Վերաբացվեց ՀԳՄ Շախմատի ակումբը

jpeg

Փետրվարի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ Շախմատի ակումբի վերաբացումը: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ տարիներ առաջ ՀԳՄ-ում գրողները սիրում էին հավաքվել և շախմատ խաղալ, ինչը միմյանց հետ հաղորդակցվելու և մտքեր փոխանակելու առիթ էր: Նրա հավաստմամբ՝ արքայական խաղը մեկ անգամ ևս հնարավորություն կտա գրողներին հավաքվելու և շփվելու միմյանց հետ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցը տեղեկացրեց, որ սա «Իմաստուն խաղի ներուժը» խորագրով անդրանիկ միջոցառումն է, և վստահեցրեց, որ առաջիկայում այսպիսի ակցիաները կլինեն շարունակական, հաջորդը հավանաբար կլինի հանրապետության որևէ մանկատանը: «Նպատակն այն է, որպեսզի այն վայրերում, որտեղ մարդիկ ցանկանում են զբաղվել ազնվագույն խաղով, տարվա մեջ գոնե մեկ օր իրենց համար ստեղծեն շախմատային տոնական մթնոլորտ»,- ասաց նա: Էդ. Միլիտոնյանը այս նախաձեռնության համար ՀԳՄ պատվոգրով պարգևատրեց Աղասի Ինանցին, իսկ վերջինս էլ Էդ. Միլիտոնյանին հանձնեց Շախմատի ֆեդերացիայի պատվոգիրը՝ տարիներ շարունակ շախմատում ունեցած ավանդի համար:
Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ նաև խորհրդանշական մրցանակային ֆոնդին, որը կազմում է 20000 դրամ: 1-ին տեղը գրավող գրողը կստանա 10000 դրամ, 2-րդ տեղը՝ 6000 դրամ, 3-րդ տեղը՝ 4000 դրամ:
Այնուհետև տեղի ունեցավ շախմատային հանդիպում: Բերդ Բաբայանը զբաղեցրեց 1-ին տեղը, Խաչիկ Մանուկյանը՝ 2-րդ, Ալեքսան Գոմցյանը՝ 3-րդ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ