Խոսք Համո Սահյանի 100-ամյակի առթիվ

Եղիշե Չարենցի մեծ կորստից հետո, երբ նաև երկար ժամանակ բացակայում էր Գուրգեն Մահարին, մեր գրական անդաստանը լցվեց աշուղներով, և բանաստեղծություն գնահատելու չափանիշներն ընկան` գետնաքարշ վիճակի հասնելով: Եկավ երիտասարդների մի սերունդ, որը ծանր տարիներին` պատերազմ, անհատի պաշտամունք, կարողացավ հնարավորինս բարձրացնել խոսքի արժեքը, և այդ սերնդի պայծառ անունների մեջ առանձնանում էր Համո Սահյանը՝ իր բնաշունչ էությամբ, ժողովրդական խոսքի ոսկեղենիկ երակը շարունակելու ջանքով: Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի սերունդը շարունակողը եղավ այդ բաց երակի և նաև փոխանցողը հետագա բանաստեղծական սերունդներին խոսքի արժեքը, բանաստեղծության գինը: Հ. Սահյանի ծննդավայր Լոր գյուղ գնալուց հասկացա, որ մտանք Համո Սահյանի բանաստեղծական աշխարհը, մտանք ուղղակի նրա բանաստեղծությունների մեջ, դարձանք նրա տողերի լսողը, նրա բառերը ընթերցողը, նրա տառերի ոգին ընկալողը: Ամբողջ բնաշխարհը, կարծես, իսկապես շնչում էր Համո Սահյան բանաստեղծի էությամբ: Համո Սահյանի «Քարափների երգըե պատանեկան տարիներին կարդացածս առաջին գրքերից էր, որ իսկապես ազդեցություն ունեցավ իմ` բնաշխարհը ընկալելու, զգալու աշխարհայացքի վրա: Նաև այդ տարիներին տպագրվեց նրա թարգմանությամբ Գարսիա Լորկայի «Մեղրի երգըե գիրքը: Իհարկե, ռուսերենից էր արված, սակայն այնքան լավ թարգմանություն էր, որ մինչև այսօր հիշում ենք և որևէ տող, որևէ բանաստեղծություն չենք նկատում, որ բնագրից չէ: Այնքան հարազատ էր, լորկայական էր և նաև հայեցի: Ամսի 15-ին, երբ Օպերայի հրապարակում քայլում էինք ընկերներով, հումորով ծանոթներին ու անծանոթներին ասում էինք, թե Օպերայի դահլիճ մուտքը լինելու է ոչ թե հրավիրատոմսերով, այլ Համոյի բանաստեղծությունները արտասանելով: Եվ մարդիկ ուրախանում էին, որովհետև գրեթե բոլորը Հ. Սահյանի բանաստեղծություններից անգիր գիտեին քառատողեր, նաև ամբողջական բանաստեղծություններ: Այսինքն՝ բանաստեղծը հասել է իր գերագույն նպատակներից մեկին: Ինքը` որպես բառ, տող, մասունք, բաշխվել է ընթերցողներին: Եվ մեր հայության մեջ դժվար գտնվեն մարդիկ, որ գոնե մի տող չիմանան Համո Սահյանից: Սա բանաստեղծի երջանկությունն է և վկայությունն այն բանի, որ 100 տարի, 200 տարի հետո էլ Սահյանին ընթերցելու են: Դա մեր էության լավագույն արտահայտություններից է: Նաև այսօր Հ. Սահյանը, Հ. Շիրազը, Պ. Սևակը, Գ. Էմինը, Ս. Կապուտիկյանը ժամանակակից բանաստեղծների հետ համաձույլ, համաքայլ ապացուցելու են մեր բանաստեղծության բարձր ոգին և ասպետական քայլքի ուժը: