Հայաստանի գրողների միություն – 80

80 amyak

ՇնորհավորանքՆԵՐ   80 – ամյակի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը ՀԳՄ 80-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության բոլոր անդամներին և ողջ ստեղծագործական մտավորականությանը` Միության հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ:
Անցած ութ տասնամյակների ընթացքում Հայաստանի գրողների միու­թյունը եղավ հոգու ու մտքի այն օջախը, որն իր կազմակերպական կառույցում միավորեց հայ գրի անդուլ մշակներին և նրանց ստեղծագործական հանճարն ուղղեց հայ գրականության բազմադարյա հարուստ ավանդույթների շարունակմանը, ստեղծեց նորերը, միշտ կիսեց ժողովրդի հոգսերն ու ուրախու­թյունները, ականջալուր եղավ հասարակությանը հուզող բոլոր խնդիրներին ու գրականության մեջ որոնեց դրանց լուծման ուղիները:
Հայաստանի գրողները հարազատ ժողովրդի հետ էին Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում, համաժողովրդական ազգային-ազատագրական շարժման փոթորկալից օրերին, անկախություն կերտելիս ու Արցախյան ազատամարտի խրամատներում:
Իր բազմարդյուն գործունեությամբ Հայաստանի գրողների միությունը նպաստեց ստեղծելու գրական մնայուն ստեղծագործություններ, որոնք այլևս դարձել են հայ ժողովրդի մշտական ուղեկիցը, և սերունդների հոգում սերմանում են բարություն, ազնվություն ու հպարտություն, սեր դեպի Հայրենիքը, միաժամանակ սովորեցնելով չընկրկել փորձությունների առջև, չմոլորվել չարի ու անազնիվի հյուսած որոգայթներում և միշտ դավանել մնայուն արժեքներ, ինչի կարիքը մենք այսօր այնքան շատ ունենք:
Կրկին շնորհավորելով Հայաստանի գրողների միության 80-րդ տարեդարձի առթիվ՝ հայ գրողներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և բոլոր զինծառայողների հետ սպասում Հայաստանի ու Արցախի անկախության ամրապնդումն ու Հայկական բանակի վստահ երթը պատկերող, մեր Հայրենիքը երիզող խրամատներում կանգնած զինվորների ու հրամանատարների հերոսական կերպարները ներկայացնող նոր ստեղծագործությունների:

Հարգանքով`
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆ


 

ԽԻԶԱԽՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ` ԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԻՆ / Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Ամեն տոն իր խորհուրդն ունի:
Գրողների միության 80-ամյակը առանձնանում է նրանով, որ բոլոր մյուս տոների խորհուրդն ամփոփում է իր մեջ:
Տիեզերքի խորհուրդը:
Խորհուրդը ԲԱՆԻ:
Կա մի կարևոր առանձնանիշ ևս. Գրողների միության 80-ը ոչ թե զուտ տարիների գումար ու քանակ է ներկայացնում, այլ հոգիների ու հզոր մտքի նշանով իմաստավորված ժամանակ: Եվ տարիների անցուդարձն ու ընթացքը ցույց են տրվում ոչ թե ժամացույցի սլաքով, այլ՝ բառի ժամանակացույցով, այս դեպքում ժամանակը բոլորովին այլ անուն ու բովանդակություն ունի, քանի որ սովորական ժամանակից խիստ տարբերվում է… Նրանով, որ իրենք` գրչի վարպետներն են ստեղծում
Իրենց ժամանակը:
Իրենց հայրենիքը:
Իրենց տարածությունը:
Եվ գրչի ստեղծած ժամանակն ու տարածությունն ունենում են յուրօրինակ օրենքներ, վարք ու կարգ, խիստ ընդգծված տարբերա­նշաններ: Իսկ գրել, նշանակում է մաքառել, կռվել:
Չարենց.
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Ճշմարիտ գրողը բառի հաշվին չի երկարացնում իր կյանքը, այլ իր կյանքի հաշվին երկարացնում է բառի կյանքը:
Աշխարհի բոլոր պատերազմները, ի վերջո, նրա համար են, որ բառի տերը բառի տերը լինի, քանզի հողն ու բառը նույնն են: Եթե քո հողի վրա քո շուրթին քո բառը չէ, ուրեմն դու չես քո հողի վրա, ուրեմն քո հողը քո հողը չէ: Եվ բացարձակապես իմաստազրկվում է կյանքը, եթե քո հողի վրա ապրողը դու չես:
Բառը ժամանակ է, ժամանակը`
պատմություն:
Ես չեմ ուզում պատմությունը լինի
իմ հայրենիքը,
առավել ևս` չեմ ուզում, որ
իմ հայրենիքը դառնա պատմություն:
Ինձ պատմությունից առաջ հարկավոր է պատմության փիլիսոփայությունը: Ինձ ան­հրաժեշտ է, հաց ու ջրից էլ շատ, խիզախման այն փիլիսոփայությունը, որ Չարենցով սրբագործվեց, որ մեր ութսուն տարիների մեծագույն նվաճումը եղավ:
Խիզախման չարենցյան փիլիսոփայությունը:
Չարենցի մեջ պիտի տեսնել այն Չարենցին,
որին չգիտե
Չարենցը:
Եվ որքան ես սիրեմ իմ Հայաստանը, որքան
պաշտեմ նրա ամեն մի թիզ հողն ու բառը,
այնուամենայնիվ…
իմ Հայաստանում կա մի վայր, ուր
սպանել են Չարենցին: Կա մի վայր, ուր
սպանել են Սևակին… Կա մի վայր,
ուր…
Ո՛ւր…
Ո՛ւր…
Ո՛ւր:
Եվ մեկ են դառնում հարցն ու շեշտը:
Ութսուն տարի… Եվ նորից ու կրկին ուզում եմ հարցնել` 80-ի մեջ (հաշիվներն արդեն իմ մեջ խառնվում են), քանի՞ 37 է լինում, քանի՞ 37-ական թվականներ…
Չարենց.
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին:
Ես Հայաստանի պատմությունից ու պատմության փիլիսոփայությունից առավել կարիք ունեմ պատմական Հայաստանի:
Ես Արցախի պատմությունից առավել պատմական Արցախին եմ ուզում տեր լինել:
Ես Արցախ-Հայաստանից եմ Հայաստան եկել, և մանավանդ այս տոնին մասնակցելու համար կուզենայի գայի ու հասնեի ոչ թե Հայաստան, այլ՝ Ծովից ծով Հայաստան:
Բայց հասնելուց առաջ թողեք ինքս ինձ հարցնել`
Ո՞ւր է Կոմիտասը:
Ո՞ւր է Վարուժանը:
Ո՞ւր է Զոհրապը:
Ո՞ւր է Սիամանթոն:
Ո՞ւր է…
Ո՞ւր է…
Հարցնեմ` ոչ… լռեմ:
Թշնամին մեզ ոչնչացնելով` սովորեցրեց մեզ, թե ինչպես ինքներս մեր դեմ ելնենք, ինքներս մեզ չխնայենք, չխնայենք անգամ մեր սրբությունները, որոնցով ներկայանում ենք աշխարհին: Եվ հիմա ինքը կարող է արդեն կողքից նայել մեր ինքնաոչնչացմանը, որի անունը… գաղթ է: Գաղթի չափերի մասին նույնիսկ ակնարկելն է ամոթ: Էլ չեմ խոսում մի ուրիշ, մեր ժամանակի ամենաահավոր ախտի մասին. եթե դատելու լինենք ինֆորմացիոն-տեղեկատվական ամենօրյա վիճակագրության տվյալներով, ուրեմն, այսօր մեր երկրում բոլորը, կամ` գրեթե բոլորը, խաբեբաներ են, ավազակներ, գողեր, սրիկաներ, երկու քոռ գրոշի համար մեռածներ: Ինքնաբացարկման, ինքնության ուրացման այնպիսի մի կիրք, որին Ներոնն անգամ կնախանձեր …
Դպրությունից օտարվելն ինքնահրաժարում է բոլորիս ու մեր ազգի համար: Գրքի ու գրականության հանդեպ վերաբերմունքը հիմնականում փոխարինվել է «մոդայիկ» սիրո ցուցադրումով` թե՛ հասարակության մեջ, թե՛ իշխանական թևերում: Իսկ արվեստի համար ոչինչ այնքան սպանիչ չէ, որքան նման ցուցքերի կազմակերպումը: Չմոռանանք ի վերջո.
Ամենագեղեցիկ դագաղը, դա «սերն» է`
շռայլ զարդերի, գգվանքների ու ծաղկանց մեջ թաղված:
Մենք դատապարտված ենք ուժեղ լինել, որ չհասնենք այնտեղ, ուր չենք գնում:
Ներեցեք, խնդրում եմ, որ խոսքս
տոնական չէ, և
ներեցեք, որ «շնորհավորում եմ»
խոսքերի փոխարեն
ուրիշ բառեր են բերան գալիս: Չասելու
իմ խոսքերն ընդունեցեք որպես…
կուլ չգնացող
լռություն:
Լռության բառ:
Ամեն բառի վրա հազար
պատուհան կա բացված,
բայց ես նայում եմ միայն փակով, որ տեսնեմ
պահի իրական պատկերն` առանց
պատրանքների: Չէ՞ որ
գրողը չի ստեղծում պատրանքներ, չէ՞ որ
գրողը պատրանքները
ցրում է:
Մեր տեսլականը պետք է խարսխված լինի ռեալ, իրական վիճակի վրա, ոչ թե ցնորքների:
Գրողը ստեղծում է քաղաքակրթություն: Գրողը ստեղծում է հասարակություն: Բայց ո՛չ այսպիսին, ինչպիսինն այսօրվա մեր ունեցածն է:
Հասարակության ձևավորման բնականոն ընթացքը մեզանում խաթարված է:
Ախտավոր է մեր հասարակությունը:
Այն իմը չէ:
Այն մերը չէ:
Առավել ևս` այն Չարենցինը չէ, ոչ էլ Շիրազինը կամ Հրանտ Մաթևոսյանինը:
Բայց ո՞ւմն է: Հարցնեմ ու… ոչ լռեմ:
Ինձ հոգեբանությունից ավելի հոգեբանության փիլիսոփայություն է հարկավոր: Իսկ մենք դեռ վիճում ենք` ում արձանը կանգնեցնել, ումը` չէ… Գաղթի ճամփան բռնած` ասես շտապում ենք մեր հողը բնակեցնել լավ կամ վատ, արժանի կամ ոչ արժանի մարդկանց հուշակոթողներով…
Այո, մենք մշակույթի ժողովուրդ ենք:
Հուշը մեր հոգևոր արժեքների համակարգում կարևորագույն և առանցքային տեղ ունի, բայց պե՞տք է երկիրը հուշերի բնակավայր դարձնել` առանց մեզ (աչքը տեսածից է զգուշանում), առանց մեր ներկայության, որքան էլ Սահյանին «Բացակա չդնենք»… Իսկ եթե դնում ենք, դրանով մեր ներկայությունն ենք հարցականի տակ դնում:
Մարդուց արձան ստեղծելու փոխարեն, արձանից մարդ ստեղծենք…

Եվ հիշենք այս տոնական օրը, որ մեր մեծերի մեծը` Նարեկացին, իրեն սազական կոթող չունի Հայաստանում:
Իսկ թշնամին իր գրողի համար անգամ դամբարան է կառուցում:
Մենք պիտի հավատանք ինքներս մեզ, մինչդեռ անում ենք ուղիղ հակառակը` ճիշտ է, հավատում ենք, բայց, ոչ մեզ, մեզանից բացի` բոլորին:
Գրողը ժամացույց չէ, որ ցույց տա ներկան, որ, ինչպես Սևակը կասեր, զարթուցիչով արթնացնի, գրողի բառը առաջին հերթին ժամանակացույց է, որով կարող ենք տեսնել և՛ ներկան, և՛ անցյալը, և՛, մանավանդ ապագան, և շտկել մեզ ու մեր ժամացույցը` ըստ նրա անսխալ բառի:
Բառը այն սլաքն է, որով կարող ենք շտկել և
պատմությունը: Եվ ամեն ինչ:
Եվ անգամ` անշտկելին…
Եթե սլաքը ժամանակից առաջ է ընկնում,
ուրեմն
ժամացույցը շարքից դուրս եկած է,
եթե բառը ժամանակից առաջ չի ընկնում,
ուրեմն
գրողն է շարքից դուրս եկած:
Վերջացնեմ խոսքս. մենք մեր ԳՄ 80-ամյակը տոնելով` գնում ենք դեպի Եղեռնի 100-ամյակը: Եվ որպեսզի մեր սուրբ նահատակները մեր ոգեկոչումի խոսքն ու խոնարհումն ընդունեն,
Գնանք ազգային համերաշխությամբ:
Գնանք ազգային ծրագրով:
Գնանք այն քայլերով, որոնցով վերադարձել է Արցախը, որոնցով պիտի մեր Սասունը, Վանը, Տարոնը վերադառնան…Որոնցով մենք պիտի ամբողջանանք, լրիվանանք…
Որոնցով պիտի մենք մենք լինենք:
Ահա այդ ժամանակ իրավունք կունենանք ասելու.
մենք մեր գրչի տերն ենք ու
տերն ենք մեր Տեր Աստծո:
Որովհետև գրողը զինվոր չէ միայն: Գրողը
ժողովուրդ է ու զորաբանակ:
Երկիր ու հող…
Ու թեև գրիչը գրողի ձեռքին է, բայց
գրչի տերը ժողովուրդն է:
Հիրավի, Գրողների միության 80-ամյակը առանձնանում է, քանի որ բոլոր մյուս տոների խորհուրդն ամփոփում է իր մեջ: Եվ դա բնական է, չէ՞ որ այն տոնն է տիեզերքն իր մեջ պարառած ԲԱՆԻ:
Հ.Գ.
Ընդունեցեք, խնդրեմ, շնորհավորանքի ջերմ ողջույններ` Արցախի գրողների, ստեղծագործական մտավորականության, հայկական երկրորդ հանրապետության ժողովրդի ու ԼՂՀ նախագահի անունից: Եվ, որպես հուշա­նվեր, սիրով ՀԳ-ին եմ հանձնում արցախցի անվանի գեղանկարիչ Սերգեյ Առստամյանի նոր գործը, ուր պատկերված է մեր քաջ տղաների արյամբ ազատագրված Դադիվանքը` իր սուրբ խորհրդով:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միության նախագահ


 

ԵԼՈՒՅԹ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ 

Հայաստանի գրողների միության ծննդյան 80-ամյակը գրական և մշակութային երևելի իրադարձություն է: Հետադարձ հայացք նետելով նրա անցած ճանապարհին, պատմությանն ու տարեգրության էջերին, այսօր մենք առիթ ունենք և՛ ուրախանալու, և՛ տխրելու, և՛ հպարտանալու ու նվաստանալու, և՛ մտահոգվելու նրա ոչ միշտ խաղաղ ու ստեղծագործ, ավելի հաճախ ալեկոծվող գործունեության համար: Լինելով նախկին համայնավար, բազում ու տարա­բնույթ ժողովուրդներից բաղկացած կայսրության գրողների միության մի կարևոր ու եռանդուն մասնաճյուղը, Հայաստանի գրողների միությունը որդեգրեց նրա շատ հատկանիշներ, մասնավորաբար՝ կեղծ սոցիալիստական գաղափարախոսություն, անհատի պաշտամունք, բարոյական հոռի բարքեր, նաև հանցագործ վերաբերմունք գրական մեծ ու հոգեղեն արժեքների նկատմամբ: Այս մասին շատ է խոսվել, բայց նույնիսկ այժմ, այս հոբելյանական առիթով ավելորդ չէ կրկնել, ապաշխարանքը կրկնողություն չէ, այլ՝ շարունակելի, մշտապես անհրաժեշտ մաքրագործում: Մենք գրողների տիզբոնյան կազմակերպության փոքր զավակը եղանք, բայց այդ փոքրն էլ մեծ էր ու ահռելի, ահասարսուռ: Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Զապել Եսայանը սպանվեցին և գերեզման չունեցան: Մահարին և Լեռ Կամսարը ենթարկվեցին անլուր հալածանքների: Սփյուռքահայ ընտիր գրականությունը օտարվեց մայր հայրենիքից: Մինչև անգամ արևմտահայ փառահեղ գրականությանը նայեցինք ծուռ ու կասկածելի հայացքով: Կարող եք մտածել՝ այս հոբելյանական օրերին անցյալի ողբերգությունները հիշատակելու ժամանակը չէ: Ո՛չ, հարգելիներս, հենց տեղն է ու ժամանակը, Հայաստանի գրողների միությունն արժևորելուց առաջ՝ մենք պետք է ողբանք մեր գրողների եղերական ճակատագիրը և գլուխ խոնարհենք նրանց հավերժական գրականության առջև, որը շարունակում է ժողովուրդ և հայրենիք պահել, դպրոց և համալսարան է ապրողներիս համար, արժեքայնության բարձր համակարգ ու չափանիշ: Մանավանդ՝ անհատի պաշտամունքը և սոցիալիստական սնամեջ ռեալիզմը մեր մաշկից քերելուց հետո, արդեն բազում տարիներ մենք դարձել ենք ուրիշ, բավականին նոր, ճշմարիտ ու ազնիվ: Հայաստանի գրողների միությունը միշտ էլ եղել է հասարակական շարժումների բանուկ խաչմերուկում, հոգևոր կյանքի կրողներից: 1960-ական թվականներից ի վեր դժվար է հիշատակել հայերիս ազգային որևէ խնդիր, որին մեր միությունն իր երևելի գրողներով անդրադարձած չլինի. թուրքական ցեղասպանություն և սրա յուրահատուկ շարունակությունը՝ 1937 թվական, պայքար հանուն հայոց լեզվի պետական կարգավիճակի, իրական անկախության ձգտումներ, Արցախյան հերոսամարտ, հայրենական մշակութային արժեքների պահպանություն, ժողովրդի կյանքում գրականության դերի և նշանակության հաստատումներ, հայրենիք-Սփյուռք առնչությունների նորովի կառուցում, կրթության, լուսավորության, գրահրատարակչության, հայ գրականությունը օտար լեզուներով ներկայացնելու հարցերը և այլն: Այս ամենի շնորհիվ ձևավորվեց Գրողների միության բարձր հեղինակությունը, նախկինի համեմատությամբ անկախ ու ազատամիտ, ձերբազատված խմբակայնությունից և կուսակցական-իշխանական ճնշումներից, որոնք աղետալի եղան գրական ընթացքի ու առանձին, հատկապես մեծատաղանդ գրողների համար: Արդեն շուրջ կես դար ոչ ոք չի հալածվում, չի աքսորվում, չի գնդակահարվում, և սա մեծ նվաճում է: Շատ կարևոր եղավ նաև նորօրյա գրական մամուլի դերը՝ «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա», «Արտասահմանյան գրականություն», «Դրամատուրգիա», «Գարուն», որը սխալմամբ հեռացավ մեզնից և նրա երբեմնի բարկ կրակները, ցավոք սրտի, մոխրացան ու սառեցին, «Գրեթերթ», «Նարցիս», «Ցոլքեր», «Ծիծեռնակ»… Հայաստանի ստեղծագործական և ոչ մի կազմակերպություն, նույնիսկ բոլորը միասին, չունեն այսքան հարուստ ու բազմաբնույթ մամուլ: Ութսուն տարին երկար ժամանակ չէ գրական դաշտում, սակայն այս կարճ շրջանում, տեսեք, ինչպիսի անուններով հարստացավ հայոց գրականությունը: Արդեն թվածս դասականներին իբրև շարունակություն հավելեմ՝ Դեմիրճյան, Զորյան, Կոստան Զարյան, Շիրազ, Դաշտենց, Համո Սահյան, Սևակ, Խանզադյան, Հրաչյա Հովհաննիսյան, Կապուտիկյան, Գալշոյան, Հրանտ Մաթևոսյան, այլ լուսավոր անուններ, որոնք «չպղծեցին իրենց շուրթերն անեծքով», նրանց լավագույն հետնորդները և շնորհալի նորեր, գիտակցենք, նրանք են Հայաստանի գրողների միության կենսական աղն ու գոյության արդարացումը, սերված Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Տերյանի հավերժորեն երգող ոգուց: Նաև բարձրակարգ գրականագետներ ու քննադատներ, գրականություն սիրող, գրականության դատապաշտպան: Հայաստանի գրողների միության ութսունամյա ղեկավարությունը զարդարված է Ավետիք Իսահակյանի անունով, որն այստեղ նախագահ եղավ, մեր կազմակերպության գերբը, դրոշն ու օրհներգը: Հիշենք նաև նվիրյալ նախագահներ Վարդգես Պետրոսյանին և Լևոն Անանյանին, նաև նրանց տևական եռանդուն աշխատանքի և հայ գրականության հանդեպ սիրո ու պատասխանատվության շնորհիվ է, որ այսօր հասարակայնորեն նշում ենք մեր կազմակերպության հոբելյանը: 1946 թվականին, Հայաստանի գրողների միության երկրորդ համագումարում Վարպետն ասաց. «Մի գրականություն՝ մի ժողովուրդ է»: Այս խոսքն այսօր ավելի մեծ խորհուրդ ունի, երբ այժմ հայ ժողովուրդը կանգնած է գոյության թունավոր մարտահրավերների առջև: Սա պետք է ուղեցույց լինի թե՛ Գրողների միության և թե՛ յուրաքանչյուր գրողի համար՝ գրականության ու ժողովրդի միասնության ազգային լրջագույն գաղափարի խորացումն ու զարգացումը: 


 

ԲԱՐԻ ԵՐԹ ՆՈՐԵՐԻՆ / Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրողը Սիրո, Հույսի ու Հավատի առաքյալ է: Ես դա հասկացա, երբ առաջին անգամ կարդացի Մեծ լոռեցու «Գիքորն» ու «Մարոն», «Իմ ընկեր Նեսոն» ու մյուս գործերը:
Գրողը բարու սերմնացան է: Ես այդպիսին էի պատկերացնում իմ հայրենի գյուղում` կարդալով Ավետիք Իսահակյանի, Ստեփան Զորյանի, Վախթանգ Անանյանի, Հովհ, Շիրազի, Գեղամ Սարյանի և ուրիշների գործերը: Այդ մարդիկ ինձ համար Աստծո քարտուղարներն էին երկրի վրա և այդպես էլ մնացին հետագայում:
1957-ից ապրելով Երևանում` մոտիկից շփվեցի նրանց (բացառությամբ` Վարպետի) և շատ ուրիշների հետ: Մասնակցեցի Գրողների միությունում տեղի ունեցող բազմաթիվ բանավեճերի` նվիրված գրականության, մշակույթի, հասարակական այլևայլ խնդիրների: Մեր գրողները գրեթե միշտ իրենց ելույթներում բարձրացնում էին մեր մշակույթը, մեր լեզուն անաղարտ պահելու, Սփյուռքի հետ կապերը սերտացնելու, ժողովրդական տնտեսության մեջ նոր ճյուղեր զարգացնելու և այլ հարցեր:
ՀԳՄ-ն` իր տաղանդավոր անդամներով, մեր հասարակական կյանքի ամենաակտիվ մասնակիցներից է եղել: Ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Արցախի ազատագրման կռիվներում հայ գրողներից շատերը թշնամու դեմ պայքարի ելան ոչ միայն գրչով, այլև զենքով:
Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է: Այդ տարիներին ապրել ու ստեղծագործել են շատ տաղանդավոր գրողներ, մեր բազմադարյա գրականությունը հարստացրել բազմաթիվ մնայուն գործերով: Այդ գործընթացը շարունակվում է: Մեր օրերում ևս կան, անպայման կան նոր շնորհալի գրողներ, որոնց գործերի գնահատականը նոր է տրվելու: Հաջողություն և բարի երթ այդ նորերին:

ՀԳՄ անդամ 1974 թ.-ից


 

Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է: Սրտագին շնորհավորանքներ:

Այդ ճանապարհի մի փոքր մասը մենք միասին ենք անցել: 2010 թ. սեպտեմբերին Լևոն Անանյանը Հայաստանի գրողների միության կողմից, ես՝ Սաքսոնիա-Անհալթի         «Ֆրիդրիխ Բյոդեքեր » միության, կնքեցինք պայմանագիր՝ երկու  երկրների միջև գրական համագործակցության մասին: Այդ ժամանակվանից շատ աշխատանք է կատարվել:

2012թ, երբ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հայտարարված, մենք համատեղ տպագրեցինք երկու գրքեր. «Վերջապես անցան սառը օրերը. Սաքսոն-անհալթյան պոեզիա, գերմաներեն-հայերեն» և «Արդի հայ պոեզիա. գերմաներեն»  գրքերը: Երկու գրքերն էլ եղել են և կան որպես հիմնաքարեր մեր բարեկամության ու ընթացիկ գրականության  փոխըմբռնման ճանապարհին՝ ինչպես Սաքսոնիա-Անհալթում, նույնպես և Հայաստանում: Եվ, զարմանալի չէ, որ գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ միասին՝ Երևանում:

Սաքսոնիա-Անհալթից գրողներ են մասնակցել Հայաստանում տեղի ունեցած Պոեզիայի փառատոնին և այլ առիթների, Հայաստանից  գրողներ են մասնակցել

աշնանը տեղի ունեցող մեր ամենամյա Միջազգային գրական ընթերցմանը: Սաքսոնիա – Անհալթի ՕDA ամսագրում շարունակաբար տպագրվում են հայ գրողների ստեղծագործություններ, մեր հեղինակների ստեղծագործությունները տպագրվում են հայկական «Արտասահմանյան գրականություն» ամսագրում: Այս ամենը իրականացվել է մեր պայմանագրի ստորագրումից 3 տարի անց, որը շատ լավ է:

Հայոց եղեռնի 100- ամյակին նույնպես մենք պատրաստվում ենք  ճանապարհը միասին անցնել: Երկու երկրներում 2013/14 ուսումնական տարում հայտարարվել է շարադրությունների մրցույթ «Այլևս երբեք ցեղասպանություն» թեմայով: Շուտով՝ հուլիսի 20-ին մենք կկարողանանք գնահատել արվածը և այդ թեմայի քննարկման համար երեխաների ձայնը լսել:

Ավելին, մենք պատրաստվում ենք համատեղ հրատարակել ցեղասպանության զոհ դարձած գրողների ստեղծագործությունների ժողովածու: Այն շատ կարևոր է, քանի որ երբևէ այդ հեղինակների ստեղծագործությունները չեն թարգմանվել գերմաներեն և կարող են Գերմանիայի ուշադրությունը սևեռել Եղեռնի վրա: Դպրոցականների տեքստերի և ցեղասպանության զոհ գրողների անթոլոգիաների շնորհանդեսը  կլինի 2015թ. մայիսին Սաքսոնիա-Անհալթի մայրաքաղաք Մագդեբուրգում, գերմանական ՊԵՆ կենտրոնում:

Մերնպատակների իրագործման համար մեծաշխատանք, փոխըմբռնմանկամքև վստահություն է անհրաժեշտ:. Ես  հուսովեմ, որ  շարունակելու ենք ընթանալ մեր 2010թ.  ընտրածճանապարհով և, այդ առիթով , սիրելի հայ գործընկերներ, մեկնում եմ իմ ձեռքը:

Յուրգեն Յանկովսկի

Գերմանիայի  Սաքսոնիա  – Անհալթ երկրամասի

«Ֆրիդրիխ Բյոդեքեր» միության նախագահ

 


 

 

Ուղարկում եմ իմ ջերմագին ողջույնները  Քինգսթոնից՝ Հայաստանի գրողների միության իմ արժանավոր գործընկերներին  և սիրելի ընկերներին, ովքեր տոնում են գրական կազմակերպության 80 ամյակը: Որպես գրող հայկական սփյուռքում, ով պարբերաբար այցելում է Երևան, ես շատ եմ կարևորում մեր համատեղ աշխատանքը և մեզ ընձեռնված շարունակական հնարավորությունները՝ համաժողովներում փոխանակելու մեր փորձը և իրականացնելու համատեղ ծրագրեր: Տարիների ընթացքում շատ բան եմ սովորել ձեզանից և շնորհակալ եմ  ձեր ջերմ ու առատաձեռն  հյուրընկալության համար: Լավ հիշողություններ ունեմ Ծաղկաձորի և մեր վաղեմի ընկեր Լևոն Անանյանի մասին: Սպասում եմ՝ շարունակելու մեր երկխոսությունը, մասնավորապես՝ Հայոց եղեռնի 100-ամյակի առիթով:

 

Լավագույն ցանկություններով՝

Ալան Ուայդհորն

Կանադա

 


 

 

Ոգու Արարատ

 

Հայաստանն իմ հիշողության և գիտակցության մեջ մնացել է երկու հիմնական իրողությամբ. քարերով ու փառահեղ Արարատով… Քարն ամենուր է. սկսած հին քարե եկեղեցիներից  ու ժայռափոր վանքերից, որոնց պատերին հայերեն գրեր են փորագրված, առանձնահատուկ և պատկերազարդ քարեղեն խաչեր -խաչքարեր մինչև ժամանակակից քարե շենքեր Երևանի կենտրոնում… Ու քանի որ քարը Հավերժության հնագույն խորհրդանշանն է, ինձ համար Հայաստանը նույնպես հավերժության խորհրդանշան է, որի ոգեղեն պատերի մեջ փորագրված են Սբ. Մաշտոցի անմահ տառերը և հայոց բազմադարյա գրականության ավանդույթները… Իսկ հայ գրողները՝ ոգեղեն քարեր, որոնցով վեր է հառնում հայկական ոգու և ինքնության տաճարը…Նարեկացին, Թումանյանը, Չարենցը, Սևակը, Շիրազը…Այս և այլ «քարերի» վրա են այժմ շարունակում այդ դարավոր ոգու տան պատերը շարվել…

Հայաստանի գրողների միությունը 80 տարեկան է: Դա իրապես իմաստուն, արժանահիշատակ ու առաջադիմական տարիք է: Բավական իմաստուն, որպեսզի շարունակի իր ժողովրդի հոգևոր տան կերտումը և վարի ազգային գրականության Նոյյան տապանը, որ փրկում ու պահպանում է անանց բառը ջրհեղեղից՝  այն միշտ դեպի բարձունք ուղղորդելով, դեպի Ոգու Արարատ…

Շնորհավորում եմ ձեզ հոբելյանի առթիվ, թանկագին հայ բարեկամներ ու գործընկերներ:

Ռոման Կիսյով

Բուլղարիա

 


 

Հարգելի Հայաստանի գրողների միության գործընկերներ

 

Շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության 80 ամյակի կապակցությամբ: Ինձ առիթ է ընձեռնվել երկու անգամ այցելել ձեր հրաշալի երկիր. 2010թ.-ին թարգմանիչների ու հրատարակիչների համաժողովին և 2013թ.-ին Պոեզիայի միջազգային փառատոնին: Տպավորություններն անմոռանալի են: Իհարկե, մեր թերթում  արձագանքներ եղան այլ իրադարձությունների մասին, բազմաթիվ լուսանկարներով, հայ հեղինակների բանաստեղծություններով: Հուսամ, որ Բուլղարիայի գրողների միությունը ավելի սերտ կապեր կհաստատի Հայաստանի գրողների միության հետ. չէ՞ որ մենք կապված ենք պատմական ու գրական ամուր կապերով: Մենք վերջերս նոր նախագահ ունենք և, կարծում եմ, միջազգային կապերի կարևոր բաժինը կվերադառնա իր նախկին բարի ավանդույթներին:

 

Ջերմ ողջույններով ու ստեղծագործական մեծ հաջողությունների մաղթանքով՝

Նադյա Պոպովա

Բուլղարիայի գրողների միության վարչության անդամ

«Խոսքն այսօր» թերթի խմբագիր

 


 

 

Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության վարչությունը ի սրտե շնորհավորում է Հայաստանի գրողներին նշանակալից հոբելյանի՝ հանրապետությունում գրողների ստեղծագործական միության ստեղծման 80-ամյակի առթիվ:

Դուք շատ դժվարություններ եք հաղթահարել ձեր փառավոր ճանապարհին: Դժվարին ժամանակներ ենք ապրում մենք բոլորս նաև այսօր, այդուհանդերձ հուսով ենք, որ նույնիսկ այս բարդ պայմաններում Հայաստանի գրողները  կշարունակեն կատարել երիտասարդ սերնդին մեր բազմադարյա եղբայրական ավանդույթների ու բարեկամական փոխհարաբերությունների ոգով դաստիարակելու սուրբ պարտականությունը:

Անկեղծորեն ցանկանում ենք Հայաստանի բոլոր գրողներին բեղմնավոր աշխատանք, ընթերցողների գնահատանքն ու ստեղծագործական նորանոր թռիչքներ:

 

Վ.Գ. Բոյարինով

Վարչության նախագահ

Ա.Ա.Օհանյան

Վարչության քարտուղար

 


 

 

Հարգարժան պարոն Միլիտոնյան, Հայաստանի գրողների միության անդամներ՝ արձակագիրներ, բանաստեղծներ եւ մտավորականներ

Լավագույն ողջույններով ու ցանկություններով ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Գրողների միության հիմնադրման տարեդարձը:
Ութսուն տարի առաջ արվեստասեր Հայաստան երկրի մի խումբ մտավորականների ու գրականության մշակների ձեռամբ մի տնկի ցանվեց, որն այսօր վերածվել է վիթխարի, բերքառատ ծառի, որի քաղցրահամ պտուղները ոչ միայն հայ ժողովրդի քիմքն են քաղցրացնում, այլեւ մտքի ու գաղափարի աշխարհի ողջ բնակիչների: Սիրելի գործակիցներ, Իսլամական Իրանի մշակույթ ու գրականություն սիրող ժողովրդի անունից շնորհավորում եմ այս երջանիկ առիթով:
Հույսով եմ, որ երկար տարիներ կշանունակվի եւ կընդլայնվի Հայստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտորի եւ Հայաստանի գրողների միության արդյունավետ համագործակցությունը:

Հարգանքներով

Մաջիդ Մեշքի՝

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլմական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական

 


 

 

Մեծարգոյ Տիար Էդուարդ Միլիտոնեան
Նախագահ Հայաստանի Գրողներու Միութեան
Եւ Հ.Գ.Մ.-ի Նախագահութեան ու Վարչութեան անդամ յարգելի գրչեղբայրներ.
Սիրելիներ,
Հոգեկան անհուն հրճուանքով եւ արտակարգ խանդավառութեամբ կը միանանք Ձեզի՝ միասնաբար տօնելու Հայաստանի Գրողներու Միութեան հիմնադրութեան 80-ամեակը, որ, մեր խոր համոզումով, սովորական թուական մը պիտի չըլլայ Մաշտոցեան բանակի ուխտեալ զինուոր մէն մի հայ գրողի համար, ո՛ւր ալ շնչէ եւ շնչաւորէ ան՝ ի Հայաստան, ի Սփիւռս կամ Արցախ հայաշխարհի տարածքին:
80 տարի առաջ, հայ գիր ու մշակոյթի անմահանուն նահապետներուն՝ Ա. Շիրվանզադէի, Ե. Չարենցի, Ա. Բակունցի, Վ. Նորենցի, Վ. Ալազանի եւ այլ գրողներու աներեր հաւատքով, անմնացորդ նուիրումով եւ տքնաջան աշխատանքով հայ կեանքը լուսաւորելու կոչուած Հ.Գ.Միութիւնը հայոց նորագոյն պատմութեան պայծառագոյն նուաճումներէն մէկը հանդիսացաւ:
80 երկար տարիներ այսօր մեզ կը բաժնեն այդ պատմական թուականէն, եւ ութ տասնամեակներու նուաճումներով ու յաղթանակներով հարուստ գոյերթը մի՛միայն հպարտութիւն կրնայ ներշնչել բոլորիս եւ մեզ հրաւիրել՝ յաւելեալ վճռականութեամբ, ծառայական ամբողջական նուիրումով եւ նոյնքան վերանորոգ Մեսրոպաւանդ յանձնառութեամբ շարունակելու մեր դժուարին, բայց անհունօրէն սիրելի ու նուիրական ճանապարհը: Պիտի սիրէինք ըսել՝ պատմակերտ յաղթերթը, որովհետեւ, նոյնիսկ իր հիմնադրութեան յաջորդած տագնապալի ծանր տարիներուն, Հ.Գ.Մ.-ը յաջողեցաւ յաղթական դուրս գալ իր ազգային առաքելութեան սպառնացող ամէն տեսակի մարտահրաւէրներէն ու փորձութիւններէն, պայքարեցաւ մինչեւ շո՛ւնչ վերջին եւ ինքզինք հաստատեց՝ իբրեւ դարաւոր հայ ոգիի, ազգային ինքնութեան եւ համամարդկային մշակոյթի հարստացման ու ա՛լ աւելի ազնուացման ի խնդիր տիւ ու գիշեր ճառագայթող լուսաբաշխ փարոս:
Այս ուխտին, ուխտը ոգեշնչող ու կենարար գործի վերածող այս անսակարկ նուիրումին մենք ականատես եւ մասնակից եղանք մանաւանդ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումէն ետք, երբ ո՛չ միայն սփիւռքահայ գրողները, այլեւ ,տարագիր, բայց ոչ օտարե մեր գրչեղբայրները նաեւ ,Մէկ ազգ, Մէկ մշակոյթե կարգախօսին ներքեւ համախմբելով՝ Հ.Գ.Մ.-ը գործնապէս եղաւ բառին բովանդակ եւ ազնուագոյն առումով համազգային փառապանծ միութիւն, պարզ ըսած՝ բոլո՛ր հայ գրողներուն միութիւնը:
Տակաւին պիտի ուզէինք ընդգծել՝ եղաւ ճշմարտութեան յուշարարը, գեղեցիկին պատարագիչը, բարիին ու վսեմին քարոզիչը, հայ ժողովուրդի անժամանցելի արդար իրաւունքներուն պաշտպանն ու պահանջատէրը, մէկ խօսքով՝ տարօրէն ազգային եւ էապէս համամարդկային հայ ոգեղէն արժէքներուն, հայկական ինքնութեան եւ հայ ժողովուրդի ապագայատեսիլ դարաւոր ուխտին աւանդապահն ու անսխալ կողմնացոյցը:
Տգեղին դէմ՝ գեղեցի՛կը պաշտպանող, չարին դիմաց՝ բարի՛ն տարածող, նիւթին փոխարէն՝ ոգի՛ն փառաբանող, կեղեքումին փոխան՝ արդարութի՛ւնը օրհներգող եւ գնայունին տեղ՝ մի՛միայն ազգային ու համամարդկային մնայուն արժէքներն ու աւանդները ամէն բանէ գերիվեր հռչակած Հ.Գ.Մ.-ը ջլապինդ, երիտասարդ եւ վճռակամ ութսունամեայ նոյն աւանդապահն է այսօր: Եւ ինչպէս երէկ, այսօր եւ վաղը նաեւ հայ ժողովուրդի կեանքին մէջ ունի եւ պիտի շարունակէ իր վճռադրոշմ ու պատմակերտ առաքելութիւնը՝ ի հզօրացում Հայաստանի Հանրապետութեան, ի ծառայութիւն հայ մշակոյթին եւ ի երջանկացում մշակութապաշտ հայ ժողովուրդին:
Բարին ընդ ձեզ եւ ընդ մեզ:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԻՒՆ՝
Պէյրութ, 23 Յունիս 2014

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻ

 


 

 

Գրողների միությունների միջազգային ընկերակցության գործկոմը ջերմորեն շնորհավորում է գրչակից եղբայրներին՝ Հայաստանի գրողների միության փառավոր 80-ամյակի առթիվ:
Հայաստանի գրողների միությունը ստեղծագործական մեծ ավանդ է մուծել ազգային և ամբողջ խորհրդային գրականության գանձարանը: Երկար տարիներ ձեռք-ձեքի տված մենք ընթանում ենք ընդհանուր ճանապարհով, միասին աշխատում մարդասիրության հաստատման, ոգեկան բարձր իդեալներին հավատարմության և մեր հայրենիքին ծառայելու ասպարեզում: Ձեր ստեղծագործական միության անդամները վաստակել են իրենց երախտապարտ ընթերցողների սերն ու հարգանքը, նրանց բազմաթիվ երկերն արժանիորեն գնահատվել են աշխարհի շատ երկրների իրենց գործընկերների և ընթերցողների կողմից:
Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր բազմամյա ստեղծագործական բարեկամությունը, ուրախ ենք, որ այսօր ևս, արդեն պատմական նոր իրակություններում, Հայաստանի գեղարվեստական խոսքի վարպետները հոգատարությամբ պահպանում և շարունակում են ԽՍՀՄ գրողների միության փառավոր ավանդույթները, ամրապնդում են ԱՊՀ միասնական գրական տարածքը:
Հոբելյանական այս օրերին Հայաստանի բոլոր գրողներին ի սրտե մաղթում ենք քաջառողջություն, ստեղծագործական երկարակեցություն և անսպառ ոգեշնչում՝ հայրենական խոսքարվեստին ծառայելու գործում:

Ի.Ի. Պերեվերզին

Գրողների միությունների միջազգային
ընկերակցության գործկոմի նախագահ

 

 


 

Ուղերձ

Հայաստանի գրողների միության հիմնադրության 80-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի գրողների միության նախագահ հարգելի Էդվարդ Միլիտոնյան,

Միության վարչություն,

Մեր գրչեղբայրներ,

Կալիֆորնիայի հայ գրողների միության վարչությունը, բոլոր գրողները, շնորհավորում են Հայաստանի գրողների միության հիմնադրության 80-րդ տարեդարձը:

Գրողի անձն ու գործը՝ թե անհատական եւ թե հավաքական իմաստով՝ Հայ ազգի ճակատագրում ազգակենտրոն բացառիկ դեր ունեն:

Հայ գրողը միշտ իր տեղում է՝ ազգի ներսում:

Մեր էպոսը ստեղծող անձինք անմահ են:

Հայաստանի գրողների միությունը սերունդների հանդիպավայր հանդիսացող գրական միջավայր է՝ նաեւ դեռեւս խորհրդային ժամանակներից պետական-պաշտոնական ազդեցությամբ, միջոցներով ու հնարավորություններով օժտված ազգային-պետական կառույց:

Մենք Հայաստանի գրողների միությանն ենք պարտական բացառիկ արժանիքներով օժտված գրողների՝ վիպասանների ու բանաստեղծների սերունդների ու անհատ ստեղծագործողների ի հայտ գալու, նրանց ունակությունների զարգացման եւ դրսեւորման, հայ մշակույթը բացառիկ ստեղծագործություններով հարստացնելու համար:

Հայաստանի գրողների միության շատ անդամներ, հիմնվելով իրենց տաղանդի, հեղինակության, իմաստության եւ անձնական այլ բացառիկ հատկանիշների վրա, խորհրդային ամբողջատիրական պայմաններում անասելի աշխատանք են տարել ցեղասպանության արծարծման, հայապահպանության, սփյուռքում հայ ոգու մշտարթուն գոյության, Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի հայության անկապտելի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հայ ազգը այս պահին նախ եւ առաջ բարոյական առողջացման խնդիր ունի:

Անհրաժեշտ է վերագտնել եւ վերազինվել հոգեբարոյական այն կեցվածքներով, որոնք կվերացնեն եւ կկանխեն ազգային ամեն տկարացում եւ նահանջ:

Եթե հայ գրողն իր դերում չլինի, ապա անարդարության, անբարոյության, աղքատության դեմ ոչ մի պայքար արդյունք չի բերելու, իսկ հայ ազգը գալիք մարտահրավերներին անպատրաստ է դիմավորելու:

Նախ եւ առաջ հայ գրողի պարտականությունն է պայքարել ազգի բարոյական առողջացման համար, եթերը, մամուլը, հրատարակությունները հագեցնել բարձրարժեք գործերով, արդի տեղեկատվական միջոցներով երիտասարդությանը մշտապես անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկություններ փոխանցել մեր ավանդներին հավատարմորեն ապրելու նշանակության եւ անհրաժեշտության վերաբերյալ:

Շնորհավորում ենք մեր ազգային կյանքում կարեւոր նշանակություն ունեցող իրադարձության՝ Հայաստանի գրողների միության հիմնադրության 80-րդ տարեդարձը, Ձեզ բոլորիդ ցանկանում ենք առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ նվաճումներ:

 

Համատեղ գործելու հավատով եւ վճռակամությամբ՝

Կալիֆորնիայի հայ գրողների միության վարչություն

23 հունիսի 2014, ք. Գլենդել, Լոս Անջելոս, Կալիֆորնիա, ԱՄՆ