ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

images

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ամեն ինչ սկսվում է զրոյից: Գոնե մեզ այդպես էին ասում… Հետո փոխվեց մեզ շրջապատող աշխարհը կամ չփոխվեց, բայց տեղի ունեցավ աննկարագրելին. գրողը, որը ժամանակի չորրորդ սլաքն է` խղճի սլաքը, հանկարծ հապաղեց: Սկսեց սարսափելի արագությամբ պտտվել ժամանակի նյութի սլաքը, իսկ խղճինը, ի վերջո, կանգ առավ:
Հիմա մեր կյանքում մի ահռելի բացակա կա, մի զարհուրելի անդունդ, որը լցնելն օրեցօր ավելի անհնար է դառնում: Ժամանակն էլ է նահանջում նյութի գրոհից, սեղմվում է, չի հերիքում: Բառը կախվել է ժամանակի օղակից, շնչահեղձ է լինում: Բառը չի հերիքում: Օդը չի հերիքում: Իսկ մեր կորած ժամանակի փոքր սլաքն առագաստի պես մեզ դանդաղ դուրս է բերում անորոշության ծով, ի՞նչ փոթորիկներ են սպասվում, իհարկե, կարող ենք պատկերացնել միայն…
Ախր, ինքներս ենք ընտրել մի ճանապարհ, որը մեզ իջեցնում է մեր Մարդ տեսակից, որով հյուլե առ հյուլե կորցնում ենք մեր հոգին ու միանում հոգիները կորցրած մարդկանց ամբոխին: Իսկ տատս, որ գրել-կարդալ չգիտեր, բայց ավելին գիտեր, իր խոսակցին սաստում էր` ասելով` հոգիդ չկորցնես:
…Իսկ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ կանգնեց մեր խարխուլ ժամանակի չորրորդ սլաքը: Երբ գրողին աստիճանաբար մեկուսացրին հասարակությունից ու ասին. «Տե՛ս, դու ազատ ես, ու գրողին միմիայն ազատություն է պետք: Գրիր, որքան ուզում ես, ինչ ուզում ես»: Ու երբ գրողը խայտում էր ազատության ջրերում, նրանից խլեցին ընթերցողին: Մինչդեռ իրականում ազատությունը ոչ թե երկրային, այլ երկնային կատեգորիա է: Բայց երբ պատուհանից նայում ես երկնքին, իսկ պատուհանդ էլ փակ է ամպերի անորոշությամբ, էլ որտե՞ղ փորձես ամբողջացնել քո և ազատության այս պահմտոցին:
Այժմ հասարակությունից դուրս, ընթերցողից հեռու գոտեմարտում է գրողը սպիտակ թղթի հետ, ինքն իր հետ: Եվ խոսքը, որով նա հարվածում է թղթին, աննպատակ չէ, ոչ էլ` անտեղի: Խոսքի էներգիան կկուտակվի, կպահպանվի, կապրի ժամանակի մեջ ու կպատրաստի վերջինիս չորրորդ սլաքի վերադարձը: Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է զրոյից, բայց ամեն ինչ չէ, որ վերջանում է զրոյով:
Հ.Գ. Գրողի ժամանակը երբեք էլ կանգ չի առնում: Գուցե կանգնում է գրականության ժամանակը: Հոգնել` կանգնում է, որ մի քիչ հանգստանա: Այլապես, ինչպե՞ս կարող է կանգնած լինել Իսահակյանի ժամանակը, որին անդրադառնալու ենք օրերս, կամ, ասենք, Տանյա Հովհաննիսյանի ժամանակը, որին անդրադառնում ենք գրեթե ամեն տարի, Պատվական Ղուկասյանինը, Աշոտ Ավդալյանինը, Արարատ Մկրտումյանինը, Նորայր Բաղդասարյանինը, Ղևոնդինը, մյուսներինը… Փորձում ենք առավելագույնս տարածությունը հագեցնել ազնիվ գրականությամբ: Կարծում եմ` սա է խնդիրների խնդիրը: Առաքինի գրականություն` ի հակակշիռ այն կեղտի, որը մեծ չափաբաժնով փորձում են մեզ հրամցնել կեղծ արժեքներ կրողները:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր արժեհամակարգը և պետք է իր վաղը կերտի իր նյութական ու հոգևոր արժեքներով (ո՛չ ուրիշների), իր ավանդույթներով (ո՛չ ուրիշների), իր գրականությամբ…