ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀՌԻՓՍԻՄԷ

Իմ տանը մի հին, ճոճանակավոր ժամացույց հարազատի պես նայում է ինձ, բայց սլաքները միշտ հետ են մնում: Ես չեմ հավատում նրա ճշգրտությանը, չեմ վստահում, հրաժարվել էլ չեմ կարող նրանից: Այդ ճոճքը հուշում է, որ ինքը կա՛… կա՛… և իրողություն է: Գրողական իմ հայացքը ակամա ուղղվում է դեպի նրա անժամանակ ժամանակը, խաչվում է ճոճանակին և վախենում է, որ այն հանկարծ կանգ կառնի: Հնարավոր չէ այն նորոգել…
Ահա՛ իմ ժամանակը… Ու ես միշտ հետ եմ նայում… Երբ ժամացույցը ճշգրիտ էր աշխատում, և ես ունեի իմ պատրանքների իրողությունը՝ ուրիշ էր աշխարհը: Մեր շոշափելի ու ոգեղենիկ հացին սպասում էին սիրով ու բծախնդրությամբ, և գիտեին, որ փայլուն կեղևի տակ խմոր կա:
Այսօր անտարբերության մի մթամած ծածկույթ լույսի առջև դարձել է կայուն շերտ: Գրողը բախվում է այդ իրողության կարծրությանը և փախուստ է զգում իր առաքելությունից: Եվ այս ոչ մշակութային համաճարակը դառնում է տիեզերական ախտանիշ. համահարթեցման նպատակային այս ուղղորդումն իր խորքում լճացման տագնապ ունի, որը հեռագնա է ու պարզորոշ… Ապակենման թափանցիկությունը հաստատում է, որ այդ պղտոր ջրերի մեջ մարգարիտ չի լինելու. մակերեսը շատ է անվճիտ… Իրականությունը տիրակալորեն տեղավորվել է էկրանների քառակուսու մեջ, որն իր ճիրաններում պահում է հոգին, զգայականը, թթվածինը, պոեզիան և նոր նվաճումներ է խոստանում: Արժեքներն այսօր կոպեկագին են: Քարանետումների վտանգավոր ժամանակներում պաշտպանված չեն անգամ մեր երևելիները, անհատականությունները, ովքեր համարվում են նորաձևությունից դուրս մնացած: Եկվորները սկսում են իրենց քննախույզ ոսպնյակի տակ առնել նրանց կյանքը, ճիշտը, սխալը: Իսկ նորի հայտնաբերումը հին փնտրտուք է նաև, միևնույն է՝ սլաքն էլի ուղղվում է դեպի Ադամը, Եվան, մինչև նրանց կորցրած ու գտած դրախտը: Այսօր աշխարհն իրական տեսնելու աչքերը պակասում են, երևակայականը մոգականորեն իր հետևից է տանում շարժումը… Ոչ շոշափելին ու անկշիռը մեծացնում են իրենց տիրույթը «վիրտուալ» պիտակով: Միևնույնն է՝ աշխարհը ծեր է և չի նորանում դրանից. մնում է միայն կորուստների չափը, ջանքը, պատրանքը:
Ի դեմս Տիրոջ ստեղծած աշխարհի՝ սիրո, նվիրումի, թախծի ու երազների ծավալումը դառնում է կարծրանյութ և ցավեցնում է բոկոտներին: Անիրականի այս տեսիլային սքեմավորը հաղթեց անգամ Հոգսի ուրվականին, որը մեր թիկունքից աչքով է անում իմ հին ժամացույցի ճոճանակի պես… որ ինքը կա՛… կա՛… կա՛…
Այսօր ուզում են, որ ջրերը ցածից վեր հոսեն և պատվաստվող ծառաճյուղերին նոր պտուղներ աճեն՝ այլանուն տեսակի ու ձևի: Եվ արդյոք դրանք կկարողանա՞ն իրենց մեջ պահել պտղակորիզները, որոնք շարունակելիության երաշխիք են, թե՞ այդպես էլ նրանց ներսի ջուրը չի կարծրանա…
Անքննելի այս ժամանակներում գրողին ի՞նչ է մնում՝ նայել իր շուրջը, զարմանալ համաշխարհային այս քաոսից և հագնել հողաթափերն ու հրաժարվել մե՜ծ, ոգեղենիկ ճամփորդությունից…