ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻ ՀԵՏ
Մայիսի 12-ին Վանաձորի պետական համալսարանի հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը, ով ներկայացրեց իր 14-րդ գիրքը՝ «Վրիպած ջրհեղեղ» վերնագրով: ՎՊՀ-ի գրականության ամբիոնի վարիչ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը ողջունեց հյուրերին, ներկաներին և հակիրճ ներկայացրեց Հովիկ Հովեյան բանաստեղծին, նրա կյանքն ու գործունեությունը:
Հ. Հովեյանը հեղինակել է տասնյակ բանաստեղծական ժողովածուներ, բազմաթիվ հոդվածներ, խոհագրություններ, ակնարկներ, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, նրա սցենարներով ու տեքստերով նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոնկարներ, գրվել են բազմաթիվ խմբերգեր, ռոմանսներ, ջազային ստեղծագործություններ: Իրանում թարգմանվել և պարսկերեն հրատարակվել է նրա «Քամիների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն: Այժմ էլ ընթերցասեր հանրությանն է ներկայացնում նոր՝ «Վրիպած ջրհեղեղ» ժողովածուն:
Թե ինչպես ընտրվեց գրքի վերնագիրը, Հ. Հովեյանը պատասխանեց. «Բոլորս ապրում ենք վրիպումների հարահոսում, և այդ վրիպումները մեզ ինչ-որ բան պիտի ցուցանեն և հուշեն»: Հեղինակը նաև նշեց, որ գրքում տեղ են գտել 223 գործեր, որոնք բարդ են և նախատեսված չեն բոլորի համար. այստեղ կարևորվում է տողատակը, ենթագիտակցական շերտը: Այս ոճը հեղինակի համար իսկապես նորույթ է, քանի որ նրա կողմից մինչ այս հիմնականում տպագրվել են դասական ոճի բանաստեղծություններ: «Վրիպած ջրհեղեղ» բանաստեղծական շարքը խոսում է մեր անցյալի, ներկայի և սպասվող գալիքի մասին:
Բանաստեղծի ստեղծագործությունների մասին տպավորություններ հայտնեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը և ուրիշներ: Նրանք ողջունեցին ներկաներին, խոսեցին գրողի մասին՝ ներկայացնելով նրան այնպիսին, ինչպիսին ճանաչում են անձնապես, պատմեցին նաև հումորային պատմություններ:
Միջոցառմանը ներկա էին և Հովիկ Հովեյան բանաստեղծի ու մարդու մասին ջերմ խոսքեր ասացին նրա կինը՝ կոմպոզիտոր Վարդ Մանուկյանը, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Մկրտիչ Մազմանյանը, ճարտարագետ, էսսեիստ Ռուբեն Հովակիմյանը (Փարիզից), գեղանկարիչ, դիզայներ Եվա Գրիգորյանը:
Ի սկզբանե նախատեսված էին նաև ելույթներ գրականության ամբիոնի դասախոսների կողմից, սակայն հյուրերի նախաձեռնությամբ միջոցառման ընթացքը փոխվեց. Հ. Հովեյանը նշեց, որ չի ցանկանում հանդիպումը գիտաժողովի վերածել և նախընտրում է կենդանի շփումն ուսանողների և դասախոսների հետ:
Ներկաները խոսեցին Հ. Հովեյանի պոեզիայի մասին, ներկայացրին նրա ստեղծագործություններից իրենց սիրելի հատվածները: Ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը ներկայացրեց Հ. Հովեյանի մի քանի բանաստեղծություններ:
Այնուհետև բանաստեղծը հանդես եկավ կարճ ելույթով՝ ցանկություն ունենալով ճանաչել ուսանողներին, դասախոսներին, պարզել, թե նրանց շարքերում կա՞ն ստեղծագործող անհատներ, և որքանով են նրանք կապված պոեզիային և գրականությանը:
Վերջում հեղինակը «Վրիպած ջրհեղեղ» գիրքը՝ իր մակագրությամբ, նվիրեց ներկաներին և ևս մի քանի օրինակ՝ բուհի գրադարանին:
Յանա ԵՂՇԱՏՅԱՆ