ԿԱՄԱՐԻ ՏՈՆՈՅԱՆ

photo

Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց: Կյանքի 84-րդ տարում մահկանացուն կնքեց արձակագիր, հրապարակախոս, դրամատուրգ Կամարի Տոնոյանը:
Կամարի Տոնոյանը ծնվել է 1931թ. հուլիսի 15-ին, Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը: Երկար տարիներ աշխատել է «Գրական թերթում» որպես հրապարակախոսության և ակնարկի բաժնի վարիչ: Առաջին պատմվածքը` «Մայրամուտ ծննդյան գիշերվա լուսաբացից հետո» տպագրվել է 1956թ. «Սովետական գրականություն» ամսագրում: Մամուլում լույս տեսած նրա բազմաթիվ ակնարկներն ու հրապարակախոսական հոդվածներն աչքի էին ընկնում քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, նյութի մատուցման իմացությամբ և գրողական վարպետությամբ, հատկանիշներ, որոնք շահեկանորեն արտացոլվում էին նաև նրա գեղարվեստական ստեղծագործություններում: ՀԳՄ անդամ է 1963 թվականից: Հայասատանի հեռուստաթատրոնում բեմադրվել են նրա տասնյակից ավելի պիեսները` «Աշնանային գնացքում» , « Զինվորը» , «Վերջին գործուղումը», «Խոսակցություններ սիրո մասին», «Հին սալոնի ժամանակները» և այլն, որոնցում Կամարի Տոնոյանը ներկայանում էր որպես ճշմարտության և արդարության գաղափարների, բարոյական բարձր արժեքների ժառանգորդ:
Կամարի Տոնոյանը գրել է նաև մանուկների համար: «Ամենալավ հեքիաթը Կարմիր գլխարկի մասին», «Անտառի դստեր հեքիաթը» մինչև հիմա էլ երեխաների սիրված գրքերից են: Նրա «Կյանքի ապտակը», «Անիծյալ անձրև», «Եվ կյանքը թվում է սխալ», «Նիգուլ» և այլ ժողովածուներ թարգմանվել և հրատարակվել են նաև ռուսերեն:
2006 թվականին «Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» պիեսների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ « Տարվա լավագույն դրամատիկական ստեղծագործության համար» մրցանակի:
Սակայն նրա ստեղծագործությունների լավագույն գնահատականը ընթերցողների սերն էր, որոնց սրտերում էլ մշտապես պահպանվելու է նրա հիշատակը:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարմարի Տոնոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 18.00-ից, Իսակովի պողոտայի և Արգավանդի խաչմերուկում գտնվող «Սգո սրահում» (թիվ 18 երթուղի)։
Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 15-ին, ժամը 12.00-13.00, նշված «Սգո սրահ»-ում։