Լևոն Անանյանի ծննդավայր Կողբում բացվեց նրա անունը կրող պուրակ և հուշարձան

jpeg

ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ծննդավայր Կողբ գյուղում բացվեց նրա անունը կրող պուրակն ու հուշարձան աղբյուրը: Միջոցառմանը, որ նախաձեռնել էին «Լոռվա Ձոր» և «Նոյեմբերյան» հայրենակցական միություններն ու Հայաստանի գրողների միությունը, մասանկցում էին Անանյանի գրչակից ընկերները, անվանի մտավորականներ, գրողի արվեստի երկրպագուներ և նրա բազում հայրենակիցներ:

«Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը բացման խոսքում ասել է. «Լևոն Անանյանը մեկ տարի բացակայում է: Ուղիղ մեկ տարի առաջ Լևոնը եղել է այս վայրում, և մենք եկել ենք նրա հետ հանդիպելու, հանդիպելու այս արձանի տեսքով, եկել ենք զրուցելու, մեր հիշողություններն արտահայտելու, այս հրաշալի Պոեզիայի պուրակը բացելու: Եկել ենք հանդիպման գրող, հրապարակախոս, հրաշալի մարդ, անհատ Լևոն Անանյանի հետ»:

Երիցյանը նշեց, որ Պոեզիայի պուրակում ամեն տարի պետք է հնչի պոեզիան, երգը, երաժշտությունը, և այդ ամենը պետք է նվիրված լինի Լևոն Անանյանին: «Մենք չհասցրինք մինչև վերջ գնահատել ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանին, որովհետև նա շտապում էր իրականացնել իր ստեղծագործական ծրագրերը, շտապում էր միջոցառումից միջոցառում, հանդիպումից հանդիպում, և երևի միայն ինքն էր հասկանում, որ իր ժամանակը շուտ է կանգ առնելու: Նա շտապում էր տեղավորվել այդ ժամանակում՝ ամեն ինչ լիովին հասցնելու համար»,- ընդգծեց Սերգո Երիցյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Լևոն Անանյանի հետ աշխատել է թե’ Հայաստանի գրողների միությունում, թե’ «Գարուն» ամսագրում:  «Ամեն օր տեսել եմ, թե ինչպես էր տարբեր տեղեր գնում, գրում հոդվածներ, որոնք հանրության ուշադրության կենտրոնում էին»,- նշեց Միլիտոնյանը` հավելելով, որ 1990-ականների ծանր պահերին և դժվարին ժամանակաշրջանում Լևոն Անանյանը պահեց «Գարուն» ամսագիրը, որը նրա շնորհիվ հրատարակվում էր ամեն ամիս:

Նրա խոսքով՝ Անանյանը ոտքի կանգնեցրեց նաև Հայաստանի գրողների միությունը: «Հսկայական աշխատանք է կատարել, ինը տարի միասին աշխատել ենք, տեսել եմ, թե ամենօրյա ինչ ծանր աշխատանք է կատարում: Լևոն Անանյանից հետո աշխատելը և՛ դժվար էր, և՛ պատվաբեր»,- հավելեց Միլիտոնյանը:  

Անանյանի հայրենակից, գրող Սամվել Բեգլարյանն էլ ընդգծեց, որ Լևոն Անանյանին ճանաչել է 50 տարի:  «Ծանր ու դժվար էր լինել նրա ընկերը, որովհետև Լևոնն ում սիրում էր, պահանջկոտ էր նրա նկատմամբ: Լևոն Անանյանի շուրջ համախմբվեց գրողների հրաշալի սերունդ, որը շատ լավ էր աշխատում»,- նշեց նա:

Ելույթ ունեցողները կարևորեցին Լևոն Անանյանի գործունեությունը, մարդկային տեսակը և մեծ ներդրումը իր բազմակողմ գործունեության բոլոր ոլորտներում: Ներկաները դիտեցին նաև Կողբի գեղարվեստի դպրոցի սաների գեղանկարների ցուցահանդեսը: Հուշարձանի բացման պատիվը վերապահվեց Լևոն Անանյանի տիկնոջը՝ Աղավնի Գրիգորյանին:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 4 անգամ և ղեկավարել միությունը ավելի քան 13 տարի: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կյանքից հեռացավ 2013թ. սեպտեմբերի 2-ին՝ 67 տարեկան հասակում:

jpeg