Իմ աշխատանքների հավատքի խարիսխը և մղիչ ուժը Հայաստանն է

search

Իմ աշխատանքների հավատքի խարիսխը և մղիչ ուժը Հայաստանն է
Մայիսի 20-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում գրականագետ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի (ԱՄՆ) հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գրականագետ, հասարակական-քաղաքական գործիչ, կրթության և այլ բնագավառներում մեծավաստակ մտավորական Երվանդ Ազատյանին, նշեց. «Մշտապես ապրելով Սփյուռքի, հայրենիքի ցավով ու հոգսով, նրա գիրը թաթախվել է ոչ միայն գրականության, այլև մեր ամբողջական պրոբլեմների, հոգսերի թանաքով ու արյունով,- ապա հավելեց,- Ե. Ազատյանը տարբերակում չի դնում հայաստանյան ու սփյուռքյան գրականությունների միջև, տեսնում է ներկան, անցյալի հետագիծը` հանուն ապագայի գրականության»:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը արժևորեց Ե. Ազատյանի ծառայությունները Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: «Նա միշտ կարողանում է վերլուծել թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի առօրյան, տեղի ունեցող գործընթացները և դրանց հանդեպ արտահայտել իր անկողմնակալ կարծիքը»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը` «Օրբելի» հուշամեդալը հանձնելով Ե. Ազատյանին:
ՀՀ մշակույթի փոխնախագահ Արթուր Պողոսյանը անգնահատելի համարեց Ե. Ազատյանի ծավալած գործունեությունը հայկական մշակույթը Սփյուռքում և միջազգային ասպարեզներում հանրահռչակելու առումով և 80-ամյակի կապակցությամբ ու երկարատև մշակութային հասարակական գործունեության համար պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
«Ձեր անկողմնակալ, հետաքրքիր նկատառումներով, մոտեցումներով ու անդրադարձումներով սթափ եք պահում մեր միտքը»,- կարևորեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը` պարգևատրելով Ազատյանին Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե հուշամեդալով:
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը Ե. Ազատյանի վաստակը բաժանեց երեք խմբի` կուսակցական-ազգային-քաղաքական-բարեգործական, լրագրողական և գրականագիտական-խմբագրական գործունեություն: Նա գլխավոր հիմնադիրն է «Ազգ» օրաթերթի, ինքն է մտահղացել, ինքն է միջոցներ հայթայթել և այժմ էլ շարունակում է հոդվածներ մատակարարել: «Նա այն բացառիկ անձն է, ով հայկական բարձունքից է ներկայացնում իր ամենօրյա, անընդհատ հետևողական աշխատանքի դիտարկումները մեր կյանքի, մեր տարածաշրջանի մասին: Երեք ասպարեզներում էլ իրեն հրաշալի է զգում: Մեր ժողովրդի համար հարստություն է և արժեք»,- վստահեցրեց Հ. Ավետիքյանը:
Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանին հետաքրքրում էր մտավորականի վերաբերմունքը Հայաստան-Սփյուռք, Սփյուռքի, սփյուռքահայ գրականության ճակատագիր և նմանատիպ հարցերի վերաբերյալ: Նա ընդգծեց, որ Ե. Ազատյանի հոդվածներում կա մտահոգություն վտանգված սփյուռքահայ գրականության հանդեպ, որի դարմանման միջոցը հայ ժողովրդի միասնականությունն է, Հայաստանի, նրա պետականության շուրջ համախմբվածությունն է, որի մի բաղադրիչն է գրականությունը և մշակույթը: Պ. Դեմիրճյանն արժևորեց նաև Ե. Ազատյանի ներդրումը մեր մեծերի գրական ժառանգությունը սերունդներին փոխանցելու գործում:
Գրող-հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ Ե. Ազատյանի երկարամյա գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի և հայության, բարձր գնահատեցին նաև Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը: Պետրոս Դեմիրճյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, Թեքեյան մշակութային միության ուղերձը կարդաց Հակոբ Ավետիքյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Երվանդ Ազատյանը՝ նշելով, որ իր ծավալած մշակութային գործունեության նպատակն է հայ գրականությունը, պատմագիտությունը թարգմանել և ներկայացնել աշխարհին: «Իմ ձգտումը եղել է ոչ միայն Հայաստանի և մեր արևմտահայ գրականության կամրջումը, այլև ձգտումը մեր գրականությունը բարձրացնել համաշխարհային մակարդակի: Իմ աշխատանքների հավատքի խարիսխը և մղիչ ուժը Հայաստանն է»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ