Հայրենասիրություն նրա բոլոր տողերում

Հայրենասիրություն նրա բոլոր տողերում

Հունիսի 26-ին Սերո Խանզադյանի մահվան 17-րդ տարելիցի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հավաքվել էին գրողներ, կրտսեր ընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ, նրա գրականությունը գնահատողներ` խնկարկելու և հարգանքի տուրք մատուցելու գրողի հիշատակին:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը բնութա­գրեց Ս. Խանզադյանին իբրև բնության մի շատ մեծ ձուլակտորի, որ կրում էր իր Գորիսի քարանձավները, պահվածքը, վիմագրությունը, ներկայությունը, պատերազմի հուշերն ու օրա­գրերը: Ապա հավելեց, որ ստեղծագործական բուռն գործունեությանը զուգահեռ նա քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ուներ հայրենիքում տեղի ունեցող ամեն մի իրադարձության հանդեպ: Էդ. Միլիտոնյանն ընդգծեց նաև գրողի բարի, հոգատար վերաբերմունքը երիտասարդ հեղինակների հանդեպ: «Մի ամբողջ հանրագիտարան էր. Հայաստանն իր բոլոր գյուղերով, տեղանուններով հետաքրքրում էր գրողին, և նա գրառումներ էր անում` հրատարակելով հանրագիտարանային արժեք ներկայացնող գրքեր «Հայրենապատումներ» անվամբ»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
Բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը Ս. Խանզադյանի գրականությունը համեմատեց Սյունյաց աշխարհի հորդուն ջրերի հետ. «Նա ոչ միայն գրող էր, արձակագիր, այլև իր երկրի քաղաքացին էր, հայրենասեր էր, հայրենասիրությունը շողում է նրա բոլոր տողերի մեջ»:
Գրականագետ Կիմ Աղաբեկյանի հավաստմամբ` Ս. Խանզադյանի ստեղծագործությունը տարիների ընթացքում ավելի գնահատելի է դառնում. «Ամեն անգամ, երբ վերընթերցում ես նրա երկերը, դրանք ամեն անգամ նորովի ես ընկալում, նոր շերտեր, նոր գույներ ու երանգներ հայտնաբերում»: