ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

Arevshat_Avagyan1

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ

 

Յոթ մուսաների «Ծիր կաթին» մշակութային կենտրոն՝ ըստ Արևշատ Ավագյանի երազանքի

Արևի շողերով ողողված պտուղների ու արևի ջերմությունից քաղցրացած աշտարակյան հողի վրա, ուր մի ժամանակ Նիկողայոս Թումանյան անունով հայի փոքրիկ այգետնակում հյուրընկալվում էին Նիկողայոս Մառը, Լևոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը և պատվարժան այլ այրեր, Մշակույթի հայկական ֆոնդի «Ծիր կաթին» միավորման երկնակամարում, երբեմնի կիկլոպյան ամրոցի տեղում՝ գագաթը մխրճած ամպերի մեջ, հառնում է երազային տաճար՝ Հայր Աստծու կամ տիեզերքի Տիրոջ տաճարը, որի շուրջ փռված այգու ծառերը վերամարմնավորում են ֆոնդի շուրջ համախմբված մշակութային գործիչների բնագավառները, և այս մշտական հավաքատեղի են գալիս մարդիկ՝ անկախ իրենց կրոնից ու գաղափարախոսությունից:

Մշակույթով ներծծված արևաշատ այս վայրում մեկտեղելով բոլորի արևային ձգտումները՝ արդեն կամաց-կամաց իրականանում է Արևշատի երազանքը, որն իր մեջ պարունակում է միանգամայն իրականանալի ծրագրեր, ըստ որոնց՝ կիկլոպյան ամրոցի պարսպապատերին ու մերձակայքում  շաբաթվա ամենօրյա աշխատանքում յոթ մուսաներ են պար բռնելու, այգետնակի դեռ պահպանված կամարի առաջ, որն ապագայում վարչական շենքի մեջ է մտնելու, ինչպես նաև ընդարձակված հարակից հողատարածքներում երգ ու ասմունք է հնչելու, ամեն արվեստատեսակի տնից սերն ու միաբանությունն են բխելու: Ամեն պտղատոնին աշխարհի բոլոր կողմերից հավաքված արիակամ հայորդիներն իրենց սրտի թրթիռներով մարդկային մտքի ու հոգու լավագույն արգասիքներն են արարելու, տեսակ-տեսակ պտուղների սեզոնային պտղակալումից ամեն անգամ նոր բերք՝ նոր երկ ու կտավ են ծնելու:

Ամեն սեզոնի՝ մի մրգատոն, սեզոնի ամեն օրը՝ ստեղծագործական նոր ճառագում… Յոթ մուսաների տուն, յոթ մրգատոն. մայիսին՝ կեռասի օր, հունիսին՝ թթի օր, հուլիսի մեկին՝ արդեն ամրագրված ծիրանատոն, օգոստոսին՝ դեղձի օր, սեպտեմբերին՝ խաղողի, հոկտեմբերին՝ խնձորի, իսկ ձմեռնամուտին՝ ընկույզի օր:

Արևշատ Ավագյանի այս արևային երազանքի բեղմնավորման փուլն իր նյութականացումն է ստացել 2002 թ. նոյեմբերի 15- ին՝ ծառատունկ իրականացնելով Անահիտ Սահինյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Սեն Արևշատյանի, Բաղիշ Հովսեփյանի, Արամ Սաթյանի, Կարեն Սմբատյանի և այլոց մասնակցությամբ: Ծառերն աճել են, երազանքը մտել է սաղմնային փուլ, ուր հասուն այգու ծառերը շենշող նազանքով իրենց բարն են մատուցում բացօթյա հավաքույթներում, ու թվում է` ոչ թե մարդիկ են ծառերի արանքներում զբոսախնջույքի դուրս գալիս, այլ ծառերն են մատուցողի պատրաստակամությամբ իրենց բույրը հրամցնում բազմաճաշակ հյուրերին: Որպեսզի նախնյաց ամրոցի արծվաբույն ժայռերը շուտով մշակութային տարբեր օջախներ դառնան. գրականության ու երաժշտության, կերպարվեստի ու ճարտարապետության, բեմարվեստի (պարարվեստ, թատրոն, կինո, երգեցողություն և այլն) ու զանգվածային հանդիսության, թարգմանության ու ասմունքի: Ու որ այնտեղ վարպետների մշտական աշխատանք լինի, որպեսզի ծիրանափող շինելով` նրանք փայտը դարձնեն երաժշտություն, իսկ մետաղը՝ արծաթագործական զարդեղենից մինչև կենաց ծառ: Ու որ կտավներն ու գոբելենները հուշանվերների խանութում հանդիպեցնեն գույնն ու ձայնը, խոսքն ու շարժումը… ազգայինն ու տարբեր ազգերինը:

Արևշատ երազանքում նաև մարդկանց զբաղվածության հարց է լուծվում, կազ­մակերպվում են բնապահպանական, բժշկական (տեղում աճող դեղաբույսերի նպատակային օգտագործմամբ), գիտակրթական միջոցառումներ, դպրոցականների այցելություններ հարևանությամբ գտնվող Օշական՝ Մաշտոցի շիրիմին, որտեղ այցելուներին դիմավորում է տառախաչքարերի պուրակը: Իսկ մշակութային կենտրոնի տարածքում, ուրարտական ջրատար առվի, կիկլոպյան ամրոցի և պատմական ու թանգարանային այլ հնությունների մեջ բացվելու են նաև հայկական հայտնի տոհմերի տոհմածառերի թանգարան, Մաշտոցատուն ու տարբեր ազգերի այցելուների թողած հիշատակների անկյուն:

Եվ Քասախի ձորում, ուր գեղատեսիլ գետափին արդեն հանգստյան գոտի է հիմնվել, կշարունակեն ծիրանավառ ու աստղաբույլ մուսաներ թևածել, որպեսզի տիեզերքի բարին լճանա, ծփա, ու ամենուր տարածվեն ալեբախության անընդմիջելիությամբ խանդավառված լույսեր, քանզի մշակութային կենտրոնի ծիրում տեղեկատվության մշտական հոսքն ու ստեղծագործական բերկրանքի ամենօրյա հևքը կազդարարեն ամենայն նորի մասին ու ինքնաբերաբար կամփոփեն աշխարհի մշակութային եռքը:

Իսկ առայժմ, հարթմնի, հյուրընկալելով ու ճանապարհելով դեռևս համեստ ունեցածով՝ մրգերի հասունացման հետ այցելության նոր հայտեր են ընդունվում – իրականացվում, և պտղատոներն ու մտաշխարհների համախմբումը, կարծես ծիսականորեն, անցնում են միայն բաց երկնքի տակ, ուր ավանդույթի ուժ ստացած ամեն հանդիպման ընթացքում անձնականը դառնում է համամարդկային, իսկ հիշողությունը՝ շարունակվող իրողություն:

 

 

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Համո ՍԱՀՅԱՆ

Արևշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Հողն ու երկինքը արտացոլված են իրար մեջ, և այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են թերևս միայն հեղինակի կողմից:

Այդ նույն տպավորությունն եմ ստանում նկարիչ Արևշատ Ավագյանի կտավներից: Գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է: Հողի և երկնքի հարևանությունն իրար մեջ, նրանց արտացոլանքն է Ավագյանի գեղանկարչության հիմքն ու հավատամքը: Այստեղից էլ` Հայաստանի բիրտ ու դաժան, խիստ ու խոժոռ բնության այնքան քնքշությունը, ես կասեի, գերող կանացիությունը, գույների մեղմությունն ու նրանց ինքնադրոշմ կերպավորումը:

 

Յուննա ՄՈՐԻՑ

Նույն ձեռքում է գրիչն ու վրձինը, նույն հայացքով են աշխարհին նայում բանաստեղծն ու նկարիչը: Միևնույն սրտից, նույն արյամբ են սնուցվում նրա պոեզիան և գեղանկարչությունը: Բայց և երկու ինքնուրույն աշխարհ, երկփեղկ տարերք է բացահայտվում մեր առջև, երբ մենք կարդում ենք նրա բանաստեղծությունները և դիտում նկարները:

Ավագյանը տիրապետում է ինքնաբացահայտման երկու արվեստների` չկրկնելով ինքն իրեն, չգնալով իր իսկ հետքերով: Նրա պլաստիկայում ոչինչ թոշնած չէ, վերամբարձ, փքուն, քրեստոմատիական չէ:

 

Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

Բանաստեղծն իր արվեստում ևս հավատարիմ է մնացել իրեն, մնացել է բանաստեղծ: Յուրաքանչյուր նկար բանաստեղծական փոխաբերություն է: Իր հայրենիքի, իր բանաստեղծական աշխարհի, իր հեքիաթի և մարդկային հարաբերությունների բանաստեղծականացումը հրաշալի է: Բայց Արևշատը միայն բանաստեղծ չէ, նա բանաստեղծ իմաստասեր ու փիլիսոփա է: Գույների պոեզիայով նա ինձ` նշանակում է արվեստասերիս, տանում է գեղեցկության աշխարհը, որտեղ մարդկային հոգին մաքրվում է` հասնելով կատարսիսի:

 

Իվ ԲՐՈՒՍԱՐ

Արևշատ Ավագյանի արվեստը շլացուցիչ է իր ճշգրտությամբ ու ճշմարտությամբ:

Նրա հետագիծը տանում է դեպի արարման մեծ խորհուրդը:

Իսկ ի՞նչ է անում բանաստեղծն այս պարագայում: Նա լուսավորում և ավելի է ընդլայնում հորիզոնի գիծը: Նա այդ ամենն իմաստավորում է:

 

Պարույր ՍԵՎԱԿ

Միայն ճշմարիտ բանաստեղծը կարող է անկենդան նատյուրմորտը ներկայացնել այնքան կենդանի, ասես ոչ թե գրիչ է բանեցրել, այլ վրձին` երկրորդ անգամ նկարելով այն, ինչ մենք չենք տեսել:

 

Արսենի ՏԱՐԿՈՎՍԿԻ

Արևշատի երկու մուսաները (պոեզիան և գեղանկարչությունը) քույրեր են և ընկերուհիներ: Նրա դյութիչ գեղանկարչությունը գույնով ու գծով մարմնավորված պոեզիա է, նրա պոեզիան` տպավորիչ գեղանկարչական: Այս բանաստեղծի և գեղանկարչի երկու արվեստներն էլ չափազանց թանկ են ինձ համար:

 

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հաճույքով դիտեցի Արևշատ Ավագյանի վերջին ցուցահանդեսը, որը` հենց նկարչի տարիքի պարտադրությամբ կարելի է համարել հանրագումարային: Ինչպես միշտ, այստեղ էլ բանաստեղծ Արևշատին լրացնում է նկարիչ Արևշատը և այս երկու սկիզբների ներդաշնակ «համակեցությունը» ստեղծում են մի միասնական ստեղծագործական աշխարհ, որտեղ, որքան էլ նկարիչը լինի ժամանակակից նկարչական հնարքներին արձագանքող, այնուամենայնիվ, այդ աշխարհը հայկական է, հայկական ռիթմերն են, հայ հոգու` և իր ժայռերին կպած, և` տիեզերքի ոլորտներում թափառող էությունը:

Շնորհավորում եմ հեղինակին` ինքն իրեն հավատարիմ մնալու, ասել է` իր հայաշխարհին հավատարիմ մնալու համար:

 

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Նկարիչ և բանաստեղծ: Նկարը բանաստեղծության օրգանական շարունակությունն է: Ինձ համար Դուք բանաստեղծ եք մեծատառով: Որպես նկարիչ տեսնում եմ Ձեր մանկության հեքիաթների վերամարմնավորումը: Դուք նկարիչ եք նույնպես մեծատառով:

 

Պյոտր ՎԵԳԻՆ

Նրա բանաստեղծություններին անծանոթ մարդը նրա նկարները դիտելիս կասի. «Ինչքան բանաստեղծական են»:

Նրա նկարները երբեք չտեսած ընթերցողը կասի, որ նրա բանաստեղծություններում շատ են գույները, որ դրանք գեղա­նկարչական են, արևոտ: Բայց դրանք ամենևին էլ հավասարազոր հատկություններ չեն, իրար չեն կրկնում թե՛ պոեզիայի ժանրում և թե՛ գեղանկարչության մեջ: Դրանք Արևշատ Ավագյանի մարդկային հատկանիշներն են:

 

Իվան ԴՐԱՉ

Արևշատ Ավագյանի նկարները պետք է դիտել մաքուր հոգով, իսկ դա քչերին է հաջողվում: Եթե այդպես դիտես, միանգամից կհայտնվես հեքիաթային աշխարհում, որտեղ մենք բոլորս էլ եղել ենք, բայց մոռացել ենք կանգ առնել այնտեղ` մանկությունում: Եվ եթե բանաստեղծ նկարիչը օգնում է մարդուն` լինել ինքն իր մեջ, ուրեմն պետք է շնորհակալություն հայտնել նրան: Աշխարհընկալման առաջին հայտնությունը, հեքիաթայինը, որը գալիս է մանկությունից, փիլիսոփայական մոտեցումը և մի բան, որ անչափ ապշեցնում է նրա ստեղծագործություններում, դա տանջալից աշխատանքն է, որն ամեն օր խաչում է մարդուն ու կրկին հարություն տալիս: Պարծենում եմ այսպիսի անկրկնելի մարդու` գույնի և բառի վարպետի հետ ունեցածս մտերմությամբ ու բարեկամությամբ: