Երիտասարդ ստեղծագործողների հայտը

Երիտասարդ ստեղծագործողների հայտը
Վայոց ձորը միշտ աչքի է ընկել տաղանդավոր, ստեղծագործ և ակտիվ երիտասարդներով, որոնք ինքնաարտահայտման և ինքնադրսևորման համար տարբեր ուղիներ և հնարավորություններ են փնտրել` երբեմն գտնելով դրանք, իսկ երբեմն էլ, ցավոք, հանդիպել խոչընդոտների: Վայոցձորցի երիտասարդների հետաքրքրությունների շրջանակները բազմազան են` սպորտ, նկարչություն, ձեռագործություն, թատրոն, երգ, պար, նորագույն տեխնոլոգիաներ և շատ այլ ոլորտներ: Նշված բնագավառներում ինքնաարտահայտվելը, թերևս, ավելի հեշտ ու հասանելի է, քան գրելու և ստեղծագործելու ցանկություն և պահանջ ունեցող երիտասարդների` իրենց աշխատանքները հանրությանը, հասակակիցներին ներկայացնելը, տպագրվելը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդ ստեղծագործողներ» ծրագիրը հնարավորություն էր տալիս հանրությանը ներկայացնել Վայոց ձորի տարբեր համայնքների երիտասարդների ստեղծագործությունները: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է «Մի կտոր ինձնից» գրքույկը, որտեղ ընդգրկված են վայոցձորցի 24 երիտասարդ ստեղծագործողների արձակ և չափածո գործերը: «Մի կտոր ինձնից» գրքույկը Էմմա Մկրտչյանի, Սոնա Աբրահամյանի, Անահիտ Հովհաննիսյանի, Գոհար Առաքելյանի, Հասմիկ Հարությունյանի, Մարինե Մնացականյանի, Անի Բաբայանի, Անի Ժամկոչյանի, Կարեն Մարտիրոսյանի, Էլլա Թադևոսյանի, Արման Վարդանյանի, Գոռ Մանասերյանի, Դիանա Սարգսյանի, Երանուհի Մանուկյանի, Շուշան Դանիելյանի, Հայարփի Սարգսյանի, Նարեկ Հարությունյանի, Վարդուհի Բագրատյանի, Մարիամ Մաթևոսյանի, Լուսինե Կարապետյանի, Արփինե Սուքիասյանի, Թամարա Վարդանյանի, Մուշեղ Վարդանյանի և Լենա Կիրակոսյանի առաջին գրական հայտն է: