ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

photo

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ

ՄԱՆԱՍԵ

Գրողի մեծությունը ես հասկանում եմ այնքան, ինչքան ինքն է հասկանում՝ ինչպիսի գլուխգործոց էլ ստեղծած լինի, երբեք չպետք է դադարի կասկածել, թե իր գրականությունը, ի վերջո, ավազի վրա արված գիր է:
Գրողն անմահ է ասելով՝ ստում են, ամենից առաջ, իրեն՝ գրողին, եթե սրա ուղեղը դեռ վնասակար հետևանքներով չի փչացել զառամախտի մեջ, քանի որ, եթե դեռ գրողի խելքը գլխում է, նա իրեն չի վնասի այն տխմարությամբ, թե անմահությունը իրեն ավելի է սազում, քան իրենով հիանալու ժամանակ չունեցող մի կիսավայրենու, որի հետ գրողի անմահ լինելուց խոսելիս, հավանաբար, ցույց կտա՝ մի երկու օր առաջ հարևան ցեղից առևանգված «գրողի» գանգը ցցագերանի վրա, որի ոսկրախորշերից հանում էր ուղեղը և ուտում:
Գրողը ցնցում է իրեն՝ իր հասունն ու իր խակը փռում իր շուրջը, որ գան ու իր հասունով լինեն ու իր խակն էլ չմոռանան խնամել, որ խառնեն հասունին ու ամբողջական լինի գրողը, ծառը ծառ լինի… բայց, չէ՛, գալիս են ու ինքն իրեն ցնցածի տակ չտեսի պես մենակ անմահություններ են հավաքում, ու այնպես հոգեհույզ թալկանում են հասունն ու «անմահը» հավաքելիս, ոնց որ պատառաքաղը խավիարի մեջ:
Մտագարվել հայտնի լինելու սևեռումով: Գրողի սուտը չի նախազգուշացնում: Ընթերցողները իրենք են այդ սուտը շտապեցնում, երբ նպաստում են գրողի հանրաճանաչությանը:
Ինչո՞ւ չեն տառապում ձի դառնալու մոլագարությամբ: Ում հարցնես՝ ի՞նչ է ձին, չի ասի: Իսկ ահա, աշխարհի կեսից ավելին, եթե հարցնես՝ ո՞վ է Ժան Ժակ Ռուսոն, կդժվարանա պատասխանել. ուրեմն, ինչո՞ւ սևեռվել կիսահայտնի Ժան Ժակ Ռուսո դառնալու վրա, երբ կա ձիու հայտնիությունը:
Վերջին ողորմելին կհամաձայնեի լինել, որ ուղղում է վայր ընկած աղբամանը… քաղցից, քան համընդհանուր փրկչական էսթետիզմով պարուրված առաքյալ, որ, իբր, եկել է ազատագրելու իր ցեղը, իր պետությունը, իր հայրենիքը, իր երկիրը՝ փրկչական էսթետիզմով ոգեշնչված, թե իմ ազգը ես իմ խոսքով կհասցնեմ համաշխարհային մակարդակի: Հայ գրողների մեծ մասը այս պատվավոր հուսալիությամբ են համբերել, թե մի օր նահատակվածի կեցվածքով կհավերժանան բազալտե պատվանդաններին: Ես չեմ ուզում ո՛չ ինձ, ո՛չ էլ քեզ հուսախաբել՝ մոլորվելու պատրաստակամ ժողովո՛ւրդ, ա՛զգ: Ցնորքների ազդեցությամբ ապրված կեղծիքը չգիտակցելուց է, եթե մեկը հավատացնում է, թե ինքը ամեն առավոտ արթնանում է «բարձրագույն նպատակներ», «խորը բարոյականություն», «փրկչական էսթետիզմ», «ոգեկան մեծ արժեքներ» գրկած՝ մոլեռանդի ցնծությամբ դեն է նետում վերմակն ու բացականչում.- «Յուրաքանչյուրի՜ս պարտքն է առավոտյան լույսը չբացված վրա տա ու սկսի բարեկրթել յուր ազգը, առաջին միտքը այլ բան չլինի, քան փողոց դուրս գա ու չսպասելով պատեհության՝ փրկություններ շաղ տա շուրջը: Փրկչական էսթետիզմով իր պատեհապաշտության մեջ իր համար կողմնակիցներ շահելու միջոցից օգտվում են նեոմորալիստները, որ բարության հասարակ քարոզիչներից տարբերվում են նրանով, որ վերջիններս խաբում են միայն իրենց, նեոմորալիստները՝ թե՛ իրենց, թե՛ մեզ»: