ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

groxi-het-300x225

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Յաիր Աուրոնը իսրայելցի գիտնական, պատմաբան, ցեղասպանագետ, Եվրոպական հրեության պատմության, ռասայականության և արդի հրեության պատմության մասնագետ է, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ, պատմա-բանների և ցեղասպանագետների միջազգային մի շարք կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ մենագրությունների և գիտական աշխատությունների հեղինակ:
Հեղինակել է ,Անընդունելի անտարբերությունե աշխատությունը, որի համար 2000 թվականին ներկայացվել է կանադական ,Լիոնալ Գելբերե մրցանակին:
Ծավալուն արխիվային հետազոտությունների վրա հիմնված Յաիր Աուրոնի գիրքը առաջին անգամ մանրամասնորեն լուսաբանում է Հայոց ցեղասպանության հարցը: Բնօրինակը գրված է Իսրայելի հինավուրց լեզուներից մեկով՝ եբրայերենով: Թարգմանված է անգլերեն և ռուսերեն: Վերջերս այն թարգմանվել է նաև հայերեն (թարգմանիչ՝ Աննա Սաֆարյան, ներածական խոսքը՝ Զորի Բալայանի):
Օրերս Արցախում էր Յաիր Աուրոնը: Փետրվարի 23-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկ­ցի համալսարանում կայացավ հանդիպում նրա հետ:
Բացման խոսքում համալսարանի ռեկտոր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, բարձր գնահատելով Յաիր Աուրոնի մեծ ներդրումը Հայոց ցեղասպա-նությունը միջազգային հանրության համար ճանաչելի դարձնելու գործում, նրան դասեց Նանսենի, Ֆրանց Վերֆելի և մյուս մեծերի շարքին, որոնք իրենց արդար ձայնն են բարձրացրել հանուն հայ ժողովրդի, հանուն Մեծ եղեռնի ճանաչման:
Այնուհետև Յաիր Աուրոնը հանդես եկավ ծավալուն դասախոսությամբ՝ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունները թեմայով, իսկ անդրադառնալով Իսրայելի անկախացման պատմությանը՝ զուգահեռներ անցկացրեց ղարաբաղաադրբեջանական և իսրայելապաղեստինյան հակամարտությունների միջև:
– Արցախցիների ոգին շատ հզոր է,- ասաց նա իր խոսքում,- և այդ ո­գին է պատճառը, որ դուք կարողացաք հաղթել և կերտել անկախ պետականություն:
Յ. Աուրոնը խոսեց նաև, թե ինչպիսի մեծ աշխատանք է տանում, որպեսզի իր երկրի ղեկավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հանդիպման ընթացքում ուսանողների հարցերին սպառիչ պատասխաններ տվեց բանախոսը:
Գրիգոր Նարեկացի համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Յաիր Աուրոնն արժանացավ պատվավոր պրոֆեսորի կոչման: