Հայ-բելառուսական գրական միջօրեականներում

 

Նոյեմբերի 19-20-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների գրահրատարակիչների, պարբերական մամուլի խորհրդի հավաք, որին մասնակցում էր խորհրդի համանախագահ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: ԱՊՀ երկրների (հայ-բելառուսական) գրական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀԳՄ նախագահն արժանացավ Բելառուսի տեղեկատվության նախարարության պատվոգրին: Բելառուսի տեղեկատվության նախարարության «Звязда» հրատարակչատան կողմից ստեղծված «Созвучие» գրական-գեղարվեստական պորտալը նպատակաուղղված է ոչ միայն ԱՊՀ երկրների ժամանակակից և դասական գրականությունների հանրաճանաչմանը, այլև գրական և գեղարվեստական քննադատության ընդհանուր տարածքի ձևավորմանը: Հրատարակչատունը աշխատակցում է ինչպես անհատների, այնպես էլ խմբագրությունների և հրատարակչությունների հետ: Այսուհետ ՀԳՄ-ն ևս կաշխատակցի այդ պորտալին` «Литературная Армения» հանդեսի միջոցով: 2015 թ. փետրվարի 11-15-ը Մինսկի գրքի միջազգային ցուցահանդեսում կգործի հայկական տաղավարը` ներկայացնելով տարաբնույթ հրատարակություններ, ինչպես նաև ժամանակակից հայ գրողների գրքերը: Հայաստանի և Բելառուսի գրողների միությունները պատրաստել են համագործակցության ծրագիր: Բելառուսի գրողների միության ավանդույթի համաձայն՝ տարբեր երկրների անվանի գրողներին ընդունում են իրենց Գրողների միության անդամ: Բելառուսի գրողների միության անդամ ընտրվեց նաև Էդ. Միլիտոնյանը: