ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

S_D

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հարցադրման խորքը ինձ համար բազմիմաստ արժէք է ձեռք բերել: Առաջինը ժամանակի մէջ մեր առաքելութեան գիտակցութիւնն է: Քանի տարիք ես հաւաքում, այնքան սրւում է ժամանակից ետ ընկնելու, հեւիհեւ «ինչ-որ» բան հասցնելու ներքին պարտադրանքը: Վերջին չորս տարիներին հրատարակել եմ երեք հիմնարար աշխատասիրութիւններ՝ «Միջուկի տրոհումը» եռահատոր գրքի առաջին «Ներածութիւն» հատորը, «Արեւմտահայ գրականութիւն. տիտանիկ թէ՞ շարունակականութիւն» եւ արդէն այս տարի՝ «Սփիւռքահայ գրականութեան նուաճումները եւ զարգացման միտումները (20-60-ական թթ.)»: Չորս տասնեակ տարիներ դասաւանդում եմ Խ. Աբովեանի անուան հայկական մանկավարժական մայր դարբնոցում, կարդում եմ տարբեր շրջանների դասընթացներ: Կազմել եմ արեւմտահայ նորագոյն շրջանի գրականութեան ծրագիր, որով առաջնորդւում եմ 90-ական թթ. ի վեր: Ուսանողութեան առջեւ բացել եմ նոր աշխարհ, ինչպէս ասում են, Լուսնի հակառակ կողմը: Յիրաւի, «նոր աշխարհ», մինչդեռ իրականում երիտասարդ սերնդին վերադարձնում եմ այն, ինչ խլուել է խորհրդային շրջանում բիրտ ուժով: Իսկ 20-րդ դարում հայ գրականութեան միջնաբերդի պարիսպների տակ, հայրենի մուտքերի առջեւ, խռնուած են Վ. Թէքէեանը, Յ. Օշականը, Ն. Սարաֆեանը, Վ. Շուշանեանը, Զ. Խրախունին, Զահրատը, Ռ. Հատտէճեանը եւ գրական, այլեւս մշտական դիմագիծ պարզած հսկայատիպ այլ դէմքեր: Պէտք է միայն տեսնել, թէ մեր ուսանողութիւնը ինչպէս է կարդում, կլանում նրանց յապաղած խօսքը:
Մէկ-մէկ մտածում եմ՝ ժամանա՞կն է մեր ետեւից ընկել, թէ՞ մենք ժամանակի: Գիտեմ միայն, որ մենք պարտւում ենք ժամանակին: Քսան տարի առաջ մանկավարժականում բացել ենք «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը, որը աշխարհի բոլոր ծագերում հայութեան գրամշակութային եւ կրթական հիմնահարցերի լուծման իր մշակած եղանակներով՝ ՀՀ Նախագահի հրամանով վերաբացուած սփիւռքահայ եւ հայրենի ուսուցիչների՝ նոր ազգային ուսումնական ծրագրերով ու տարաբնոյթ դասընթացների անցկացումով (2000-2012), Սորբոնի համալսարանի պրօֆեսոր Հիլդա Գալֆայեանի՝ Հայաստանի Հանրապետութեան եւ ԼՂՀ ողջ տարածքի աշակերտների համար արեւմտահայ լեզուի ու գրականութեան շարունակական դասընթացների արդիւնաւորութեամբ (2002-2012), հրատարակած շուրջ 40 գիտաճանաչողական գրքերով, գիտաժողովներին շահագրգիռ մասնակցութեամբ տիրացել է համընդհանուր ճանաչման ու համբաւի:
Սա մեր դիմագիծն է: Չեմ ուզում տխուր շեշտ յաւելել, բայց կ՚ուզենայի ապրել այն պահը, երբ լեզուամշակութային դաշտում արեւմտահայ իւրացումների հանդէպ խոչընդոտներ չեն լինի այլեւս, եւ Հայաստանում կը բացուի այնքան սպասուած արեւմտահայ բարձրագոյն կրթութեան հաստատութիւնը: