Ժամանակակից հայ պոեզիայի ներկան (Հատվածներ լիանիստի ելույթներից)

Արմեն-ԱՎԱՆԵՍՅԱՆ-280x120

Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ժամանակակից պոեզիայի մասին երկար կարելի է ծավալվել, և ուշագրավ է, որ միևնույն գրական երևույթին կարելի է անդրադառնալ թե՛ իբրև թերություն ու բացթողում և թե՛ իբրև ձեռքբերում: Սակայն հասունացել է պահը առկա միտումները արձանագրելու, փորձելու ճանաչել այսօրվա բանաստեղծությունը, որն ավելի բազմաձայն ու բազմա­շերտ դրսևորումներ է ի հայտ բերում մեր օրերում: Ի վերջո բանաստեղծությունը հայ մարդու համար դարեր ի վեր կարևոր ու ավելի գործառնական է եղել, քան որևէ այլ ժանր: Եվ պատահական չէ, որ անդրադառնալով հայ գրականության պատմությանը, դժվար չէ նկատել, որ բանաստեղծության առավել բարդ ժանրն ավելի հեշտությամբ է տրվել հայ գրողին, քան մյուսները:
Յուրաքանչյուր գրական շրջափուլ, անշուշտ, ունեցել է իր բանաստեղծին: Շրջափուլ ասելով, պարզ է, չպետք է հասկացվի սոսկ դարաշրջանը, քանզի բանաստեղծության մեջ 10-ամյակը կամ 20-ամյակը նույնպես կարող է շրջափուլ դիտարկվել: Յուրաքանչյուր գրական շրջափուլի բանաստեղծությունը հատկապես, ունեցել է այնպիսի անհատականություններ, որոնք իրենց ուսերին են կրել ժամանակի պոեզիայի զարգացման ծանր ընթացքը:
20-րդ դարավերջին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցան նոր քաղաքական-հասարակական իրողություններ` անկախություն, Արցախյան հերոսամարտ, արժեկարգերի փոփոխություն, ազատություն, որը հաճախ շփոթվում էր ամենաթողության հետ, և անցումային այս ժամանակներում, հայ գրականության մեջ, մասնավորապես` պոեզիայում, այդ քաշող ուժը, կարծես թե ամբողջությամբ չդրսևորվեց: Այս առիթով դիպուկ է նկատել գրականագետ Սեյրան Գրիգորյանը. «Դեռ երեկ պետական պլանով իր գրքերը հրատարակող ու հոնորար ստացող «ազատ» արվեստագետը կարծես միանգամից փոխակերպվեց, դարձավ ցուցարար, գործազուրկ, պատերազմիկ, կամ քաղաքական գործիչ»: Սակայն միայն պատճառները քաղաքական-հասարակական չէին: Բանն այն է, որ հախուռն իրավիճակներում ստեղծագործողը` հատկապես բանաստեղծը նոր իրականության մեջ ժամանակային արագ անցումներին չէր կարողանում հոգեբանորեն ճիշտ արձագանքնել, մինչև մի նորին սովորում էր, այն այլևս հին էր դառնում: Սա բնական է, քանզի երբ ինչ-որ բան խառնվում է, հետո ընթացքի մեջ ընկնելու համար բավականին ժամանակ է պահանջվում: 1990-ական թվականներին այդ անկանոն ընթացքը շարունակվեց, և շատերը խոսք բացեցին ճգնաժամի կամ «պոեզիայի մահվան» մասին: Սակայն այսօր արդեն հստակ կարելի է ասել` ինչ միտումներ են առանձնացնելի հայ ժամանակակից պոեզիայում:
Ժամանակակից հայ պոեզիայի զարգացման միտումները կարելի է որոշակի ուղղություններով դասակարգել: Ուղղություններն ու բանաստեղծների` ըստ ուղղությունների դասակարգումը պայմանական բնույթ ունեն, մանավանդ որ կան բանաստեղծներ, որոնց ստեղծագործական ճանապարհը կլարելի է դիտարկել մի քանի ուղղություններով (Արմեն Մարտիրոսյան, Էդվարդ Միլիտոնյան, Վարդան Հակոբյան, Ներսես Աթաբեկյան, Սոնա Վան):
1. Չափական բանաստեղծություն, որը դասական պոեզիայի ձևային-կառուցվածքային և բովանդակային սահմանների մեջ է փորձում կայանալ: Այս ուղղությանը հետևում են հիմնականում ավանդույթ պահպանող հեղինակները, ովքեր ավանդական, դասական ոչ միայն ձևերն են յուրացրել, այլև շատ դեպքերում սահմանափակվել են նաև դասականի ներքին-բովանդակային և գաղափարական կաղապարներում (Թաթուլ Բոլորչյան, Վազգեն Առաքելյան, Վարդան Վանատուր, Կորյուն Առաքելյան և այլք): Թե՛ ավագ սերնդի և թե՛ նաև երիտասարդ մի շարք գրողներ կան, որ չափական բանաստեղծության ուղին են բռնել: Չափական բանաստեղծությունն այսօր էլ շատ տարածված է, սակայն նման հետևությամբ ստեղծագործողները մեծ մասամբ մնացել են դասական կաղապարների տակ, ու չեն կարողանում հաղթահարել ստեղծագործական խոչընդոտներն ու սեփականը ստեղծել:
Չափական բանաստեղծությամբ ստեղծագործող սակավ գրողներ են հաղթահարել ստեղծագործական ինքնընթաց ուղին ու նորովի երանգներով ի հայտ բերել դասական քնարերգության ավանդույթը (Հրաչյա Թամրազյան, Հրաչյա Սարուխան, Վարդան Հակոբյան, Գագիկ Դավթյան, Արտաշես Արամ, Հրաչյա Բեյլերյան, Խաչիկ Մանուկյան, Թադևոս Տոնոյան): Այս բանաստեղծները ևս ավանդույթից են սնվում, սակայն նույն ավանդույթն այս դեպքում օգնում է բանաստեղծին նորարարական ուրիշ մակարդակներ ստեղծել:
Դասական կառույցը գրեթե բացառում է պատմողականությունը, որը տարածված է վերջին շրջանի պոեզիայում և բանաստեղծության առանցքը հյուսվում է հանգ առ հանգ, անցումներով, որոնք երբեմն մեղմ են, երբեմն էլ ուժգին` դարբնի մուրճի հարվածների պես:

2. Մյուս ուղղությունը կարելի է կոչել քրիստոնեական ավանդույթից եկող բանաստեղծություն: Նկատի ունեմ այն, որ բանաստեղծությունն այստեղ անմիջականորեն կապվում է Սուրբ Գրքի, ինչպես նաև հայ միջնադարյան տաղերգության հետ (Արմեն Մարտիրոսյան, Աշոտ Ավդալյան, Հակոբ Մովսես, Վահան Վարդանյան, Սոնա Վան): Սեյրան Գրիգորյանն այս ուղղությունը բնորոշում է նաև լեզվապաշտ եզրույթով: Այս ուղղության բանաստեղծության հիմքում հիմնականում ընկած է Սուրբ Գրքի բարոյական նորմերն, ու բառը գիտակցվում է իբրև արարչության ժամանակներից տրված մեծագույն շնորհ, և գրողը ձգտում է բառի միջոցով երևույթը պատկերել մետաֆիզիկական չափումներում:
3. Առասպելաբանական կամ բանա­հյուսական բանաստեղծությունը ևս կարելի է առանձնացնել իբրև ուղղություն, չնայած այն անմիջականորեն կապված է դասական ավանդների հետ: Նույն Հրաչյա Սարուխանը, Գագիկ Դավթյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Վարդան Հակոբյանը, Արտաշես Արամը, Հրաչյա Բելյերյանը, Ղուկաս Սիրունյանը, Խաչիկ Մանուկյանը և այլք հաճախ բանաստեղծությունը ներկայացնում են իբրև նորօրյա ասք, իբրև խաղիկ կամ բանա­հյուսական թեմաներ են շոշափում:

4. Վերջին տարիներին բազմազան դրսևորումներ ունի նաև ինտելեկտուալ բանաստեղծությունը: Ինտելեկտուալ ասելով նկատի ունենք բանաստեղծության կառուցման այն սկզբունքը, որով առաջնորդվում է ստեղծագործողը (Վարդան Հակոբյան, Շանթ Մկրտչյան, Մանասե, Ներսես Աթաբեկյան, Սոնա Վան, Ավագ Եփրեմյան): Բանն այն է, որ նման բնագրում հաճախ են հանդիպում համաշխարհային կամ հայ դասական գրականության տեքստերի տարընթերցումներ: Հաճախ բանաստեղծը հղում է կատ­ա­րում երևույթին ուղղակիորեն արձագանքելով մեկ ուրիշի կողմից կատարված նրա ձևակերպմանը:
5. Հատկապես 1990-ականների հայ գրականության մեջ իր վառ արտահայտությունը գտավ այսպես կոչված այլ գրականության հետ խաչաձևվող բանաստեղծությունը: Մոդեռնիզմի և հետմոդեռնիզմի հետևությամբ 1960- ականներին գրականություն մուտք գործեցին մի շարք բանաստեղծներ՝ Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, փորձելով կազմաքանդել գրականության կարծրացած ավանդական կաղապարները և միտվելով նորարարությանը, հայացքներն ուղղեցին դեպի այլ մշակույթ: Թերևս նրանք շարժվեցին հակառակ ուղղությամբ` հայ բանաստեղծության ավանդույթը հարմարեցնել համաշխարհային փորձին, ինչի պատճառով փորձը մնաց փորձարարության մակարդակում:
Նրանք բանաստեղծության մեջ անգամ ջանքեր գործադրելու միջոցով ընդգծում էին նորարարական միտումները, և միշտ չէր, որ հաջողվում էր արևմտյան մտածողության ձևերը պատվաստել հայ մշակույթին և հայ իրականությանը:
Ստեղծում էին հիպերերևակայական տեսիլքներ, շեշտում են ժամանակակից վիրտուալ իրականությունը, այս ամենի մեջ ձգտում ռեալականության՝ երբեմն արձանագրելով կոնկրետ փաստեր, կամ մարդկանց:
Այսպիսով կարելի է ասել, արդի հայ պոեզիայի ներկապնակն իր գույների խտությամբ, ասելիքի ընդգրկունությամբ, գեղարվեստական ձևերի ու տեսական հարցադրումների բազմազանությամբ դեռևս ամփոփիչ արժեք չի ստեղծել: Չնայած մյուս կեղմից հասունացել է պահը արդի հայ պոեզիայի թռիչքների: