Եղիշե Չարենց – 118 Հանճարի մեծությունը իր գրքի էջերով չի հաշվվում

Չարենց-620x375

Եղիշե Չարենց – 118 Հանճարի մեծությունը իր գրքի էջերով  չի հաշվվում

Մարտի 13-ին լրացավ Եղիշե Չարենցի 118-ամյակը: Բանաստեղծի հուշակոթողի մոտ հավաքված գրողները, մտավորականները, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի աշակերտները մեկ անգամ ևս վերարժևորեցին գրողի ստեղծագործությունները` օրը հագեցնելով չարենցյան շնչով ու ոգով:

Գոհար Բազյան-Ջերրահյանը` Չարենցի թոռնուհին, նշելով, որ ինքն էլ շատերի նման Չարենցին ծանոթացել է նրա գրքերից, ստեղծագործություններից, ժամանակակիցների հուշերից, փաստաթղթերի միջոցով, խոստովանեց, որ հպարտություն է զգում, երբ տեսնում է հավաքված աշակերտներին, չարենցասերներին: «Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայը աշխարհում, քանի կա Մասիս լեռը»,- վստահեցրեց նա:

ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ներկայացնելով Ե. Չարենցի հախուռն մուտքը պոեզիայի աշխարհ, նշեց, որ նա այդպես հախուռն էլ մինչև իր կյանքի ողբերգական ավարտը ստեղծեց հրաշալի գործեր, գրեց ազգային մտածողության, ինքնության հրաշալի հոդվածներ: Այդ ամենը, ըստ նրա, կարևոր էր այն առումով, որ մանավանդ 30-ականներին  հեշտ չէր խոսել ազգային մտածողության մասին: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ` Չարենցը միասնականության, ամբողջականության գաղափարախոս էր թե՛ իր պոեզիայով, թե՛ իր ապրած կյանքով: «Այսօր պետք է գիտակցել այն հսկա ծրագրերը, կոչերը, որ դրված են նրա բոլոր խոսքերում և նրա կեցության մեջ»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:

«Այսօր մեր այստեղ լինելը ևս ապացույց է, որ նրա թափանցիկ և անթափանց ներկայությամբ շարունակում ենք նրա ոգեղենությունը զգալ մեր մեջ, շարունակում ենք ապրել նրանով, որովհետև հանճարի մեծությունը իր գրքի էջերով չի հաշվվում, չի չափվում, այլ ամեն անգամ այդ հատորները բազմապատկվում են ընթերցանությամբ, սերունդների աչքով, նրանց ընկալմամբ»,- ասաց բանաստեղծ Բագրատ Ալեքյանը և կարդաց իր բանաստեղծությունը` նվիրված մեծ պոետին:

Բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը Եղիշե Չարենցին համարեց մեր ազգի ոսկե երակից բխող գրող և կարդաց բանաստեղծություն` նվիրված Ե. Չարենցին:

Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի սաները:

 

Շաքե ԵՐԻՑՅԱՆ