Գրողի միջազգային օրը ՀԳՄ-ում

xLxTxBKa4mRuoJpM43HO2IHzyb

Գրողի միջազգային օրը ՀԳՄ-ում
Գրողի միջազգային օրվա առիթով մարտի 3-ին ՀԳՄ-ում հյուրընկալվեցին Շենգավիթի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (ՄՊՍԿ) սաները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Գրողի միջազգային օրը գրողների հետ հանդիպումներ կազմակերպելու, նրանց գործերը ընթերցելու առումով, նշեց. «Ամեն օր էլ գրողի օր է, եթե գրողն ինքը ստեղծագործում է, գրում, մտածում, ապրում է գրով և գտնվում է ընթերցողի հետ կապի մեջ»: Նա ընդգծեց, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ընդգրկված են դասա­գրքերում, և խորհուրդ տվեց կարդալ, ճանաչել ժամանակակից գրողներին: Էդ. Միլիտոնյանը, կարևորելով ուսուցչի դերը երեխաներին դեպի լավ գրականություն ուղղորդելու գործում, ասաց. «Ամեն դպրոց պետք է զգա, որ ինքն էլ է պատասխանատու երեխաների ճակատագրի, մեր լեզվի, մշակույթի համար, և հաճախակի կազմակերպի քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ»: Ապա հավելեց, որ Գրողների միության աշխատանքը ուղղված է հայ գրականության հանրահռչակմանը:
Շենգավիթի ՄՊՍԿ-ի աշխատակից Կարինե Փանոսյանը նշեց, որ իրենց դպրոցի սկզբունքն է երեխաներին հնարավորություն տալ ծանոթանալու արվեստի բոլոր ճյուղերի հետ: «Կարևոր չէ, թե որ խմբակից է երեխան՝ նկարչությա՞ն, պարի՞, թե՞ երգի, նա պետք է հնարավորություն ունենա պատկերացնել արվեստն ամբողջությամբ, որովհետև արվեստն ամբողջական է մեկը մյուսի հետ հարաբերության մեջ»,- ասաց նա:
Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ կառույցը՝ իր գրադարանով, տպարանով, «Գրական թերթ», «Նորք», «Նարցիս», «Литературная Армения», «Գրեթերթ» խմբագրություններով, և հյուրերին նվիրեց «Ծիծեռնակ», «Ցոլքեր» ամսագրերի համարներ: