ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Չեմ կարծում, թե գրողն ու արվեստագետը ամբողջովին գտնվում են իրենց ժամանակի ազդեցության տակ, նույնիսկ ստրուկ Սպարտակոսն ըմբոստացավ ստրկատիրական ժամանակի դեմ, քանզի իրենը ազատության ժամանակն էր, նա առաջիններից մեկը ցույց տվեց, թե ժամանակ կոչվածը ոչ միայն դրսում է, այլև ներսում՝ մարդու մեջ, և վերջինս, անշուշտ, դրսայինից ավելի էական է ու համապարփակ: Դրսայինի հետևից ոչ թե անհատականություններն են գնում, այլ ամբոխավար հասարակությունը: Միակողմանի է և խիստ պակասավոր ժամանակի բնույթը պայմանավորել միայն սոցիալական, քաղաքական ու պատմական իրադարձություններով՝ շրջանցելով աշխարհին հարաբերող մեծ մարդկանց մտքի ու հոգու շարժումները: Բայց այսպես ենք վարվում գրեթե միշտ: Թվում է, Դանթեի, Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Պետրարկայի ու Շեքսպիրի արարումներում նրանց ժամանակի ավելի բնորոշ նշաններ կան, ոչ միայն վերածննդյան գրականության ու արվեստի տեսանկյունից, քան միջնադարյան Եվրոպայի հասարակական շարժումներն են դա արտահայտում: Այդ շարժումները նյութական են և հեշտ է ընկալել, իսկ առաջինը՝ հոգեղեն, որին հասկանալն ու գնահատելը անհամեմատ դժվար է: Սակայն չպետք է զլանանք տեսնելու նաև դժվարը, եթե ցանկանում ենք ժամանակի ֆենոմենը խորությամբ ըմբռնել: Հովհաննես Թումանյանը խորքային ժամանակ է՝ իր սահմանային երկու դարերով, իսկ նահապետականությունը, որին այնքան կարևոր նշանակություն ենք տվել ու տալիս հենց Թումանյանի կապակցությամբ, ընդամենը ժամանակի մակերես է: Կարող եք չհամաձայնել, ձեր գործն է, բայց գոնե մի պահ մտածենք, որ գոյություն ունի հորիզոնական ժամանակ և առավել բարձր ու էական՝ ուղղահայացը, որն, ըստ երևույթին, հարաբերում է տիեզերական ժամանակին: Թումանյանն ասաց. «Տիեզերքի տերն եմ ես»: Չարենցի՝ 1929-ին հռչակած «Ժամանակի շունչը դարձիր» հորդորը, որն այնքան էլ հեռու չէ «Երեքի» տխրահռչակ համախոսականից, «կապվիր նյարդով յուրաքանչյուր քո օրին ու քո դարին», կներեք, ինձ համար բավականին կասկածելի հանձնարարական է, որից, խնդրում եմ ներեք, կարծես սոցիալիստական ռեալիզմի հոտ է փչում: Ի վերջո, Չարենցը նահանջեց այս «տեսաբանությունից», և ավելի վաղ ու հետո գրված գլուխգործոց երկերում, որտեղ արտահայտվեցին վերժամանակյա իր անհատական ու ազգային տագնապները, դարձավ ոլիմպոսցի հանճարեղ բանաստեղծ:
Գրականությունն ու արվեստները գտնվում են ալեկոծ օվկիանոսում, որտեղից փրկարար ափ են ելնում նրանք, ովքեր գեղարվեստական-հոգեղեն մտածումներով մարմնավորում են իրենց ներհատուկ ճշմարտությունը, գեղեցկության տեսիլքներ, ողբերգություն, սերն ու ժամանակը: Մշակույթի հազարամյա պատմությունը մեզ կանգնեցրել է մի տխուր, գուցե ամենևին էլ ոչ տխուր փաստի առջև. այդպիսիք ավելի քիչ են, քան այն նավերը, որոնք հավերժորեն թաղված են օվկիանոսի խորքերում, վաղուց փտել են, մոռացվել: Չպետք է զարմանալ. սա բնական է: Պատմությունը միայն քչով է իմաստուն, հարուստ և հավերժող:
Երևի չգիտեք, ես ութսունի մեջ եմ: Աստվա՞ծ, թե՞ սատանան ինձ այսքան կյանք պարգևեց: Հաջորդ տարի լույս կտեսնի ներկայումս գրված իմ պատմվածքների ու թատերախաղերի ժողովածուն, որտեղ ճիշտ ու սխալ շատ բան կա, բոլորում էլ ես եմ ու ինձ նման արդար և մեղավոր: Գիրքն անվանել եմ «Աշնանային շրջան»: