Հանձնաժողովն է ընտրելու

9e0f62ec3b23eaf5d040c1d115c6a9a9

2016 թ. հրատարակվելիք գրականության ցանկերը ձեւավորելու նպատակով մշակույթի նախարարությունն արդեն սկսել է հայտեր ընդունել 2 հիմնական ուղղություններով՝ «Գրականության հրատարակում», որն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակում։ Այս ծրագրով նախատեսված են հանրագիտարանային գրականության, Անկախության 25-ամյակին նվիրված ալբոմների, Հայաստանի եւ նրա պատմությունը, մշակութային ժառանգությունը ներկայացնող հանրամատչելի գրականության, հոբելյանական հրատարակությունների, այդ թվում՝ էլեկտրոնային (խտասկավառակներ), երաժշտական գրականության տպագրություններ։ 2-րդ ուղղությամբ՝ «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով, պետությունը տպագրվող գրականությանն աջակցելու է մասամբ։ Սրա հետ կապված՝ տպագրության կպատրաստվեն թարգմանական եւ սփյուռքահայ գրականություն, հայ եւ համաշխարհային դասականների, երիտասարդ գրողների ստեղծագործություններ, հայ ժամանակակից եւ մանկապատանեկան, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների գրականություն։ Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա համար դեռ պարզ չէ, թե ինչքան է պետությունը հատկացնելու, բայց, սովորաբար, ամեն տարի լինում է մոտ 135 մլն. դրամի չափով ֆինանսավորում՝ ամբողջ գրահրատարակչության համար, բոլոր ուղղություններով։ Այդ գումարի շրջանակում տպագրվում է մոտավորապես 110-120 անուն գիրք։ Լինում են գրքեր, որ մերժվում են ու անգամ պետաջակցություն չեն ստանում, որովհետեւ, ըստ Միլիտոնյանի, հայտերը շատ են լինում, ընդհուպ 400 հայտ, որոնցից նոր ընտրվում է 110-120 գիրք։ «Դա հանձնաժողովն է քննում, եւ նրա խնդիրն է՝ ոնց կանեն, ինչ կանեն, մեր ՊՈԱԿ-ի հարցը չէ, նախարարությունն է այս տարի հավաքելու նաեւ հայտերը եւ ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը»։ Հանձնաժողովը ձեւավորվում է մշակույթի նախարարության կողմից, որի կազմն ամեն տարի փոխվում է։ Իսկ հանձնաժողովի մեջ, սովորաբար, ներգրավված են լինում տարբեր ինստիտուտներից (գրականության, արվեստի), Ակադեմիայից, ստեղծագործական միություններից, նախարարությունից ներկայացուցիչներ, նաեւ՝ գրողներ։ Հետաքրքրվեցինք, թե անձամբ իրեն գոհացնո՞ւմ է հանձնաժողովի ընտրությունը: «Իհարկե, ընտրվածների մեծ մասն անուրանալի արժեքներ են, լինում են նաեւ վերահրատարակություններ»։ Գրականության հրատարակման 2-րդ ուղղության համար պետությունն աջակցում է 40-60 %-ի սահմաններում, մնացած ֆինանսական բացը լրացնում են հրատարակչությունները: Ինչպես նշեց Միլիտոնյանը, իրենց ՊՈԱԿ-ը՝ Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնը, հիմնականում պետք է հետեւի արդեն ընդունված, ցուցակավորված գրքերի տպագրությանը, բովանդակային մասով հանձնաժողովն է ընդունում գրքերը եւ որոշում, թե որոնք պետք է տպագրել։

Նյութի աղբյուրը ` hraparak.am  Սոնա ԱԴԱՄՅԱՆ