ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

images

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր երկրում ամենաձեռնտու բիզնեսը հայրենասիրության առևտուրն է. բոլորն ուզում են փրկել ազգը, երկիրը, սփյուռքահայերը՝ նաև Մասիսը: Բայց ոչ մի հեռուստաալիքով հայոց լեզվին նվիրված անգամ հինգ րոպեանոց հաղորդաշար չկա: Տասը տարուց ավելի է՝ խոսում եմ այդ մասին: Հ1-ը անցյալ նոյեմբերից դեռ քննարկում է իմ մեկ էջանոց ծրագիրը, մյուսներն ավելի անկեղծ են. «Հայոց լեզուն չի մտնում մեր պլանների մեջ»: Բա այդ ի՞նչն է հսկում մեր զինվորը, ի՞նչ լեզվով եք Մասիս երգում կամ իրար վրա «նալոգ» դնում: Ի դեպ, ես ուղղակի կապ եմ տեսնում մեր՝ գրողներիս, և հայոց լեզվի նվաստ վիճակի մեջ, որովհետև այդ մենք ենք կենդանի պահում լեզուն: Այս դեպքում էլ թիրախը մենք չենք, լեզուն է: Այսօր աշխարհում չկա մի հայատառ գրական մամուլ, որը գրողին հոնորար վճարի: Վերջին հաշվով հոնորարը միայն փող չէ: Դա նախ և առաջ հարգանք է այն մարդկանց հանդեպ, ովքեր հղկում ու պահպանում են մեր լեզուն, մեր ինքնությունը: Ի դեպ, ամբողջ աշխարհում պրոֆեսիոնալներին վճարում են, այդ սիրողական գործերն են հրատարակում անվճար: Մինչդեռ մեզ մոտ ոչ միայն գրական մամուլում, այլև պետական աջակցությամբ հրատարակվող գրքերին հոնորար չի տրվում: Չգիտես ինչու, հրատարակիչները համոզված են, որ պետական աջակցությունը գրահրատարակչության զարգացմանն է ուղղված, ոչ թե գրողի կամ գրականության: Ի դեպ, լեզուն խաթարողներից մեկն էլ հրատարակիչներն են. շատ հրատարակչություններ սրբագրիչ անգամ չունեն, ուր մնաց՝ խմբագիր, ավելի ծախսեր չեն ուզում անել. հեղինակը տեքստը ինչպես տվեց, էդպես էլ ծեփում են էջերին: Սիրելի «Գրական թերթ», չնայած ցնդած պառավների նման մի տեղից սկսեցի, բոլորովին այլ տեղից դուրս եկա, բայց քանի որ ասում են՝ պետական աջակցության կարգի մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, խնդրում եմ, հրապարակեք պետական աջակցությամբ հրատարակվող գրքերին վերաբերող՝ ՀՀ մշակույթի նախարարության որևէ փաստաթուղթ, հրաման, որոշում, որից հասկանալի լինի՝ գրող-հրատարակիչ-նախարարություն եռակողմ համագործակցության մեջ ո՞վ է պատասխանատու հոնորար վճարելու կամ չվճարելու, գրողի իրավունքներին և պարտականություններին վերաբերող հարցերում: Թե չէ՝ բոլորը իրար վրա են գցում… ու շարունակում շահագործել գրողին, ստորացնել մեր լեզուն: