«ԸՆԹԱՑՔ»-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ

«ԸՆԹԱՑՔ»-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾԸ

Չեխական «Պլավ» («Ընթացք») ամսագիրը ներկայացնում է բացառապես համաշխարհային գրականությունը: Այս տարվա ապրիլյան համարը գրեթե ամբողջությամբ նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ո՛չ ընդհանրապես, այլ՝ որոշակի հայեցակետով. Ցեղասպանության արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ:

Համարը բացվում է Պրահայում գտնվող «Օրեր» հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և գրաքննադատ, արձակագիր և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հարցազրույցով՝ վերնագրված «Ցեղասպանությունը լոկ մեկ ազգի ողբերգությունը չէ, այլ՝ ամբողջ մարդկության»: Հարցազրույցին հաջորդում է Ռադկա Ռուբիլինայի էսսեն, որտեղ համառոտակի խոսվում է հայոց գրերի, պատմության, Սփյուռքի և Ցեղասպանությանը նվիրված գրականության մասին:

Գեղարվեստական գործերը՝ արձակ և չափածո, բազմազան են՝ հին և նոր, հայագիր և օտարագիր հեղինակներ, և անգամ էջեր, որոնք առնչություն չունեն Ցեղասպանության հետ, բայց հայ հեղինակներ են:

Ընդարձակ մի հատվածով ներկայացված է  «Եվ անգամ մահից հետո» վեպը, որ հայերենից թարգմանել է Միլադա Կիլանովան: Անահիտ Թոփչյանի «Խենթ աղջիկ»-ը, ռուսերենից թարգմանել է Լիբոր Դվորժակը: Արմեն Շեկոյանը ներկայացված է «Իգդիր» պատմվածքով՝ Աննա Սոխովայի թարգմանությամբ, ով նաև, դարձյալ հայերենից, մի փոքրիկ հատված է թարգմանել Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» գրքից:

Միակ օտարալեզու հայազգի գրողը ռումինահայ Վարուժան Ոսկանյանն է՝ իր «Շշուկների մատյանով»:

Չեխ ընթերցողները հնարավորություն են ստացել ծանոթանալու նաև հայ բանաստեղծության մի քանի նմուշներին՝ Նարեկացի, իսկ Թումանյանը («Մի կաթիլ մեղրը»), Վարուժանն ու Սիամանթոն ներկայացված են բնագրով և թարգմանությամբ:

Հանդեսի հայկական բաժինն ամփոփում է Հ. Ասատրյանի «Հայոց Ցեղասպանությանը նվիրված գրականությունը» հոդվածը: Հարկ է նշել, որ այս հանդեսը լույս աշխարհ է եկել բացառապես Հ. Ասատրյանի անդուլ ջանքերի շնորհիվ. վաստակաշատ լրագրող, մտավորական, ով դարձել է մեր մշակութային դեսպանն այդ եվրոպական երկրում, և «Պլավ» հանդեսի հայկական համարը նրա բազմաթիվ հայանպաստ նախաձեռնություններից մեկն է:

Հանդեսի շապիկը զարդարում է Չեխիայում բնակվող հայ նկարիչ Հովիկի յուղաներկ աշխատանքը: