Երիտասարդ գրողների 12-րդ միջազգային համաժողով

IMG_7303

Հունիսի 6-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 12-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարդկային հարաբերությունները, երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Նրա հավաստմամբ՝ այս խորհրդակցությունները փորձի փոխանակման հնարավորություն տալով, միաժամանակ օգնում են գտնել նոր անուններ, ինչպես նաև ստեղծել նոր, հետաքրքիր գործեր: ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը խոսեց երիտասարդական գրականության մի քանի հիմնախնդիրների շուրջ, անդրադարձավ մասնավորապես այն հարցադրումներին, թե 90-ականներից հետո եկած սերունդը ինչպես է նայում կյանքին, մեր ազգային արժեքներին, ինչ մտածողություն ունի, ինչպես է գնահատում այսօրվա իրականությունը և ինչ հեռանկարներ է տեսնում: Ընդգծելով ժամանակի մեջ շփոթվածության, այսօրվա արժեքների փնտրտուքի, մենության, ընկճվածության, հուսահատության դրսևորումները. նա նշեց, որ միևնույն ժամանակ երիտասարդական գրականության մեջ շրջանառվում են նաև դասական արժեքները՝ «Կա համոզվածություն, որ մենք ունենք արժեքներ, որ անցյալից են գալիս, և կան իդեալներ, որոնց մենք ձգտում ենք»: Գրականագետ Արմեն Ավանեսյանը, «Երիտասարդական արձակի արդի վիճակը» զեկուցման մեջ ներկայացնելով 2012-2014 թթ. պետական աջակցությամբ տպագրված գրքերը, որոնք աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, ուրվագծային երանգներով անդրադարձավ հայ արձակին: Նա ընդգծեց այն փաստը, որ պոեզիան պայմանականությունները քանդում է, գնում դեպի ավելի անմիջական խոսակցության, փորձում է դառնալ կյանքի հայելային արտացոլանքը: Այնինչ արձակը առավելապես գնում է դեպի պայմանականության, վիրտուալ տարածքներն են հիմնականում դառնում արձակի գեղարվեստական հիմքը: Այնուհետև Ա. Ավանեսյանը արժևորեց գրական մամուլի՝ «Գրանիշ», «Նարցիս», «Գրական թերթ», «Անդին» հանդեսների դերը, որոնց էջերում ներկայանում են երիտասարդներն իրենց ստեղծագործություններով, իսկ «Գրեթերթն» ու «Ցոլքերը» երիտասարդական միտվածություն և հատուկ շեշտադրություն ունեն: Այդ թերթերը, ըստ բանախոսի, փորձադաշտ են, որտեղ թրծվում են երիտասարդ գրողները: «Այն հեղինակները, ովքեր մամուլի միջով են հասնում գրքի, ավելի հասունացած, ավելի կայացած են լինում, քան նրանք, ովքեր ինչ գրում, միանգամից տպագրում են. վերջիններս թափթփված և թույլ կառուցվածք են ունենում շտապողականության, հապճեպության պատճառով»,- ասաց նա: Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը կարևորեց պատմական իրադարձությունների, կյանքի տվյալ հատվածի շատ երևույթների, հասարակական, պատերազմական, հանրային զգացողությունների անդրադարձը ստեղծագործություններում: «Բառը ունի նաև հասարակական և քաղաքական աստառ, պետք է հասնել այդ աստառին»,- ասաց նա: Ըստ գրականագետ Հասմիկ Հակոբյանի՝ անկախության սերնդի համար ժամանակակից գրականության ամենաբնորոշ գիծը հստակ ժամանակազգացողությունն է, ժամանակափնտրտուքը, մենության ձգտումը, անձնականացումը: Նրա բնորոշմամբ՝ ժամանակակից գրականությունը ոչ մի իդեալ չի փնտրում, բոլոր մոլորությունները, ժամանակի մեջ բոլոր շրջանառությունները, ինքնափնտրտուքը, մենությունը ոչ թե երջանկության կամ դժբախտու­թյան որոնումներ են, այլ ինքնավերացարկված ապրելու մոդել: «Այսօր երիտասարդ գրողների գործերում աշխարհը ավելի գեղեցիկ դարձնելու ճիգը չկա, պարզապես ապրում ու գրում են այն, ինչ տեսնում են, և դա կարող է ո՛չ գեղեցիկ լինել, ո՛չ էլ իդեալի փնտրտուք»,- մասնավորեց նա: Բանաստեղծ Կարեն Անտաշյանն իր մտահոգությունները հայտնեց փորձարարություն անելու ճիգի բացակայության մասին և կարևորեց պոեզիայում լեզվական վերարժևորումներ անելու փորձը: «Պետք է շեշտը դնել գեղարվեստական տարբեր փորձարարությունների վրա»,- նշեց նա: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանն անդրադարձավ երիտասարդ գրողների գործերին բնորոշ միայնության թեմային, ընդգծեց գեղագիտական իդեալով առաջնորդվելու գաղափարի անհրաժեշտությունը: Բանաստեղծ Վահե Արսենի հավաստմամբ` չի գործում կարևոր էատարրերից մեկը՝ ընթերցողը, որն ուղղակիորեն ազդեցություն ունի գրողի վրա ենթագիտակցական մակարդակում: Նա վստահեցրեց, որ գրողների և գրականագետների միջև ներքին լարվածությունը պայմանավորված է ընթերցողների բացակայությամբ: Երիտասարդական արձակի արդի վիճակի մասին իրենց դիտարկումներն արեցին նաև բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Նշան Աբասյանը և ուրիշներ: Այնուհետև տեղի ունեցավ պետական աջակցությամբ տպագրված երիտասարդ գրողներ Քրիստինե Հովսեփյանի «Սև թուղթ», Կարեն Անտաշյանի «Ծիլի-ծով», Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գրքերի գինեձոնը: Վրացի գրողներ Իլյա Կիլաձեն, Գեորգի Լիպարիշվիլին, երիտասարդ հայ գրողներ Սոֆյա Մանուկյանը, Լուսինե Եղյանը, Անի Հովնանը, Քրիստինե Հովսեփյանը, Նելլի Սահակյանը, Արամ Մամիկոնյանը, Նշան Աբասյանը և ուրիշներ կարդացին իրենց բանաստեղծություններից: Երկրորդ օրը բանաստեղծ Վահե Արսենը ելույթ ունեցավ «Երիտասարդական պոեզիան գրական մամուլում» խորագրով զեկուցմամբ: Նրա դիտարկման առանցքում Արամ Մամիկոնյանի, Ռուզաննա Ոսկանյանի, Մանե Գրիգորյանի, Անի Հովնանի և Լուսինե Եղյանի ստեղծագործություններն էին, որոնց ուսումնասիրության հիման վրա Վ. Արսենը նկատում է, որ երիտասարդների պոեզիան հիմնականում պտտվում է ներանձնային խնդիրների շուրջ, ինչը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ երիտասարդները խոստովանում են իրենց թեկուզ փոքրիկ, բայց հաճախ հարուստ և որոշ դեպքերում դեպրեսիվ կենսափորձը, իսկ բացա­սականը` երիտասարդները սևեռվում են սեփական անձի, ապրումի շուրջ` հաճախ թե՛ իրականությունից, թե՛ գրականությունից փախուստի միջոցներ փնտրելով. այստեղ փորձերը երբեմն հաջող են և պոետական: «Երիտասարդությունը հստակորեն արտացոլում է ժամանակակից մարդու հոգեվիճակը, նրա տվայտանքները, ներկայացնում է այն, ինչի հետ այսօր կապվում է մարդը: Այսօր մարդն սկսում է փակվել իր խխունջապատյանի մեջ և այլ ելք կարծես դրսում չի գտնում»,- ասաց նա: Փաստելով, որ հայերենն ահռելի հնարավորություններ է ընձեռում` Վ. Արսենն ընդգծեց լեզվական նորարարության կարևորությունը և երիտասարդ գրողներին խորհուրդ տվեց լեզվական կաղապարները հաղթահարելու փորձեր անել: Նա, բանաստեղծական պատկերները բաժանելով երկու խմբի` սուբյեկտիվ (բանաստեղծի) և օբյեկտիվ, շեշտեց, որ չափից ավելի օբյեկտիվ պատկերները հեղինակին, հեղինակի եսը դանդաղորեն դուրս են մղում, ինչի հետևանքով կառույցը իր մեջ լիցք չի պարունակում: Անդրադառնալով բանաստեղծության մեր գերակշռող ներանձնային խնդիրներին` Վ. Արսենը կոչ արեց այդ տարածքից հնարավորինս հրաժարվել և տեղափոխվել ավելի լայն տիրույթ: «Պետք է կարողանալ սեփական զգացմունքը հաղթահարել և վերածել զգացումի, տրանսֆորմացիայի ենթարկել զգացմունքը: Եթե տրանսֆորմացիա չկա, եթե ապրումը չի հաղթահարվում և մնում է, ունենում ենք օբյեկտիվ, լճացնող տարր, ինչը համահարթեցնում է ամեն ինչ»,- ամփոփեց բանախոսը: Վահե Արսենի զեկույցում արծարծված գրական խնդիրների մասին կարծիքներ հայտնեցին նաև բանաստեղծներ Էդ. Միլիտոնյանը, Ա. Հարությունյանը, Ն. Աբասյանը, Ա. Ավագյանը, Կ. Անտաշյանը, գրականագետներ Ս. Աբրահամյանը, Ա.Պետրոսյանը: Երրորդ օրը ելույթ ունեցավ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ «Երիտասարդական գրականությունը և քննադատությունը» թեմայով: Ըստ նրա՝ 70, 80, 90-ականների Հայաստանի գրական մամուլից պարզ է դառնում, որ քննադատությունը ժամանակակից գրականությանը ուշադրություն էր դարձնում առավելապես տարեկան անդրադարձների, համագումարային զեկուցումների առիթով, և այդ պարագծում նոր-նոր գրական ասպարեզ մտնող, գրականության հայտ ներկայացնող գրողները հայտնվում էին որոշակի լուսանցքում, և նրանց անդրադարձը կատարվում էր անունների հիշատակման մակարդակում: Այնինչ 2001-ից գրական ասպարեզ մտած երիտասարդ գրողները անմիջապես զգացին քննադատության ներկայությունը իրենց թիկունքին և իրենց կողքին: Քննադատության դաշտն էլ այս շրջանում համալրվեց տաղանդավոր երիտասարդ քննադատներով` Ք. Հովհաննիսյան, Ս. Դվոյան, հետագայում նաև Ա. Նիկողոսյան, Հ. Համբարձումյան, Վ. Դանիելյան, Հ. Հակոբյան, Ա. Ավանեսյան, ովքեր իրենց ուսերին վերցրին իրենց սերնդակիցներին հանրությանը ճանաչելի դարձնելու առաքելությունը: Ա. Նիկողոսյանը գնահատեց 2003-ի վերջին և 2004-ի սկզբին «Գրական թերթում» Հավելվածի ստեղծումը, որտեղ հնարավորություն էր տրվում դրսևորվել գրողներին: Այդ Հավելվածի էջերում երիտասարդ գրականագետները ներկայացրին իրենց սերնդակցին` շրջանառելով նրա անունը գրական շրջանակներում: Ա. Նիկողոսյանը անդրադարձավ նաև «Գարուն» ամսագրում իրականացվող «Գրականու­թյուն» նախագծին, որը հետո տեղափոխվեց «Գրեթերթ»: Այդ շրջանում քննադատությունը փորձեց ընդհանուր միտումների մեջ ամրագրել երիտասարդների բերածը: «Երբ խոսվում էր ժամանակակից գրականու­թյան զարգացման օրինաչափությունների, խնդիրների, տարբեր ժանրերի պարագծում նոր միտումների երևան գալու մասին, արդեն գնահատում էին նաև ժամանակակից երիտասարդ գրողների գործերը»,- ասաց նա և հավելեց. «Այսինքն՝ քննադատությունը կարողացավ ոչ միայն երիտասարդ գրողների ստեղծածը ներհյուսել ընդհանուր գրական պրոցեսին, այլև կարողացավ գրողներին ինչ-որ չափով կողմնորոշել»,- ասաց նա: Անդրադառնալով վերջին տարիներին ի հայտ եկած գրող-քննադատ հակասությանը` բանախոսը վստահեցրեց, թե որքան էլ գրողը ներքին գիտակցումը ունենա իր ստեղծածի հանգրվանային արժեքների, հանգրվանային փուլերի մասին, այնուամենայնիվ քննադատությունն է, որ պիտի առարկայացնի դա, որպեսզի գրականությունը շարժվի մեկ քայլ առաջ: Բանաստեղծ Արևշատ Ավագյանի համոզմամբ` գրականությունը պետք է ունենա կրթելու, դաստիարակելու, մարդուն դեպի ազատությունը, արդարությունը, բարեկեցությունը տանելու ուղղություն, գրողները պետք է համամարդկային բարձր արժանիքների կրողները լինեն` չմոռանալով ազգայինը: Գրական չափանիշների, առողջ քննադատության մասին ելույթ ունեցան նաև Էդ. Միլիտոնյանը, Պ.Դեմիրճյանը, Հ. Համբարձումյանը, Ա. Հարությունյանը, Կ. Անտաշյանը, Ս. Աբրահամյանը, Ն. Աբաս­յանը, Վ.Արսենը: Համաժողովի օրերին տեղի ունեցան նաև հանդիպումներ թեմատիկ խմբերում, ինչը, անկասկած, լավագույն հարթակ է փոր­ձի փոխանակման, գրական սերունդ­ների միջև շահագրգիռ երկխոսության կայաց­ման համար: