Գրքի տոն

0_92c66_74d2a937_orig

Գրքի տոն

Սեպտեմբերի 2-6-ը Մոսկվայում տեղի ունեցավ գրքի միջազգային 28-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էին աշխարհի 30 երկրներից ռուսական և արտասահմանյան 400 հրատարակչություն:
Ներկայացված էին գեղարվեստական, մանկական, ուսումնական, գիտա-հանրամատչելի, տեղեկատվական-հանրագիտարանային գրականության նմուշներ: Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ ծագումով հայ գրող Քրիս Բոհջալյանի ռուսերեն հրատարակված «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: Հրատարակվելով 2012 թ.-ին` այդ գիրքն ընդգրկվել է համաշխարհային բեսթսելերների ցանկում: Վեպը համարվել է տարվա լավագույն գիրք և տպագրվել է 14 լեզուներով: Տեղի ունեցան նաև այլ հրատարակությունների շնորհանդեսներ, այդ թվում նաև եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների` «Հօղը կխօսի» ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը, որին մասնակցում էին Մոսկվայի գրողների միության նախագահ Վլադիմիր Բոյարինովը և միության քարտուղար Ալբերտ Օհանյանը: Նշվեց հայկական օրը տարբեր հանդիպումներով և միջոցառումներով: Մոսկվայի 28-րդ գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի պատվավոր հյուրերն էին Հայաստանը, Իրանը և Սերբիան: Մշակութային այդ խոշոր միջոցառման բացումն իրականացրեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Առաջին տաղավարը, որի հետ ծանոթացան Ս. Նարիշկինն ու նրան ուղեկցող ՌԴ Պետդումայի պատգամավորները, Հայաստանի ներկայացրած գրքերն էին:
ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` հայկական ցուցադրության հանդեպ հետաքրքրությունը, հատուկ հյուրի կարգավիճակը պայմանավորված էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցով: ՌԴ Պետդուման առաջիններից էր, որ ճանաչել և դատապարտել է հայերի ցեղասպանությունը: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված գրքերի առանձին բաժինը նվիրված էր հայերի ցեղասպանությանը: Այդ թեման այսօր առավել քան արդիական է, քանի որ աշխարհում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները դա են հաստատում: Արցախի ինքնորոշման իրավունքն ամենօրյա կրակոցներով ճնշելու փորձերը ևս դրա ապացույցն են: Հայկական տաղավարում ներկայացված էին նաև պատմական, գեղարվեստական գրքեր, մանկական գրականություն, տարբեր նկարիչների ալբոմներ, ժամանակակից հայ գրողների գրքեր:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանի հետ միասին Ս. Նարիշկինին նվիրեցին հայ նկարիչների մի քանի ալբոմ, նոր գրքեր, ցեղասպանությանը վերաբերող ուսումնասիրություններ, ինչպես նաև հայ լեգենդար հետախույզ Ա. Վարդանյանի մասին գիրքը: Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ մոսկվաբնակ հայերը և այլալեզու ընթերցողները ծանոթացան և ըստ արժանվույն գնահատեցին ներկայացված գրքերը:
Բազմաթիվ հեռուստաալիքներ անդրադարձել են հայկական տաղավարի աշխատանքներին:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ