ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

xLxTxBKa4mRuoJpM43HO2IHzyb

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Մարտի 14-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: Ներկայացնելով նիստի օրակարգը` ՀԳՄ գրական մամուլի հաշվետվություններ և ընթացիկ հարցեր, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց գրական մամուլի արդյունավետ գործունեության կարևորությունը Գրողների միության աշխատանքների լուսաբանման, գրական կյանքի առավել աշխուժացման համար: Հաշվե­տվությամբ հանդես եկան «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆելիքս Մելոյանը, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը, «Գրեթերթի» գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանը, «Ցոլքեր» հանդեսի գլխավոր խմբագիր Հռիփսիմէն, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վահե Արսենը: Ստեղծագործականից բացի, խմբագիրները ներկայացրին նաև խմբագրությունների գործունեությանն առնչվող այլ խնդիրներ: Մասնավորապես խմբագրություններում շարունակում է խնդիր լինել ֆինանսական միջոցների սակավությունը, ինչպես և հանդեսների ու թերթերի տարածման և վաճառքի վիճակը: Այս և խմբագրությունների գործունեությանն առնչվող հարցերի շրջանակում ելույթ ունեցան Ռուբեն Հովսեփյանը, Պետրոս Դեմիրճյանը, Արևշատ Ավագյանը, Ալիս Հովհաննիսյանը, Գագիկ Դավթյանը, Ավիկ Իսահակյանը: Խոսք գնաց գրական չափանիշները պահելու, գրական բանավեճերի անհրաժեշտության, գրական մամուլի տարածման ուղիների ու միջոցների, նաև «Լիտերատուրնայա Արմենիայի» էջերում հանրապետության գրական կյանքը լուսաբանող տեղեկատվությունն առավել համակողմանի ներկայացնելու և այլ խնդիրների շուրջ: Եղան մի շարք առաջարկներ: ՀԳՄ նախագահությունը գրական մամուլի աշխատանքը գնահատեց բավարար:
Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է Գրողների միությունում ընդունելություն չի եղել: ՀԳՄ նախագահությունը միաձայն որոշեց ընդունելությունը կազմակերպել այս տարվա ընթացքում: Որոշվեց ընդունելության պայմանների մասին հրապարակել «Գրական թերթում»: Միաժամանակ նախագահությունը հաստատեց ընդունող հանձնաժողովի կազմը:
ՀԳՄ նախագահը ներկայացրեց նաև առաջիկա միջոցառումների ծրագիրը: Մարտի 21-ին, Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ, ՀԳՄ շենքին կից Պոեզիայի պուրակում, մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում, գրադարաններում և մշակութային այլ վայրերում կկազմակերպվեն միջոցառումներ` գրողների, դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ: Այս տարի Մանկական գրքի շաբաթի բացումը որոշվել է անցկացնել մարտի 29-ին` Մարտունիում, փակումը՝ ապրիլի 4-ին, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում: Ավանդական է դառնում ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ-ի՝ Հայոց բանակին նվիրված ստեղծագործությունների համատեղ մրցանակաբաշխությունը: Հունիսին Ծաղկաձորում, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի աջակցությամբ, տեղի կունենա Համահայկական համաժողով` օտարագիր և Սփյուռքի հայ գրողների մասնակցությամբ: