Երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանն արժանացավ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակի

34771385_1963921957252219_1830645083100151808_n

Երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանն արժանացավ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակի
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակը տրվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար:
Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց հունիսի 7-ին Հայաստանի գրողների միությունում:
Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ իրենք մի շարք մրցանակաբաշխություններ են կյանքի կոչում, որոնք հնարավորություն են տալիս որոշ չափով գնահատել ժամանակակից ստեղծագործողներին: «Մրցանակաբաշխությունների շարքը համալրվեց ևս մեկով: Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխություն անցկացնելու առաջարկը պատկանում է գրողի կնոջը` Օլգա Մելիքյանին, ով նաև ցանկացել է մրցանակը հանձնել պատմվածքի ժանրում, և մենք սիրով համաձայնվել ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:
Օլգա Մելիքյանի խոսքով` ի սկզբանե որոշվել է, որ մրցույթին կարող են մասնակցել գրողներ առանց տարիքային սահմանափակման: «Մեր խնդրանքով մրցանակը ամեն տարի կտրվի մայիսի հինգին` Ռուբեն Հովսեփյանի ծննդյան օրը: Այս անգամ երկրի ներքաղաքական անցուդարձի հետ կապված մի փոքր ուշ ենք հանձնում այն»,-ընդգծեց նա:
Մելիքյանը շեշտեց, որ առաջարկել է մրցանակը հանձնել պատմվածքի ժանրում, քանի որ Ռուբեն Հովսեփյանը գրական աշխարհ է մտել պատմվածքով:
Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովի անդամներն էին գրական ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ Կարինե Խոդիկյանը, Պետրոս Դեմիրճյանը, Լիլիթ Հովսեփյանը, Սուսաննա Հարությունյանը:
Ժյուրիի նախագահ Նորայր Ադալյանն ընդգծեց, որ այս մրցանակը լավագույններից է ու պարտավորեցնում է ապրող գրողներին բարձրացնել գրականության չափանիշները:
Ադալյանն արձանագրեց, որ ներկայացվել են քսան հեղինակի ստեղծագործություններ: «Անկեղծ ասած իմ սպասելիքներն ավելին էին: Կարծում էի, հայ գրականության մեջ ունենալով պատմվածքի հիանալի ավանդույթներ, այսօր ավելի լավ գործեր պետք է գրվեին, բայց տպավորությունն ընդհանուր առմամբ, ոչ առանձին դեպքերում տխուր էր»,-խոստովանեց ժյուրիի նախագահը:
Մրցանակակիր Արմինե Բոյաջյանի խոսքով` հենց «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքն է ուղարկել մրցույթին, քանի որ այն ծնվել է իր համար սարսափելի ժամանակահատվածում: «Երբ գրեցի, առաջին անգամն էր, որ չկար այն մեկը, ով պետք է կարդար ու ասեր, թե ինչ է պետք անել: Այս մրցանակաբաշխությանը մասնակցելն էլ ինձանից քաջություն պահանջեց. ստեղծագործությունը սահմանված ժամկետի վերջին օրն եմ ներկայացրել»,-պատմեց գրողն ու հավելեց, որ երբ մտել է թատերական ինստիտուտ, վատ շարադրություն գրող աղջիկ է եղել և այն, ինչ կա այսօր Ռուբեն Հովսեփյանի շնորհիվ է:
Ռուբեն Հովսեփյանը 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին Հայաստանի գրողների միության քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Նրա պատմվածքներն ու վիպակներն առանձնանում են դրանցում արծարծվող թեմաների արդիականությամբ: Հայտնի ստեղծագործություններն են` «Հնձան», «Ամենատաք երկիրը», «Երկար, հրաշալի օր», «Ճայերը» և այլ գործեր: