Էդ. Միլիտոնյանի մամուլի ասուլիսը

Մարտի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիս` կայանալիք Պոեզիայի միջազգային օրվա և Մանկական գրքի շաբաթի առիթով: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Մարտի 21-ին` Պոեզիայի միջազգային օրը բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն, թանգարաններում և դպրոցներում կլինեն հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաև` բանաստեղծների ելույթներ տարբեր հարթակներում: Մասնավորապես, ընթերցողների հետ հանդիպումներ կունենան Ազգային գրադարանում` Վառլեն Ալեքսանյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` Ղուկաս Սիրունյանը, ՀԳՄ Մեծ դահլիճում` Գոհար Գալստյանը, Գագիկ Դավթյանը, Նորայր Գրիգորյանը, Հարություն Հովակիմյանը, Էդուարդ Հարենցը, Արտաշես Արամը` տարբեր սերնդի բանաստեղծներ, ինչը վկայում է, որ պոեզիայի համար տարիք գոյություն չունի: Կենտրոն թաղապետարանին կից գործող Պոեզիայի թատրոնը բանաստեղծների ստեղծագործությունների թատերականացված ներկայացումով հանդես կգա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (մարտի 20-ին): Գրական հանդիպումներ կանցկացվեն նաև Գյումրիի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում: Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց նաև Հովհ. Թումանյանի անվան գրական մրցանակ սահմանելու առաջարկության մասին, ինչը հավանություն է ստացել Լոռու մարզպետի կողմից և որը կտրվի Լոռու մարզի ստեղծագործողներին: Նա հույս հայտնեց, որ մյուս մարզերը ևս կհետևեն իրենց հանրաճանաչ գրող հայրենա­կիցների անվամբ մրցանակ սահմանելու այս օրինակին, որի նպատակը մարզերում գրական կյանքի աշխուժացումն է: Պոեզիայի միջազգային օրը յուրօրինակ հիշատակման տուրք կլինի Հ. Սահյանին, ում 100-ամյակը կնշվի ապրիլի 14-ին: Ինչպես նշեց ՀԳՄ նախագահը` տարբեր ընթերցողական լսարանների հետ ժամանակակից բանաստեղծների հանդիպումների նպատակը արդի բանաստեղծությունը ներկայացնելն է, որն ավելի բարդ խնդիր է` ընթերցողներին շատ քիչ հասանելի լինելու պատճառով: «Վախ ունեմ, որ այն, ինչ կատարվում է երաժշտական ասպարեզում, տեղի ունենա նաև պոեզիայի հետ, վեր բարձրանա աշուղականությունը, և պարզամիտ ոտանավորչիությունը մեր հասարակության գլխին դառնա պատիժ»,- ասաց նա և կոչ արեց աշխարհի ժամանակակից լավագույն բանաստեղծներին թարգմանաբար ներկայացնել և ճանաչել, որովհետև աշխարհի մշակութային դաշտը չիմանալու դեպքում չենք կարող ըստ արժանվույն գնահատել մեր բանաստեղծներին: «Աշխարհի գեղարվեստական մտածողությունը պիտի ճանաչենք և մեր ժամանակակից գրականությունը ընկալենք այդ համատեքստում»,- ընդգծեց նա: Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ Մանկական գրքի շաբաթին, որը կանցկացվի մարտի 27-ից ապրիլի 3-ը: Նա նշեց, որ 13 տարի շարունակ Շաբաթի բացումը տեղի է ունեցել ՀՀ մարզերից մեկում, իսկ փակումը` Խնկո-Ապոր անվան գրադարանում: Այս տարի բացումը կլինի Տավուշի մարզում` Իջևանում, հանդիպումներ կլինեն նաև Դիլիջանում: 2013 թ. մանկական գրքի մրցանակը կհանձնվի Ռուբեն Մարուխյանին: Վերջինս մարտի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում կհանդիպի ուսուցիչների և աշակերտների հետ: Հագեցած ծրագիր է պատրաստել Խնկո-Ապոր գրադարանը, կլինեն մանկական նոր գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնշվեն Հովհ. Թումանյանի, Հ. Սահյանի, Հ. Շիրազի հոբելյանները: Մանկագիրների հետ հանդիպումներ կլինեն Երևանի և մարզերի դպրոցներում: «Գրական թերթ»-ը իր էջերը կտրամադրի ժամանակակից մանկական գրականությանը, ինչն իր դրական ազդեցությունն է թողնում մանկական գրականության տարածման գործում: ՀԳՄ նախագահը շեշտեց, որ տարեկան 25-30 մանկական գեղարվեստական գիրք է տպագրվում, իսկ պետական պատվերի և աջակցության ծրագրերում` 40-50 մանկապատանեկան գիրք` ճանաչողական, երաժշտական, գիտական, թարգմանական բնույթի, ինչպես նաև նոր ստեղծագործություններ, վերատպություններ, այ­նուամենայնիվ օրվա հիմնական մտահոգությունը մանկապատանեկան գրականության դաշտում երիտասարդ հեղինակների բացակայությունն է: Մանկագիրները հիմնականում ավագ տարիքի գրողներ են: Արժևորելով մեր օրերում ստեղծվող մանկապատանեկան գրա­կանությունը՝ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց. «Այսօր էլ կան լավ գործեր, որ պիտի թարգմանվեն, տարածվեն, մեր լավագույն գրողների լավագույն ստեղծագործությունները պիտի գնահատենք ու դպրոցական ծրագրերում կարողանանք ներկայացնել, հատկապես տարրական դասարաններում»: