Երկար սպասված բառարան

Արդեն երրորդ տարին է, ինչ ընթերցողի սեղանին է ֆրանսերեն-հայերեն մի բառարան, որի կարիքն ու անհրաժեշտությունը զգացվել է մշտապես: Դա առաջին ժամանակակից արևելահայերեն, ծավալուն երկլեզվյան բառարանն է, որ թարգմանիչներին և առհասարակ ֆրանսերենով զբաղվողներին զգալի չափով ազատում է թարգմանական այլ բառարաններից օգտվելու ծանր աշխատանքից: Բավական է ասել, որ ֆրանսերեն այս կամ այն դժվարիմաց բառի հայերեն համարժեքը ունենալու համար ստիպված ենք եղել ֆրանսերեն-ռուսերեն բառարաններում որոնել անհրաժեշտ բառի ռուսերեն թարգմանությունը, ապա ռուսերեն-հայերեն բառարանների օգնությամբ այն վերաթարգմանել հայերեն: Դժվար չէ պատկերացնել թե նման միջնորդությունից որքան նրբերանգներ կարող է կորցնել բառիմաստը: Անշուշտ, բառարանագրական հարուստ ժառանգություն ունի հայ ժողովուրդը: Մեր մատենագիտությանը հայտնի են բազմաթիվ և բազմաբնույթ ձեռագիր բառարաններ, որոնք ստեղծվել են սկսած 5-րդ դարից և ողջ միջնադարի ընթացքում, մինչև տպագիր բառարանների ի հայտ գալը: Ֆրանսերեն-հայերեն երկլեզվյան տպագիր բառարանները, որ լույս են տեսել նախ Վենետիկում, ապա Պոլսում, Զմյուռնիայում և այլուր երկու հարյուր, հարյուր հիսուն, հարյուր տարի առաջ, ստեղծվել են ժամանակի նշանավոր հայկաբանների, լեզվաբանների, մի քանի լեզուների հմուտ գիտակ բանասերների անձնվեր աշխատանքով: Թեև այդ բառարանները գրաբար և արևմտահայերեն են, որոշ իմաստով հնացած և լայն օգտագործման տեսակետից անմատչելի` արևելահայերեն մտածողությամբ կրթվածներիս համար, սակայն այսօր էլ դրանք մնում են որպես մեծագույն արժեքներ և իսկական գանձարան բառագետների, բառարանագրությամբ զբաղվողների և մասնագետ թարգմանիչների համար: Ինչևէ, այսօր չափազանց կարևոր էր ունենալ ժամանակի պահանջները բավարարող նոր բառարան, որից կարողանային օգտվել ֆրանսերեն լեզվով բոլոր հետաքրքրվողները: Խնդրո առարկա ֆրանսերեն-հայերեն բառարանը (40 հազար բառահոդվածներով) կազմված է գիտական լուրջ մակարդակով, երկու լեզուների բառապաշարների հարուստ օգտագործմամբ, և հնարավորինս ընդգրկում է մշակույթի, գիտության, տեխնիկայի տարբեր բնագավառներին վերաբերող նորաբանություններ, նորաստեղծ բառեր ու մասնագիտական տերմիններ: Ներկա բառարանի մեծ արժանիքը բառացանկերի բազմազանությունն է, յուրաքանչյուր բառահոդվածում ներկայացվող ֆրանսերեն բառի և հայերեն համարժեքի իմաստային նրբերանգների համադրումը: Հաճախ ամբողջ սյունակ կամ սյունակներ զբաղեցնող բառահոդվածներում տրվում է բազմիմաստ բառերի ամենատարբեր գործածության հնարավորությունները` լայնորեն կիրառվող համանունների, կապակցությունների փոխաբերությունների միջոցով: Որպես օրինակ վերցնենք FAIRE բայը. 1) անել, ստեղծել, որ բազմաթիվ դարձվածքներում ձեռք է բերում տարբեր իմաստներ` արտադրել, պատճառել, կարգավորել, ձևակերպել, հաղորդել, մաքրել, դասավորել, հավաքել և այլն, այսպես քառասուն-հիսուն բառահոդվածներ: Բառարանում ներկայացված գրեթե բոլոր բառահոդվածները մշակվել են մանրակրկիտ կերպով և աչքի են ընկնում կյանքի, կենցաղի, բնության բազմազան ոլորտների ընդգրկմամբ, ծով, կենդանաբանություն, բժշկություն, ճարտարապետություն, տեխնիկա, առևտուր և այլ՝ իրենց ուղղակի և փոխաբերական իմաստներով, ընթերցողին ընձեռելով հարուստ ճանաչողական նյութ: Կցանկանայի միայն նշել, որ երկլեզվյան բառարաններում ըստ ընդունված կարգի բառահոդվածները դասավորվում են նախ ժամանակակից իմաստով: Ներկա բառարանում հանդիպում են բառեր, որոնք ունենալով առաջնային իմաստ, հայտնվում են վերջին պլանում: Այսպես, CONCEPTION-ը ըստ ֆրանսիական արդի բացատրական բառարանների (օրինակ MICRO ROBERT) նշանակում է 1. հասկացություն, ձևավորում, մտքի գործունեություն, դատողություն, մտահղացում և այլն և միայն երկրորդական իմաստով` բեղմնավորում, հղի: Մեր բառարանում CONCEPTION-ը նախ բեղմնավորում, հղիացում է նշանակում, իսկ հիմնական նշանակությունը` ընկալում, ըմբռնում, միտք, հայեցակարգ և այլն, դարձել է փոխաբերական: ESPRIT բառը MICRO ROBERT-ը ներկայացնում է նախ որպես միտք, մտածողություն և բերում է մտքին, դատողությանը առնչվող բազմաթիվ օրինակներ, այնուհետև, վերջին պլանում` ոգի, ուրվական, մեր այս ֆրանսերեն-հայերեն բառարանում ESPRIT-ն նախ ընկալվում է որպես ոգի, ուրվական, հետո միայն միտք, դատողություն և այլն: «ծՏՉօռ ՒՐՈվՓցջՍՏ-ՐցրրՍՌռ» (Վ.Գ. Գակ, Կ. Ա. Գանշինա) բառարանում նույնպես ESPRIT-ն ներկայացվում է նախ որպես միտք, բանականություն, գիտակցություն, տաղանդ և այլն, վերջում` ոգի, ուրվական: PEINTURE – գեղանկարչություն, նկարչություն բառը ներկայացվել է նախ ներկ, ներկել երկրորդական իմաստով: Ցավոք, բառարանում առկա են բառացանկերի չարդարացված կուտակումներ: Այսպես, BRUIT – աղմուկ, ձայն, շաչյուն, թնդյուն, շռինդ, դղրդոց, հռնդյուն, շառաչյուն, զնգոց, զրնգոց, բախյուն, թխկոց, թխկթխկոց, չխկոց, շրխկոց, ճայթյուն, ճարճատյուն: Բանն այն է, որ բառերի կեսից ավելին նույն իմաստն ունեն, իսկ բառահոդվածները, որ պիտի կազմվեին հիշյալ բառերով, կազմվել են միայն աղմուկով – աղմկել, անաղմուկ, ոչնչից շատ աղմուկ, աղմուկ բարձրացնել: Առանձին վերանայման կարիք ունեն համառոտագրությունների նշումները: Հաճախ կազմախոսությանը, կենսաբանությանը վերաբերող բառերը տրվում են բժշկ. (բժշկություն) նշումով. Քներակ (carotide), դաստակ (carpe), ուղիղ աղիք (rectum), առաջնային վերջույթ (membre anterieure), օրգան և այլն, և այլն, առաջացնելով շփոթություն: Ճիշտ չէ նաև, որ կրոնին վերաբերող բոլոր բառերն ու արտահայտությունները, ասենք Ահեղ դատաստան (le jugement dernier), խաչ (croix), Սուրբ հոգի (SAINT – ESPRIT), հայտնություն (apocalypse) և այլն տրված են եկեղ. (եկեղեցական) նշումով: Ի դեպ, apocalypse-ը ներկայացված է թերի (Հայտնություն, Գիրք հայտնության, Աշխարհի վերջ): «Հայտնություն» գրքի հեղինակը` Հովհաննես ավետարանիչը չի գործածել «աշխարհի վերջ» արտահայտությունը: Նման բան չի ասվում նաև Հայկազյան բառարանում (…Apocalypsis, revelatio Գիրք հայտնության Հովհաննու և նույնիսկ տեսիլն նորա): Իսկ «Աշխարհի վերջ» արտահայտությունը մեր օրերում գործածվում է միայն փոխաբերական իմաստով: Թերի է նաև MONTMORENSY-ի միայն կեռասի տեսակ (թթու և կարճակոթ) բացատրությունը: MONTMORENSY-ին հայտնի տեղանուն է, որ պետք է անպայման նշվեր, և բացի կեռաս լինելուց այն նաև ժանյակի տեսակ է: Բառարանում առկա փոխառյալ բառերի նկատմամբ մոտեցումը, կարծում եմ, վերանայման կարիք ունի: Փոխառությունների դեպքում պետք է անհրաժեշտաբար դրվի դրանց ծագումը և բացատրությունը, այլապես ստացվում է ոչինչ չասող պատկեր, ինչպես օրինակ a priori – ածական – ապրիորի, ապրիորիական, ապրիորիկ դերբայ – ապրիորի, ապրիորի դատողություն aprioriste – ապրիորիստ apriorisme – ապրիորիզմ: Մեկ այլ դեպքում փորձ է արվել թարգմանել փոխառյալ OLIGARCHIE բառը – օլիգարխիա, խմբիշխանություն, սակավապետություն: Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» սակավապետություն նշանակում է սակավապետ լինել, սակավապետ – քիչ պետքեր, պահանջներ ունեցող, քչով բավարարվող: Իսկ խմբիշխանություն բառաստեղծումը պարզեցման կարիք ունի: Մի խոսքով, նշված բառերը, կարծում եմ, չեն կարող օլիգարխ-ի համարժեքը լինել: Ճիշտ կլիներ, ինչպես ընդունված է փոխառությունների դեպքում, եթե տրվեր բառի ծագումը և նախնական բացատրությունը: Չնայած նշված ու չնշված այլ մանր-մունր թերություններին, երբեմն նաև փոքրիկ վրիպումներին, ոչ մի կերպ չի նվազում այս շատ օգտակար բառարանի արժեքը, բառարան, որ ստեղծվել է մեծածավալ, դժվարին, լուրջ գիտելիքներ պահանջող աշխատանքով: Հայտնի բան է, որ ոչ մի նորաստեղծ գործ միանգամից կատարյալ չի լինում: Ուրիշ երկրներ երկու-երեք տարին մեկ վերահրատարակում են իրենց բառարանները, դրանք համալրելով ժամանակակից գիտությունների առաջադրած նորաբանություններով, միաժամանակ շտկելով նկատված թերությունները: Մեր այս բառարանը առայժմ միակն է: Արժանին մատուցելով կազմողներին, հեղինակներին (Ա. Մուրադյան, Ս. Խաչատրյան) և հրատարակչին (Փրինթինֆո), հուսանք, որ այն կվերահրատարակվի և կներկայանա առավել անթերի տեսքով: