ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻՆ ծննդյան 75- ամյակի առթիվ:

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ – 75

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հարգելի պարոն Էդոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք ժամանակակից հայ պոեզիայի ինքնատիպ դեմքերից եք, միաժամանակ Ձեր նշանակալի ավանդն եք ներդրել մեր թարգմանական գրականության և գրականագիտության զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր ձեռքբերումներ:
ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻՆ ծննդյան 75- ամյակի առթիվ:

ՄԻԱՅՆԱԿ ՕՐԸ
Կիսարթուն օրը թարթում է աչքերը
քաղաքի օդում: Կանաչ ճյուղերից
հոսում է անորոշ մի խաղաղություն,
լցված արձագանքով
մի այլ խաղաղության: Քաղաքի վրա
իջնում է օդի մեջ
անտրտունջ մի հոգի, որ ցածում չի գտնում
ոչ մի հենարան: Մի թռչուն հանկարծ
բացում է թևերը
և ճչում մի բառ անծանոթ մի լեզվից:
Քարերի վրա շրջում է երազը –
հագին՝ ամռան օդը
ինչպես զսպաշապիկ: Մահը ձև չունի –
ինքն՝ իր չափերով,
ինքն՝ իր ստվերի մեջ:
Ո՞վ է չափել լռության արագությունը
դատարկ խեցու մեջ:
Ո՞վ է հաշվել արևի ճառագայթները
օդում սփռված: Այդպես մի՛ հեռացիր:
Մի՛ գնա այդպես լուռ:

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ծառերը ճանապարհի երկու կողմերում
ննջում են անդորրի մեջ: Երազի ոգիները
օրորում են նրանց: Խոտերը ձայն են տալիս
մեկը մյուսին: Սեղմվում եմ երկու
աշխարհների միջև, հեռավոր քաղաքների
թախիծն է ճնշում ինձ, ձեռքիս մեջ կոտրվում է
օրվա ապակին: Մի քանի շներ
իրենց անորոշ կարոտն են խեղդում
հաչելով աջ ու ձախ, հենց այնպես,
անարձագանք: Քո հոգին
մի փրփուր է, որ քշվում, չքանում է,
թեև քամի չկա: Դու այստեղ պետք է
գտնես քո գաղտնիքը, քո գծագիրը
դու ինքդ պիտի կազմես: Հեռավոր
քաղաքների արձագանքը իր հետ
թախիծ է բերում:
Ամենադժվարը քեզ ուղիղ պահելն է
օրվա շեղբի դեմ
լույսի պես սրված:

ԶԱՆԳԸ ՀՆՉՈՒՄ Է, ՋՈՆ ԴՈՆ
Զանգը հնչում է նորից, Ջոն Դոն, զանգը հնչում է,
նա երբեք չի լռում, նա հնչում է անվերջ,
վերևից ներքև: Մարդիկ չեն լսում,
նրանց ականջներին սարքեր են միացրած:
Նրանք ջազ են լսում:
Բայց զանգը հնչում է:
Նրանք ձևացնում են՝ թե ոչինչ չեն լսում –
դա ուրիշի մահն է, իսկ իրենք
անմահ են, դա ուրիշ մի զանգ է,
իսկ իրենք ապրում են:
Նրանց ականջները փակված են ձայներով,
նրանց երակներով աղմուկն է հոսում,
նրանց պատուհանները վարագուրված են,
(իբրև թե մենք կյանքի իսկական որդիներն ենք):
Բայց լսեն, թե՝ չլսեն – դա միևնույն է,
զանգը հնչում է
քաղաքի պղտոր օդում, ջազի աղմուկի մեջ,
քո տողերում, Ջոն Դոն,
զանգը հնչում է:

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ, ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ
1.
Հագիդ մի խալաթ և հողաթափեր,
նստում ես մի հին բազկաթոռի մեջ:
Մի հեռուստացույց: Մի նկար՝ պատին:
Մի կյանք՝ ինչպես մի կորած ժամացույց:

Մի հուշ, որի մեջ դու քեզ չես գտնի:
Հեռուստացույցի կադրերն ես փոխում:
Անցյալը այն չէ, ինչ որ եղել է,
այն, ինչ չի եղել, նրա մեջ ես դու:

Երկու ձեռքերով ծածկում ես դեմքդ:
Սեղանիդ վրա լապտերն է ննջում:
Լռության ստվերն իջնում երկնքից
և արցունքներդ է թաքցնում զգույշ:

2.
Ամեն ինչ անցավ՝ օրեր, տարիներ,
ամեն ինչ սուզվեց մեգ-մառախուղում,
քո աչքերի մեջ, ինչ որ ունեիր,
արդեն մոռացման ամպերն են լողում:

Չկա փրկություն: Փրկագին չկա:
Ինչ ունես՝ վաղուց քոնը չէ արդեն:
Եվ մի անիվ է պտտվում հսկա
դիմացի այգում: Մի անիվ: Մի՞թե

դա քո կյանքը չէ, և գիրքը ձեռքիդ,
որ բացում ես դու, քոնը չէ՞ արդյոք:
Դրանից բացի կա՞ մեկը կողքիդ:
Ո՞վ է քեզ կանչում: Հասկացիր՝ ոչ ոք:

* * *
Ոչ թե սիրտն է բաբախում ժամանակի մեջ,
այլ ժամանակն է սրտի մեջ բաբախում,
նրա մեջ կյանք առնում,
նրա մեջ սրբագործվում:
Նա ժամանակը պահում է իր մեջ,
շունչ տալիս նրան, իսկ նրանից դուրս
չկա ուրիշ մի ձև և շնչառություն:
Նա սրտի ձևն ունի: Ընդունիր նրան քո մեջ:

ԵՐԿՈՒ ՁԱՅՆ
Նույն հնչյունի մեջ երկու ձայն եմ լսում –
մեկն իմ անունն է տալիս, մյուսը ջնջում է այն,
կիսով չափ ես այստեղ եմ, կիսով չափ՝ ուրիշ մի տեղ,
կրքի և դժգոհության վայրերում վտարանդի,
ուր երկու ծառեր են խշշում իմ առաջ:
«Կանգնիր,- մեկն ինձ ասաց,- տոմս չունես: Չի կարելի»:
«Չե՞ս ճանաչում նրան,- առարկեց մյուսը,- չէ՞ որ դու
կյանք ես առել նրա տողերի մեջ…»:

ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
Աշխարհը մի երազից մտել է արդեն մի ուրիշ
երազի մեջ, իսկ մենք դեռևս հին երազի մեջ
փնտրում ենք խաղաղ մի ափ
անխաղաղ օվկիանոսում: Անհող ու անօթևան
երկինքը պտտվում է մեր գլխավերևում
իր հին շառավիղով:
Աշխարհի մեջ ենք մենք
և աշխարհից դուրս, պատմության
Կոլիզեյում, որի արժեքը
մեծ է չափազանց, բայց անհնար է ապրել
նրա մեջ: Մեր ուղեկիցը
լուսինն է միգամած՝ հեղինակը չգրված
մի թատերգության: Նրա տեսակետից,
մենք նրա ներկայացման
հանդիսատեսն ենք, դահլիճում մշտական
մեր աթոռն ունենք, բայց բեմի վրա
չունենք մասնակցություն: Մի շնորհ՝ ի վերուստ:
Մի ճակատագիր: Մի դատավճիռ:

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Ինչպիսի՞ն էր երկիրը՝ երբ առաջին անգամ
Ադամը տեսավ նրան,
և ինչպիսի՞ն կլինի՝ երբ վերջին մարդը
հրաժեշտից առաջ
կնայի նրան
արցունքների միջից: Դրանք կլինեն
Դրախտը կորցրածի
և երկրից հեռացողի
արցունքներ:
Դրանք չեն տարբերվի մեր արցունքներից:

* * *
Ովքեր քեզ համբուրել են, ովքեր չեն համբուրել,
որոնց դու համբուրել ես կամ միայն
երազել, արդեն չկան, արդեն
քնել են անհայտի մեջ: Դու, որ պահում ես ինձ,
կառավարում իմ բոլոր մտքերն ու շարժումները,
թող մի անգամ շոյեմ
նրանց գլուխները, ասեմ այն, ինչ չեմ ասել,
պատմեմ իմ միայնակ
օրերի մասին: Իսկ քամին կատաղի
սուլում է դրսում: Ամեն ինչ նույնն է,
ոչինչ չի փոխվել: Մի փակ պատուհան,
որ ես բացում եմ փողոցի վրա:
Ուրիշ քայլ չունեմ:

ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՄՈՌԱՑԱ…
Բանաստեղծները անցյալն են գուշակում, ապագան
փակ է նույնիսկ նրանց համար:
Եվ ես չգիտեմ՝ որտեղի՞ց եմ
գալիս՝ անցյալի՞ց, ապագայի՞ց, գուցե
ոչ մի տեղից – (որտե՞ղ է Ոչ Մի տեղը) – և ո՞ւմ պիտի տամ
ձեռքիս ճյուղը կանաչ –
իմ կյանքը, Ոչ Մեկի՞ն, որին
չեմ հանդիպել,
գուցե հանդիպել եմ, բայց չեմ ճանաչել,
գուցե ճանաչել եմ, բայց չեմ
հասկացել, գուցե հասկացել եմ,
բայց ձեռքս է դողացել: Ներիր ինձ, մոռացա,
ի՞նչ պիտի ասեի:

ՍԵՂԱՆԻՆ Ս. ԳԻՐՔՆ Է
Սեղանին Ս. Գիրքն է: Դրսում ամպերը
հոսում են Արևելքից դեպի Արևմուտք,
թեթև բռնկված արևի հպումից: Ցերեկը սրբում է
մարդկանց երեսներից
փոշին ու քրտինքը: Կեսօրը բացվում է
քաղաքի առջև ինչպես սուրբ թերթերը
Ավետարանի: Որտեղի՞ց սկսել:
Մարդիկ ապրում են առանց իմանալու,
որ իրենք ապրում են: Պատուհանից դուրս
մեկը թերթում է օրվա էջերը, մինչև երեկոն
կիջնի քաղաքին: Բայց ո՞ւր է քո խայթը,
ճակատագրի շեղբ,
նայիր, օրն է կանգնած մաշկի և օդի միջև,
ինչպես Ս. Գիրքը,
որի միջով դու
չես կարող անցնել:

ՍԽԱԼՄԱՄԲ ԻՋԱԾ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ
1.
Նրա աչքերի մեջ, երբ նա ինձ էր նայում,
ես տեսա երկնային համաստեղությունները
և ելևէջը բաց անդունդի վրա
թափառող հոգիների:
Փակիր աչքերդ, ասացի նրան, փակիր աչքերդ: Փակիր:
2.
Նա այնքան հեռավոր վայրերից էր գալիս, այնքան
անմատչելի դարերի խորքից, որ աշխարհն իր համար
անհայտ էր, անծանոթ, օտար կայարանում
սխալմամբ իջած մի ճանապարհորդ,
մաքուր ձայն, մաքուր քայլ, մաքուր մի ճառագայթ
խիտ իրերի վրա իրականության:

ԵՐՐՈՐԴ ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ
Ես ում ձայն եմ տալիս՝ նա ինձ չի լսում,
լսում եմ նրան, ով ոչինչ չի ասում,
ես ում տեսնում եմ՝ նա ինձ չի տեսնում,
անցնում ենք իրար կողքով: Նույն
երազի մեջ:
Երկու բառ՝ նույն տեքստում,
երկու հայելիների անդրադարձումներ
մի երրորդ հայելու մեջ –
թեքված մեզ վրա,
որ մենք չենք տեսնում
ոչ քնած, ոչ արթուն:

ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Թե չկա հարություն՝ ուրեմն չկա ոչինչ,
չկա ցանկապատ կյանքի և կյանքի միջև,
ուր հոսում է մի գետ: Դարաշրջանը
չունի նկարագիր, մարդիկ չունեն դեմք,
քաղաքներն անուն չունեն, բոլորի վրա
նույն բառն է փորագրված:
Ինքնաթիռ, ի՞նչ ես փնտրում ծովի ջրերի մեջ,
ո՞ւմ ես կանչում, հող, քո մութ լռությամբ:
Ահա խոսքը, որ ինչպես
հիվանդի մտացնորք, չունի կառուցվածք,
ահա կառուցվածքը, որտեղ շփոթված
մարդն է կարկամում: Կյանքը քարանում է
մի վայրում, որտեղ
ոչ մահ կա, ոչ հարություն: Բայց որտե՞ղ,
որտե՞ղ է նա:

* * *
Երբ ես մահացա, տեսա, որ մահը
այն չէ, ինչ որ ես պատկերացնում էի: Ուրիշ է
բոլորովին: Որովհետև կյանքն էլ
այն չէ բոլորովին, ինչ որ կարծում էի:
Երկու դիմակների արտացոլումներ
մի երրորդ դիմակից, որի անունը
ոչ ոք չգիտի:
Ես ինքս իմ ձայնն եմ:
Իմ ձայնը ցածր է շատ:
Ինձ մի՛ պատասխանեք:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՑ
Հ.Մ.-ին

Պատուհանները փակ են, նույնիսկ՝ երբ բաց են:
Դիմացը նույն պատն է,
թատրոնի վարագույր՝ քաշված քո
առջև: Նույն օրը իջնում է և նորից բարձրանում
մի փոքրիկ սենյակում: Եվ նույն հուշերի
պատկերներն են վազում քո մտքի էկրանով, մինչև
հեռավոր աստղերի բռնկումը երկնքի վրա:
Երկինքը հագուստն է քո: Եվ կրծքիդ վրա Սիրիուսն է
պսպղում, ինչպես շքանշան, որ դու ստացել ես
մանկության աստվածներից: Եվ օրը չքանում է
մի մեծ օրվա մեջ:

ՄԻ՛ ՏՈՒՐ ԱՅԴ ԱՆՈՒՆԸ
Դե ի՞նչ, նրա անունը,
(որ գիտեմ դժբախտաբար),
ես չեմ ուզում տալ,
որ հանկարծ
չհայտնվի,
չգա իր դեմքով (կոկիկ
սափրված, օծանելիքով,
և այլն, և այլն),
քանզի եթե չտաս նրա անունը՝
նա ինքը չի լինի,
(նա չունի ուրիշ մի ձև):
Օգնիր նրան՝ չքվելու,
պարզապես` չլինելու,
անհետանալու:

ԲԱՐՁՐԱՑՆԵՄ ՕՁԻՔՍ
ԵՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ

Ես այստեղ եմ, իմ կյանք, բայց որտե՞ղ ես դու,
քեզ ոչ ոք ձայն չի տալիս,
ոչ ոք չի արթնացնում:
Ես ոչինչ չհասկացա քո երազներից,
քո արթնությունից
ինձ ոչինչ չհասավ՝ միայն խոստումներ,
դեկորացիաներ, միայն սպասումներ,
կինոդիտումներ՝ նույն կադրերի անվերջ
կրկնություններով, անարձագանք
օրեր, ուր ոչինչ չի կատարվում:
Ես ոչինչ չհասկացա քո երազներից:
Մնում է միայն աշնան ցուրտ քամու դեմ
կոճկեմ վերարկուս, բարձրացնեմ օձիքս և տուն
վերադառնամ: Ուշ երեկոյան, երբ ոչ ոք չկա դրսում:

ԻՄ ՎԱՅՐԵՐ
Հողե տանիքով մի տնակ, մի թթենի –
նրանց նշաններով Դրախտում ես պիտի
ձեզ փնտրեմ, իմ վայրեր:
Եթե չգտնեմ, նշանակում է՝ ես Դրախտում չեմ:

ԻՄ ՔԱՅԼԵՐՆ՝ ԱՎԱԶԻՆ
Իմ քայլերն՝ ավազին, իմ քայլերն՝ ավազին,
տեղատվության բաց տարածություն,
մինչև մոտեցումը
մակընթացության, երկու շարժումների
սահմանագծին:
Իմ քայլերն՝ ավազին, իմ քայլերն՝ ավազին,
հենվում եմ ստվերներին, ջրերին, բառերին,
բռնում եմ փրփուրներից, հույսից, պատահարից,
գիշերվա մոմերից: Սրանք երազներ չեն,
այլ բառեր քեզ համար,
նշաններ ավազին, որ միայն դու գիտես,
մի ձեռքի թափահարում,
որ դու կհասկանաս:
Ոչ տրտունջ, ոչ հրաժեշտ:

ԱՐՎԱՐՁԱՆԻ ԳԻՇԵՐԸ
Լապտերը գիշերվա մեջ իր լույսերն է սփռում
մառախլապատ: Չղջիկներն արագընթաց
կտրատում են օդը, ինչպես վամպիրներ, և մի պահ
անհետանում: Տները խավարի մեջ
ննջում են՝ ականջը ինչ-որ ձայների: Նրանց
քնի մեջ լուսինը կնքում է
դռները ամուր փակված և դնում նրանց վրա
իր նշանները: XXI դարի
նշաններն անորոշ են, լուսինը
դա գիտի: Գիշերը ծանր է անցնում
արվարձանի անհարթ, անուղիղ
նրբանցքներում: Սոսկալի մի սարդ
ամպի մեջ համառորեն
իր ցանցն է գործում, որպեսզի նրա մեջ
քո ցրված ոսկորները մեկ-մեկ հավաքի: Ոչ, դա
լուսինը չէ, որ հեռվից քո քայլերն է լուռ հաշվում:

Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, Ո՞ՒՐ
Մտքի մեջ՝ Ջեֆերսոնի
պատկերը շլմորած,
թղթադրամի կանաչ ֆոնի վրա,

գրպանում մի հատոր
վաղուց արդեն գրված
բանաստեղծությունների,

որոնց հմայքը
ողողում է նրա մարմինն ամբողջովին,
բայց լույս չի տալիս,

իսկ մայրամուտը սպասում չունի,
(ետևում գիշերն է),
իսկ մայրամուտը նման է բաց դռան,
որի շեմի առաջ

ո՞ւր ես գնում, պոետ,
փողոցը դատարկ է, մայթերն՝ ամայի,
երկինքը փայլփլում է ցեխաջրի մեջ,

ո՞ւր ես գնում, ո՞ւր…
ԵՍ ԳԻՏԵՄ…
Ես գիտեմ՝ անհնար է մտածել
քո մասին, գիտեմ՝ ինձ տրված է
լսել և ոչ՝ խոսել: Ես ինչ փնտրում եմ՝
թաքցնում է դեմքը, ինչը
գտնում եմ՝ դնում եմ
մի կողմ: Օրը վերջանում է: Տխրության
ստվերները սուզվում են անդորրի մեջ:
Արդեն մթնում է:
Դու որտե՞ղ պիտի քնես, որտե՞ղ է բացված
քո անկողինը:
Դրսում անձրև է:

2014 ԹՎԱԿԱՆԸ
Այսպես է, շատերը աշխատանքն են կորցրել,
մնացել առանց փողի, շատերը պարտքի մեջ
կահույքն են վաճառում, տունը
վարձով տալիս: Շատերը իրենց մուսան
հանել են վաճառքի, բայց գնորդ
չկա: Լեռները սնունդ չունեն,
դաշտերը չեն կերակրում: Ուտոպիան գնալով
ավելի ֆանտաստիկ ձևեր է ստանում: Երկիրը
իր ներկան
փնտրում է անցյալում: Աստղեր կան, բայց չկա
համաստեղություն: Կան դատավորներ, բայց
չկա դատարան: Պատկերացումները
թաքցրել են, ծածկել իրականությունը: Պատմությունը
դարձել է ավելի հետաքրքիր, քան ներկա
ժամանակը: «Ժամը քանի՞սն է» –
հարցնում եմ մի անցորդի, նա մատով ցույց է տալիս
հավերժությունը: Մարդասպանները
ավելի ներշնչված են իրենց գործն անում՝ անմեղ
արյունը
ավելի քաղցր է և ավելի թանկ՝ մահվան
շուկայում: Կապույտը կապտում է, արևը գնալով
դառնում է ավելի կարծր ու անողոք,
ինչպես դասական արձանի մի գլուխ:

ԶԳՈՒՅՇ ՔԱՅԼԵՔ
Ավելի թեթև քայլեք,
ավելի անձայն քայլեք երկրի վրայով,
ձեր ոտնաձայները
կարող են արթնացնել
խռովված հոգիները հանգուցյալների,
ձեր կրունկները
թեթև խփեք հողին, թող ոչ մի արձագանք
հողի մեջ չտարածվի, ոչ մի
ոտնաձայն: Զգույշ քայլեք:
Անձայն:

Ֆ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
Հանկարծ միանգամից բացվում են աչքերդ,
երբ ոչինչ չես գուշակում, չես կասկածում կամ չես
սպասում ինչ-որ բանի: Ճառագայթների
հոծ գծեր են անցնում դեմքիդ վրայով: Բավական է
տերևի աննկատ մի շարժում, մի անցում մայթից մայթ,
մի բառ պատահական, մի նոպա հանկարծակի
կամ կնոջ մի հայացք՝ և քո անունը
գրվում է միանգամից մի այլ գրքի մեջ, մի հրեշտակի
թեթև փետուրով, որին դու չես տեսնում: Բոլոր գրքերը
այդ գրքի ստվերներն են: Դրանից հետո
դու արդեն քոնը չես: Տառապիր, բայց քո
հասցեն ուրիշ տեղ է: Հենց այսպես, միանգամից:

***
Բայց ի՞նչ մնաց մեզ՝ մի տխեղծ ժամանակ,
որ ատոմ է արտադրում և համաճարակ,

սեռերը խառնում իրար, նկարում դեմքեր լկտի,
հևում, տնքում, աղաղակում՝ մինչև լրիվ քրտնի

և ընկնի անգիտակից քնի մեջ, ինչպես տիղմ,
քայքայվի, անհետանա աշխարհի մեջ իր սեղմ:

Մնաց այն՝ ինչ մնաց, սոսկ մարմին, սոսկ հագուստ,
մնաց կեղծ մտապատկեր, ի՞նչ Համլետ, ի՞նչ Ֆաուստ,

կրքերի կատաղություն, մղումներ մոլեգին,
և անկում, փլուզում ճիշտ իր ժամանակին,

սողուններ թունավոր, ռնգեղջյուր ու տապիր,
ո՞ւմ մասին պիտի գրես, ապագա Շեքսպիր,

ի՞նչ պիտի ժառանգես դու օրերից այս մթին,
այս արտում տարեկանի, անդունդի եզերքին: