«Հայտարարություն ի պաշտպանություն Սևան Նշանյանի»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ի պաշտպանություն Սևան Նշանյանի
Հայաստանի գրողների միությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում Թուրքիայում իրականացված հերթական անարդարության, Պոլսի հայ մտավորականության ակնառու ներկայացուցիչներից մեկի՝ նշանավոր լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանի ազատազրկման կապակցությամբ:
Ճանաչված մտավորականի նկատմամբ նախկինում ևս իրագործված նման բռնությունների փաստերը դատապարտելի են հենց նրանով, որ դրանք «հիմնավորվում» են ապօրինի շինարարություն կատարելու և այլ անհեթեթ պատճառաբանություններով, անտեսելով նաև այն մեծ ավանդը, որ Սևան Նշանյանը ներդրել է հենց Թուրքիայի գիտական-մշակութային կյանքում՝ ստեղծելով «Թուրքերենի ծագումնաբանական բառարանը» և այլ հիմնարար աշխատություններ:
Պետք է վերացվեն բոլոր տեսակի ճնշումներն ու բռնությունները մի մարդու, մտավորականի, գրողի հանդեպ, ում միակ երազանքն ու նպատակը աշխատելն ու արարելն է, արդարությանն ու ճշմարտությանը ծառայելը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գրողները կարող են իրենց զորակցությունը հայտնել Սևան Նշանյանին նաև նրան ուղղված մակագրված գրքերով:
Ցանկացողները գրքերը կարող են հանձնել Հայաստանի գրողների միություն, 2-րդ հարկ, Հերմինե Նավասարդյանին, հեռ. 56-45-70: