«Հարգանքի տուրք՝ Հր Մաթևոսյանի հիշատակին»

Հրանտ-Մաթևոսյան

Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 79-ամյակի օրը, մեծ գրողին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում, Վանաձորում և այլուր: Ամեն տարի Վանաձորի Հր. Մաթևոսյանի անվան զբոսայգում՝ գրողի արձանի մոտ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ, հավաքվում են գրողներ, դասախոսներ, ուսանողներ, ովքեր իրենց գնահատանքի խոսքն են ասում գրողի մասին: Միջոցառումը վարող դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը կարդաց մի հատված Հր. Մաթևոսյանի եղբոր՝ Հրաչյա Մաթևոսյանի գրքից, որում դիպուկ բնորոշումներ կան անվանի գրողի կենսափիլիսոփայության վերաբերյալ: Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: «Արդեն ավելի քան 10 տարի է անցել այն օրվանից, երբ Հրանտ Մաթևոսյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Անցած տարիները վկայում են, որ նրա թողած գրական հզոր ժառանգությունն ավելի ու ավելի է արժևորվում,-ասաց նա: Գրողի մասին հուշեր պատմեց նրա ազգական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը: Հր. Մաթևոսյանի ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանություններով հանդես եկան ՎՊՄԻ դասախոսներ՝ բանաս.գիտ. թեկնածու, դոցենտներ Գայանե Մալումյանը և Լիլիթ Անտոնյանը: Գրողի մասին ջերմ խոսքեր ասացին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, երգիչ Մհեր Մելիքյանը և Վանաձորի թիվ 1 մշակույթի տան տնօրեն Սիլվա Անտոնյանը: Հր. Մաթևոսյանի «Աշնան արև» ստեղծագործության բեմադրությունից մի հատված կատարեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը: Գրողի ստեղծագործություններից հատ­վածներ կարդացին Ջիվան Սարգսյանի ղեկավարած պոեզիայի թատրոնի սաներ Դայանա Ամիրխանյանը, Սվետլանա Խաչատրյանը և թիվ 6 դպրոցի աշակերտ Սերգեյ Բաղդասարյանը: