Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում

imgres

Հանդիպում «Արեգնածին» գրական ակումբում
«Արեգնածին» գրական ակումբի հերթական հրավերը գրողների հարկի տակ հեղինակային գրական-ստեղծագործական դասընթացի 2-րդ հանդիպումն էր Եղիշե Չարենցի 120-ամյակի հոբելյանական օրերին ընդառաջ: Օրվա խորհուրդը Գրիգոր Նարեկացու «Կարենալուդ հետ և կամենալն է քեզ ախորժելի» տողն էր, որի մեկնությամբ պատանի ընթերցողի հետ զրույց էր՝ «ո՞վ ինչպես ո՞ւմ կսովորեցնի, ո՞ւմ ինչպես ո՞վ կսովորեցնի»: «Եթեր» շաբաթաթերթի «Փոքր Մհեր» պատանեկան գրական էջի հրապարակումներում Նարեկացու տողը, որպես խորագիր, այն չափանիշն էր, որով մեր մեծերն են ապրել, գործել, ստեղծագործել և սովորեցրել: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի աշխատակից Տիգրան Սարգսյանը պատմեց կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության երևանյան շրջանի մասին, որ ներշնչում ու նվիրում էր մայրաքաղաքին ու նրա քաղաքացուն՝ ժամանակին ընդառաջ մշակութային ոգով կայանալու համար: Այդ օրերի քրոնիկոնից պարոն Սարգսյանը պատմեց նաև Ալեքսանդր Թամանյանի և Եղիշե Չարենցի հղացած արևային քաղաքի գաղափարի մասին, որով ոգևորվել էին ժամանակակից մտավորականները:
Երևանի թիվ 35 և Վահան Տերյանի անվան դպրոցների աշակերտության, Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության համար տեր Թովմա քահանա, բանաստեղծ-երգահան Վահան Անդրեասյանը ներկայացրեց Նարեկացուց մինչև Չարենց և նրանց տեսլականով մեր օրերին միտված հոգևոր ճշմարտության, գնահատանքի և ժառանգելու պատվիրանները:
Մ. ԱՃԵՄՅԱՆ