ԹՌԻՉՔՆԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ

ԹՌԻՉՔՆԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ

Հայաստանի գրողների միության համագործակցությունը Սաքսոնիա Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ Բյոդեքեր Կրայս» Միության հետ արդեն տարիների պատմություն ունի: Համատեղ գրքեր են տպագրվել, եղել են փոխայցելություններ: Համագործակցության նոր կամուրջ է երկրամասային Գրականության օրերը, որին առաջին անգամ հայ գրող էր մասնակցում:

Թռիչքները մեզ երկնքում են աճեցնում: Երբ թռիչքդ դեպի գրականության մոլորակ է, առավել ևս: Թռիչքս դեպի Գերմանիա էր` մասնակցելու սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 2-ը կայանալիք Սաքսոնիա-Անհալթ երկրամասի 25-րդ Գրականության օրերին: Գրականության օրեր այնտեղ նշանակում է գրական ընթերցումներ: Գերմանիայում հաճելի ավանդույթ են ընթերցումները: Ընթերցում են դպրոցներում, լիցեյներում, գիմնազիաներում, համալսարաններում, գրադարաններում, գրախանութներում և այլ մշակութային օջախներում: «Ճամփորդող գրադարանը» գրքեր է հասցնում գյուղեր ու քաղաքներ, որտեղ մարդիկ անհամբերությամբ սպասում են նրա հաջորդ այցին:
Գրականության օրերի կենտրոնն այս տարի Օսթեղբուրգ քաղաքն էր: Ընթերցումները կազմակերպվում էին քաղաքային գրադարանի կողմից: Գրականության օրերը կոչվում են «Lalita» ( Landes Literaturtage) և անվանմամբ արդեն նկատելի է՝ այն սիրելի հյուր է ամեն քաղաքում ու գյուղում: Քաղաքի փողոցներում ամենուր ընթերցման մասին հայտարարություններ էին, առկա էր հետաքրքրությունը գրականության նկատմամբ: Առավոտյան առաջին ընթերցում – հանդիպումը լիցեյում էր: Ունկնդիրները միջին դասարանի աշակերտներ էին: Յուրգեն Յանկովսկին պատմեց իր ղեկավարած «Ֆրիդրիխ Բյոդեքեր Կրայս» միության և ՀԳՄ-ի համագործակցության մասին, պատմական ակնարկով ու իր այցելություններից ստացած տպավորություններով ծանոթացրեց Հայաստանին: Այնուհետև աշակերտները հետաքրքրությամբ լսեցին բանաստեղծություններն իրենց անծանոթ հայերեն լեզվով, ապա՝ թարգմանությունը:
Գրական օրերի բացումը երեկոյան էր՝ քաղաքապետարանի դահլիճում: Բանաստեղծներ Քրիստիան Կրայսը և Պիտեր Բերգը՝ Անդրեաս Միկոլայչուկի երաժշտության համադրությամբ ներկայացրին իրենց պոեզիայի հետաքրքիր աշխարհը: Ներկա էին երկրամասի նախարար Ռայներ Հազելոֆը և քաղաքապետ Նիկո Շուլցը: Նրանց ողջույնի խոսքը գերմանական գրականության ու արվեստի բացառիկ խորիմացության ու մշակութապահպան ղեկավարման հաստատումն էր: Ու նրանց գործունեությունն ակնհայտ էր գրողների նկատմամբ հոգածությամբ:
Հաջորդ օրը «Մարկգրաֆ Ալբրեխտ» գիմնազիայում ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին ՕԴԱ ամսագրի հրատարակիչ դոկտոր Հարրի Ցիթենը, խմբագիր Անդրե Շինքելը: Նրանք ուսանողներին պատմեցին ամսագրի ու նրա հրատարակման մասին: Դոկտոր Ցիթենի խոսքը վերաբերում էր հրատարակչական աշխատանքներին և գրքերի տպագրությանը: Խմբագրի խոսքը ամսագրի նյութերի ընտրության, տարբեր երկրների հետ նրա համագործակցության ու գրական փոխառնչությունների մասին էր: Նա անդրադարձավ նաև ամսագրում պարբերաբար տպագրված հայ հեղինակների ստեղծագործություններին: Այնուհետև Մոնիկա Բրուների հետ պոեզիայի ընթերցման անցանք: Ուսանողներն ուշադիր ունկնդրում էին: Ապա նրանք երեք խմբի բաժանվեցին և մեր զրույց – քննարկման ընթացքում նրանք հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան Հայաստանին ու նրա մշակույթին: Մեծ էր հետաքրքրությունը հայոց լեզվի ու այբուբենի նկատմամբ:
Մյուս ընթերցումը նույն գիմնազիայում էր: Քոնստանցե Յոհնի հետ էր համատեղված մեր հանդիպումը ուսանողների հետ: Նա մի քանի անգամ այցելել է Հայաստան և հանրահայտ «Դյումոնթ» հրատարակչությունը հրատարակել է նրա «Քառասուն օր Հայաստանում» գիրքը: Սկզբում պոեզիա ընթերցեցինք՝ ես հայերեն, ինքը թարգմանաբար՝ գերմաներեն: Այնուհետև նա ներկայացրեց իր գիրքը՝ պատմելով հետաքրքիր դրվագներ, որոնք հետագայում խտացել են իբրև գրքի գլուխներ: Նա քաջատեղյակ էր հայոց պատմությանն ու մշակութին, տարիների ընթացքում բյուրեղացել էր նրա ճշմարիտ ճանաչողությունը և այս անգամ ինձանից որևէ ջանք չպահանջվեց: Ես ինքս էլ հետաքրքրությամբ դիտում էի նրա ցուցադրած հայաստանյան նկարները, որ ուղեկցվում էին հայկական երաժշտությամբ:
Հետագա մի քանի օրերին մասնակցում էի ընթերցումներին՝ լինելով տարբեր քաղաքներում ու գյուղերում և հանդիպելով տարբեր գրողների ու արվեստագետների: Հետաքրքիր կազմակերպվածությամբ յուրաքանչյուր գրողի համար գտնվել էր իր ունկնդիրների լսարանը: Վիլհելմ Բարչի խորիմաստ գրականության համար՝ գիմնազիաները, Ուրսուլա Գյունտերի համար՝ քաղաքային գրախանութը, Կլաուս Կրուպայի համար՝ Հավելբերգի մշակութային կենտրոնը, Ջորջ Քզիբորայի ու Բերնդ Վիդմանի համար՝ Կրեվեսեի եկեղեցամերձ սրահներից մեկը, Ռոլանդ Ռիթթիգի և Կուրտ Վունշի համար՝ սրահը Կրումկեի ամրոցի զբոսայգում: Ամեն գրող իր յուրօրինակ աշխարհն էր բացում, ամեն ընթերցում իր առանձնահատուկ գույնը ավելացնում գրական այդ զարմանահրաշ ներկապնակին:
Հավանաբար նույնն է գրական ընթացքը ամեն լեզվում. ուղղակի գերմանական կարգավորվածությունը հրաշալիորեն հստակեցնում է բոլոր ուղիները և գծում մայրուղին Գյոթեից մինչև մեր ժամանակները… Կրումկեի զբոսայգու դրախտային լռության մեջ ունկնդրելով «Բանականության սիմֆոնիան» հասկանում ես թե ինչո՞ւ է այն հենց այս հողին ու այստեղ ապրողների մեջ գրվել, հանճարեղ գրողին ծնունդ տվել… Հավիտենական ջրերի արտացոլքն է նկարվում աչքերում, հարյուրամյակներն անցած ծառերն են սվսվում ականջներում, կապուտակ լճակներում բոցավառվող արեգակն է հրդեհվում հոգում… Երբ Էլբայի խորունկ ու մեղմ ջրերի ծփանքը քեզ հանդարտ երկրի ափի մեջ է դնում և ճամփաներն այնքա՜ն թեթև են քեզ սլացնում՝ տեսանելիորեն հասկանում ես արարչության խորհուրդները մարդկային…
Վերջին օրը ներկա էի ստեղծագործող դպրոցականների ընթերցմանը: Նրանք կարդում էին իրենց ստեղծագործությունները «Իմ տունը քո տունն է», «Իմ սիրելի վայրը», «Իմ սիրելի մարդը» թեմաներով: Նրանց անկեղծ, անմիջական, կարելի ու անկարելի սահմաններ չճանաչող տեքստերը անչափ հետաքրքիր էին: Նրանց կրթական մշակույթի մեջ անհատականությունը ազատ մտածողությամբ համակարգելն է: Գրողները երեխաներին սովորեցնում էին գրել ու նրանց ստեղծագործությունները տպագրվում էին ամենամյա գրքերում: Անցյալ տարվա նրանց ստեղծագործության թեման Հայոց ցեղասպանությունն էր, որ հայ երեխաների ստեղծագործությունների հետ համատեղ տպագրվեցին «Ուրացվա՞ծ – մոռացվա՞ծ» գերմաներեն գրքով: Ավարտին Յուրգեն Յանկովսկու հետ՝ կիթառի նվագակցությամբ երեխաները հրաշալի մի երգ կատարեցին:
Ճամփորդությունն ավարտուն չէր լինի եթե ՀԳՄ հրատարակչության մեր տպագրած «Հողը կը խօսի» գրքերը չհասցնեի Վիեննայի Մխիթարյանների միաբանություն: Գրքերից ու լուսանկարներից հարություն առած խնկաբույր պատկերներն էին: Երազանքների երկինքներից մի ակնթարթ երկիր իջած ասուպ էր ասես այդ այցելությունը: Ուխտի էր այն նման՝ ի պատասխանատվություն Վարուժանի, Սիամանթոյի, Սևակի կյանքի ու ստեղծագործության …
Լեզուն ու նրանից բխած մշակույթը մարդկանց երկրի վրա են սահմանազատում: Ամեն լեզու ու մշակույթ ասես մի մոլորակ ստեղծեն՝ երկրային սահմաններից դեպի անհուննություններ ձգվող: Բայց երբեմն անկախ լեզվից նույն թռիչքներն են գրականության տարածություններում: Ու ամեն թռիչք մարդուն փեղկ առ փեղկ ի երկինք է բացում:

Հերմինե Նավասարդյան