«Հանդիպում Հր.Սարուխանի հետ»

Սարուխան

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնը սեպտեմբերի 13-ին հյուրընկալել էր հայոց պոեզիայի ամենապայծառ դեմքերից մեկին` Հրաչյա Սարուխանին: Հանդիպմանը ներկա էին գրականության ամբիոնի դասախոսներ, ուսանողներ: Գրողի ստեղծագործական ուղին ներկայացրեց գրականության ամբիոնի նորընտիր վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը: Նա նշեց, որ հանդիպումը ուսուցողական բնույթ ունի, և նպատակը մեկն է` ուսանողներին ևս գնահատել տան մեծանուն գրողին. «Ասում են` մարգարեն հարգի չէ իր քաղաքում, սակայն Հրաչյա Սարուխանի պարագայում լրիվ այլ է. նա հարգի է ամենուր` թե՛ մեր կողմից, թե՛ իր ընթերցողների»: Սարուխանի մասին ժամանակին դրվատանքի խոսքեր են ասել Գուրգեն Մահարին, Հովհաննես Շիրազը, Գևորգ Էմինը, Վահագն Դավթյանը, Վարդգես Պետրոսյանը, ուրիշներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, իսկ իր կատարած թարգմանությունները հրապարակվել են առանձին գրքերով և անթոլոգիաներով: Դեռ ուսանողական տարիներից բանաստեղծի հանդեպ հետաքրքրություն տածած` գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Հերմինե Բաբուռյանը Հրաչյա Սարուխանի պոեզիայի մասին մասնավորապես ասաց. «Անկարելի է անտարբեր անցնել Սարուխանի ուրույն բանարվեստի հրաշքի կողքով, գրական հրաշք, որ մեծ ու փոքր հայտնություններով դրսևորվում է առանց չափազանցության բոլոր ստեղծագործություններում` նրան հաստատագրելով որպես թույլ բանաս­տեղ- ծություն չգրած գրողի: Եվ զարմանալիորեն այս սարուխանական բացառիկ մաքրամաքուր, զրնգուն պոեզիայում ամենևին էլ ոչ եզակի ձևով տեղ են գտնում բարբառին ու ժարգոնին բնորոշ բառեր, արտահայտություններ, որոնք, սակայն, այնքան ներդաշնակ են թվում հազար անգամ մաղված բանատողերում, որ դառնում են բանաստեղծության միս ու արյունը»: Ուսանողներն ասմունքեցին Սարուխանի բանաստեղծու­թյունները, այնուհետ մտերմիկ զրույց ծավալվեց բանաստեղծի հետ. հնչած հարցերին բանաստեղծը պատասխանում էր անմիջականորեն ու անկեղծ: Պոետի համոզմամբ` բանաստեղծու­թյունը ծնվում է ապրումից, զգացումից. «Ես շարունակում եմ ստեղծագործել, իհարկե, շատ չեմ գրում և չեմ էլ փորձում քանակ ապահովել. բանաստեղծության մեջ պետք է գյուտ և ներդաշնակություն լինի: Ես կդադարեմ գրել, եթե նման գյուտեր չծնվեն»: Կյանքս երազի մեկնություն էր սոսկ, Ուր խորհուրդ ուներ չասված ամեն խոսք, Ուր խոսքերն ասված կյա՛նք չէին արդեն, Այլ` անմեկնելի Երազների հոսք…