Հայ գրականությունը հերթական կորուստը կրեց

1

Հայ գրականությունը հերթական կորուստը կրեց. կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացավ բանաստեղծ, հրապարակախոս, 1991 թվականից ՀԳՄ անդամ Ռոմիկ Սարդարյանը:
Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Ղափան քաղաքում /այժմ՝ Կապան/: 1951 թվականից տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսման շրջանում և հետագա տարիներին աշխատել է հանրապետական մամուլում /«Ավանգարդ», «Հայ զինվոր», «Վերածնված Հայաստան»/, Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում /բաժնի վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ/: Վերջին տարիներին ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիրն էր: Անդամակցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը:
Արցախյան ազատամարտի շրջանում մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը:
Ռոմիկ Սարդարյանի բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում և առանձին ժողովածուներով: «Վայրկյանների երգը» /1975/, «Հոգու երկիրը» /1980/, «Կյանք հավելյաց» / 1999/, «Ջրհոսի ժամանակը» /2004/ և ուրիշներ սիրվել ու գնահատվել են ընթերցողների ու մասնագետների կողմից: Նա հասցրեց տեսնել նաև վերջերս ՀԳՄ հրատարակչությամբ լույս տեսած իր ստեղծագործությունների ընտրանին՝ «Մնացած կյանքի համար» խորագրով:
2000 թվականին արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի:
Սիրված բանաստեղծի, ազնիվ ու անաչառ հրապարակախոսի, սրտացավ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, գրչընկերների, ընթերցողների սրտերում:

ՀԳՄ վարչություն

Ռոմիկ Սարդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 18.00-20.00-ն, Մալաթիա-Սեբաստիա համայնքի եկեղեցում /թաղապետարանի հետևի այգում/:
Վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-14.00, Հայաստանի գրողների միությունում /Մարշալ Բաղրամյան 3/: