ծերուկն ասաց,-
Հետո տղան ասաց՝
– Արի ինձ հետ, պապիկ, դու դրա՞խտ ես գնում…