Դժվարին ճանապարհի մարդը

main20151204_10

Դժվարին ճանապարհի մարդը
Դեկտեմբերի 3-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, հրապարակախոս Զորի Բալայանի ռուսերեն ութհատորյակի («Художественная литература», Москва) շնորհանդեսը:
Կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանը, ով նաև վարում էր ցերեկույթը, նշելով, որ Զ. Բալայանն իր գրականությամբ, հասարակական-քաղաքական գործունեությամբ երբեք չի ուշանում, հավաստեց, որ ութհատորյակը արտացոլում է Զ. Բալայանի գրողական և մարդկային կենսագրությունը, որն ընդգրկել է մի ամբողջ դարաշրջան, հսկայական, համաշխարհային տարածություններ, հասել է մինչև իր երկրի էության խորքը: «Ձեր ամբողջ կյանքում Դուք միշտ փնտրել եք դժվարինը, որովհետև դժվարին ճանապարհներում չեն լինում պատահական մարդիկ, դժվարին ճանապարհներին հանդիպում են միայն նրանք, ովքեր արժանի են դրան, ով ընտրել է դժվարագույն ճանապարհ»,- ասաց Դ. Մուրադյանը: Ապա ներկայացրեց ռուս գրողների, գրականագետների պատվիրակությանը, որ ներկա էր Զ. Բալայանի ութհատորյակի շնորհանդեսին:
Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը խոսեց Զ. Բալայանի «Այստեղ մեռնում են գրքերը» հոդվածի մասին, որն անդրադառնում էր այն գրքերին, որոնք գտնվում են պահոցներում: Նրա հավաստմամբ` այդ հոդվածի շնորհիվ սկսվեց ու մինչև այսօր շարունակվում է հայկական գրադարանների վերանորոգումը:
Ըստ Գեորգի Պրյախինի՝ Զ. Բալայանը Հայաստանով մեկ կատարած իր ճանապարհորդություններով, իր լրագրողությամբ էջ առ էջ մանրազնին կերպով վերականգնում է այն անունները, որոնք այլևս ողջ չեն: Եվ դա ավելի շատ պետք է ոչ միայն հայ, այլև ռուս աշակերտներին:
Ալեքսանդր Սմիշլյաևը Զ. Բալայանին ճանաչել է այն ժամանակներից, երբ վերջինս որպես բժիշկ աշխատում էր Կամչատկայում: «Շնասայլակներով, եղնիկներով կատարած ճանապարհորդությունների ընթացքում այնքան բան է տեսել, այնպես խորն է ներծծվել այդ կյանքով, որ սկսել է նկարագրել Հյուսիսի մարդկանց կյանքը, և դա արել է ոչ թե արհեստավարժ գրողը կամ լրագրողը, այլ՝ բժիշկ Զ. Բալայանը: Այդպես ծնվեց նախ հրապարակախոսը, իսկ ժամանակի հետ՝ նաև գրողը, որին Կամչատկայում սիրում են»,- ամփոփեց նա:
Ելույթ ունեցան նաև Լեոնիդ Կոլպակովը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Զորի Բալայանը:
Ութհատորյակը հանձնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի, Ավ. Իսահակյանի անվան և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների գրադարաններին: