ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ

images

ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ
Փետրվարի 5-ին «Ականաթ» սրճարանում տեղի ունեցավ արձակագիր Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակի երրորդ գիրքն է: Ժողովածուում ընդգրկված «Ամենագեղեցիկ պատերազմը» պատմվածաշարում ներկայացված են պատերազմից հետո եղած ժամանակի մարդու ապրումները, խեղճացած հերոսները, նրանց բարդույթները, չկողմնորոշվածությունը ժամանակի մեջ:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Ն. Վարդանյանն առաջին իսկ քայլերից առանձնացել է իր ուրույն ձեռագրով, և հավելեց. «Սկզբից էլ կանխատեսելի էր, որ ճիշտ աշխատանքի դեպքում ինքը կունենա լավ ճանապարհ գրականության մեջ: Նա իր վրա աշխատող, նախորդ փորձից դաս քաղող և չափազանց համեստ հեղինակ է իր հավակնությունների, ձգտումների, տեքստի իրացման առումով»: Ըստ գրականագետի՝ գրքի վերնագիրը ամենահատկանշականն է նրա ստեղծագործական աշխարհի համար, որովհետև նա համարձակություն ունեցավ գրականությամբ մատնացույց անել այնպիսի երևույթներ, որոնց մասին սովորաբար բարձրաձայն չենք խոսում կամ խոսում ենք ամոթխած կերպով:
Ա. Նիկողոսյանը գիրքը բնութագրեց իբրև անկախության սերնդի բոլոր դժվարությունները, հաղթանակները, հոգեբանական պարտությունները արտացոլող ժողովածու, որտեղ ամփոփվում է մի ամբողջ սերնդի կենսագրություն: Ընդգծելով գրքի կառուցվածքային առանձնահատկությունները` նա նշեց, որ ընդգրկված բաժիններից յուրաքանչյուրի մուտքն արժեքավոր է բացվող ամեն մի պատմվածքի տարածքում: «Նառայի գիրքը լավագույններից է գրական դաշտում նաև այն առումով, որ դեռ ոչ մի տեղ այսքան գեղեցիկ, այսքան գեղարվեստականորեն համոզիչ չի՛ պատկերված պատերազմի թիկունքում ապրող մարդկանց հոգեբանությունն ու հոգեվիճակը»,- ամփոփեց Ա. Նիկողոսյանը:
Ըստ բանաստեղծ Հուսիկ Արայի՝ Ն. Վարդանյանի պատմվածքների առանձնահատկությունն այն է, որ հեղինակը ոչ թե ներկայացնում է պատերազմը իր ողբերգական էջերով կամ ծանրությամբ, այլ պատերազմը հաճախ մանկան խաղի հետ է նույնացնում:
Հեղինակը, ներկայացնելով «Արգելված պտուղ» պատմվածքների ժողովածուն, նշեց. «Մենք մի բարդույթ ունենք, մարդու մարմինը ժամ առ ժամ լքում է իրեն: Իմ մտածած գրականությունը հենց այդ լքման վախի, սարսափի մասին է: Գրականությունն ինձ համար ծնունդը վերանայելն է, այս դեպքում իմ ծնունդը, իմ ապրած կենսագրությունը վերանայելն է, իմ շուրջը եղած մարդկանց տեսնելն է, նրանց գիտակցության, ենթագիտակցության տարածքներում փնտրտուքներն են»:
Ինչպես գրքի առաջաբանում գրում է Գուրգեն Խանջյանը. «Նառա Վարդանյանի ստեղծագործությունը սրտի կարդիոգրամի պես վետվետում է իրականի և երևակայականի միջև, փնտրում, տնտղում, զննում մե՛րթ վարից, մե՛րթ վերից, և ոչ ոք չի խուսափում այդ մանրամասնորեն դիտարկող հայացքից. բոլորն այստեղ են` մարդ, բնություն, տիեզերք, կյանք, մահ, հայրենիք, պատերազմ, խաղաղություն…»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ