ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՆՎԻՐՅԱԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՆՎԻՐՅԱԼԻ
ԱՐԺԵՔԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սարգիս Սելյանը նոր անուն չէ հայ թարգմանչական գրականության մեջ: Հայրենիքի նկատմամբ նրա պաշտամունքը արտահայտվում է ոչ միայն թարգմանությամբ, այլև բանասիրական ուսումնասիրություններով, ստեղծագործական հայտնություններով:
Ս. Սելյանը անմասն չէր կարող մնալ Խաչատուր Աբովյանի ծննդյան 210-ամյակի նշանավորումից: 2014 թ. նախաձեռնելով «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպի թարգմանությունը, 2015 թ. օգոստոսի 22-ին տպագրեց լուսավորչի անմահ ստեղծագործությունը և առաջին օրինակը ուղարկեց հայրենիք: ՀՀ Մշակույթի նախարարությունը ջերմորեն ընդունեց նվիրյալ գրականագետի աշխատասիրությունը և ցանկություն հայտնեց հայրենի գրադարանները հարստացնել նորալեզու գրքով:
Ս. Սելյանի հմուտ թարգմանչական արվեստն այնքան ակնառու է, որ ռումինացի ընթերցողը պատկերացում է կազմում թե՛ Հայաստանի, թե՛ բազմադարյան պատմություն կերտած հայ ժողովրդի մասին: Առաջաբանում ներկայացնելով վեպի արժեքը, Ս. Սելյանը անդրադառնում է 1915 թ. ցեղասպանությանը՝ հստակեցնելով այն գաղափարը, որ դարեր շարունակ ասիական երկու բռնատիրությունները նպատակադրված էին հայության ու նրա հայրենիքի ասպարեզից վերացնելուն:
Սարգիս Սելյանը գիրքը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Լիահույս ենք, որ հայ գրականության, մշակույթի նվիրյալը առաջիկայում ևս աշխարհի ժողովուրդներին կներկայանա իր հայրենիքի ճանաչողությունը ապահովող նոր գործերով:

Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ